Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաց նամակ՝ Ռուսաց թագավորին»

Ապրիլ 09,2010 00:00

Լեզվի պետական տեսչությունը փոխում է աշխատաոճը

Ընթացիկ տարվա վերջին մեկ ամսվա դիտարկումների արդյունքում Լեզվի պետական տեսչությունը Երեւանում հայտնաբերել է ավելի քան 500 գովազդային վահանակի եւ ցուցանակի խախտում: Երեկվա ասուլիսում տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը նկատեց, որ  առավել տիպական են այն դեպքերը, երբ օտարալեզու ապրանքանիշը գործածվում է որպես ցուցանակ.  «Լեզվական վերահսկողության խնդիրները շատ դեպքերում չեն կատարվում, որովհետեւ լուրջ հակասություններ կան լեզվի մասին եւ ապրանքանիշների գովազդի մասին օրենքներում, այնպես է ստացվում, որ մի կողմից մենք պաշտպանում ենք հայերենը՝ որպես պետական լեզու, երկրորդ պարագայում, գովազդի, լեզվի 5-րդ հոդվածի համաձայն, ինչ-ինչ բացառություններ ենք անում»: Նա մասնավորապես դիտարկելով խոշոր տնտեսվարող սուբյեկտների օրինակը, ասաց, թե դատական գործընթացներում սովորաբար լեզվի տեսչությունը պարտվում է հենց օրենսդրական հակասությունների ու բացերի պատճառով. «Մեզ հարկադրում են դիտարկել, օրինակ՝ SAS-ը կամ  Grand candy-ն  որպես ապրանքանիշ, դատական գործընթացում դրանք չեն դիտարկում որպես գովազդային պաստառ, հոլովակ»: Պարոն Երիցյանը խոստացավ բաց նամակ հղել բոլոր տնտեսվարող սուբյեկտներին եւ հորդորել փոփոխություններ կատարել. «Այսպես ասած՝ «բաց նամակ ռուսաց թագավորին» հղելուց հետո դիմելու ենք դատարան, եթե նույնիսկ պարտվենք»: Նախորդ տարի  տեսչությունը դատական կարգով շահել է 13 գործ, պարտվել 7-ում, իսկ 2 գործ էլ դեռեւս վճռաբեկ դատարանում է:
Պրն Երիցյանի խոսքով, վերջին շրջանում նաեւ տաքսի ծառայություններն են սկսել որդեգրել օտարալեզու անվանումներ. «Ես սա կանվանեի ոչ թե լեզվի խաթարում, այլ տուրք օտարամոլությանը»:
Առաջիկայում դաշտը կանոնակարգելու նպատակով, Լեզվի պետական  տեսչությունը կմշակի եւ կներկայացնի լեզվի վերահսկողության օրենսդրական նոր նախագիծ, որը, ըստ պարոն Երիցյանի, հստակեցնելու է ոլորտում առկա օրենսդրական հակասությունները եւ սահմանելու օրենսդրական հիմնական դրույթները. «Օրենսդրական լուծումներից բացի, ես կարծում եմ, որ խնդրի լուծումներից մեկն էլ լեզվի տեսչության կարգավիճակի փոփոխությունն է, ավելի ինքնուրույն մարմին դարձնելն է, որը կվերագտնի լեզվաշինության եւ լեզվի վերահսկողության գործառույթները»:
Պարոն Երիցյանը առաջարկեց նաեւ բարձրացնել լեզվի խաթարման համար սահմանված տուգանքների չափը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել