Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՔՎՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ, ԹԵԵՎ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ

Ապրիլ 17,2010 00:00

Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում անցկացվելու է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որն օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի միակ վարկանիշային մրցաշարն է:

\"\"

Ուղեգրերի հավակնող Հայաստանի հավաքականը պատասխանատու այդ մրցմանը նախապատրաստվում է Թբիլիսիում, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի իր հասակակիցների հետ: Ինչպե՞ս են ընթանում մարզումները, Բաքվում մեր պատվիրակության համար բնակության ու մարզումային ի՞նչ պայմաններ են լինելու: Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանի հետ, որը նույնպես վաղը մեկնում է Թբիլիսի:
– Թբիլիսիում մեր տղաների առօրյայի մասին տեղեկություններ կա՞ն:
– Մշտական հեռախոսակապ եմ պաշտպանում ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի, մյուս մարզիչների հետ: Ասում են՝ ամեն բան ընթանում է ըստ պլանի, տղաներն էլ պատշաճ մարզավիճակում են:
– Հիմա մարզիչներն ինչի՞ վրա են հիմնական ուշադրությունը դարձնում:
– Մինչ Թբիլիսի մեկնելը՝ ֆեդերացիայի, օլիմպիական կոմիտեի եւ նախարարության աջակցությամբ, բավականին արդյունավետ նախապատրաստություն է կազմակերպվել՝ հավաքներ, տարբեր մրցումներ: Այս փուլում մարզիչները հիմնականում հղկում են նրանց տակտիկան եւ տեխնիկան: Սակայն մարզավիճակի մասին լիարժեք պատկերացում կունենամ միայն ապրիլի 18-ին նրանց միանալուց հետո:
– Պատվիրակությունը Բաքու մեկնելու էր տասնմեկ հոգով: Բայց, որքան տեղյակ եմ, թվաքանակի փոփոխությո՞ւն է եղել:
– Այո: Ըստ կանոնակարգի, 5-8 մասնակից ունենալու դեպքում կազմակերպիչ կողմը մեր պատվիրակությանը տրամադրել էր տասնմեկ տեղ, ինչի մասին հեռախոսով ինձ տեղեկացրել էր Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, Եվրոպական կոնֆեդերացիայի փոխնախագահ եւ ԱԻԲԱ-ի հանձնաժողովի անդամ Աղաջան Աբիեւը: Բայց նկատի ունենալով, որ Բաքվում անհավասար պայմաններում ենք գտնվելու, մենք պաշտոնապես դիմել էինք ԱԻԲԱ՝ խնդրելով, որ եւս երկու տեղ ավելացնեն՝ բժշկի եւ ֆեդերացիայի ներկայացուցչի համար: Մեր խնդրանքը բավարարվել է:
– Մարզական առումով տղաների վիճակը, կարծում ենք, բավարար կլինի: Իսկ հոգեբանորեն նրանք պատրա՞ստ են արտակարգ պայմաններում պայքարելու:
– Վրաստան մեկնելուց առաջ ՀԱՕԿ-ի նախագահը եւ նախարարը ընդունեցին ամբողջ թիմին եւ բավականին ոգեւորեցին՝ նշելով, որ ամեն բան նախապատրաստված է, եւ առաջնության ընթացքում ամբողջ Հայաստանը նրանց կողքին է լինելու: Մնում է միայն, որ տղաները պահպանեն մարտական ոգին ու առանց կաշկանդվելու պայքարեն: Ֆեդերացիան ու մարզիչներն էլ մշտապես աշխատել են տղաների հետ՝ հորդորելով, որ Բաքվի ռինգում նրանք «խուլ» ու «կույր» լինեն շրջապատի հանդեպ ու կենտրոնանան միայն մրցակցի վրա: Բայց կողքից ասելը հեշտ է: Չմոռանանք, որ գործ ունենք մարդու հետ, որը պատանեկան տարիքը դեռեւս լրիվ չի անցել:
– Աշխարհի առաջնությանը քանի՞ երկիր ու բռնցքամարտիկ է մասնակցելու:
– Ռեկորդային՝ 109 երկիր եւ 555 մարզիկ: Այնպես որ, չեմպիոն դառնալու համար յուրաքանչյուր բռնցքամարտիկ պետք է առնվազն վեց մենամարտ անցկացնի: Շատ դժվար է լինելու, որովհետեւ՝ ստացվում է, որ ամեն օր պետք է լինելու եւ քաշը պահել, եւ մարզավիճակը:
– Տղաները դրան սովոր չե՞ն:
– Դա նրանց համար սովորական բան է: Սակայն պայմաններն են առաջին անգամ ուրիշ լինելու: Ի տարբերություն մյուս երկրների, Բաքվում մեզ պահելու են մեկուսացված բազայում, մարզումների, կշեռքի, մրցման գալու ենք առանձին, ավելորդ աչքից հեռու: Դուրս գալուց, զբոսնելուց, նյարդերը հանգստացնելու տարրական հնարավորությունից էլ զրկված ենք լինելու: Հավատացեք, որ 24 ժամ մշտական հսկողության տակ գտնվելը ու դրանից չազդվելը հեշտ չէ, այն էլ այդ տարիքի համար:
– Ո՞ր տեղերն են վարկանիշ տալիս եւ ի՞նչ ակնկալիքներ ունենք:
– Յուրաքանչյուր քաշային կարգում՝ 1-3-րդ տեղերը: Ակնկալիքների մասին խոսելն ամենադժվարն է: Շատ բան կախված կլինի վիճակահանությունից, թե երեք առաջին մարտերում ովքե՞ր կլինեն մրցակիցները, մրցավարությունից… Եթե առաջնությունը մեկ այլ երկրում անցկացվեր՝ սպասելիքների մասին կարելի կլիներ խոսել:
– Այ, հենց մրցավարության մասին էլ ուզում էի հարցնել: Անկողմնակալությանը հավատո՞ւմ էք:
– Այդ թեմայով ժամանակին ես Սինգապուրում 30 րոպե տեւողությամբ զրույց եմ ունեցել ԱԻԲԱ-ի նախագահ պարոն Վուի, կազմկոմիտեի ղեկավարության հետ եւ տեղյակ պահել, որ եթե տեսնենք մեր թիմի, բռնցքամարտիկների նկատմամբ մրցավարական կողմնակալություն, ճնշում, տրիբունաներից հայհոյանք լսենք եւ էլի նման բաներ, մենք էլ մեր իրավունքները կիրականացնենք:
Սահմանված կարգով մեր բողոքները կներկայացնենք կազմկոմիտե եւ ԱԻԲԱ: Ի դեպ, պարոն Վուն ինձ ասել է, որ Գագիկ Ծառուկյանի համապատասխան պաշտոնական նամակն ստանալուց հետո ինքը եղել է Ադրբեջանում, զրուցել նրանց կառավարության, կազմկոմիտեի ղեկավարության հետ եւ այս ամենի ապահովման երաշխիքներ ստացել:
– Աստված մի արասցե, բայց հնարավո՞ր է, որ բանը հասնի առաջնությունը բոյկոտելուն, ինչպես կուբացիներն արեցին Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնության եզրափակչում:
– Բոյկոտ հասկացությունը ԱԻԲԱ-ի օրենքները չի ընդունում: Սխալները շտկելու քաղաքակիրթ ձեւեր կան: Խնդիր առաջանալու դեպքում բոլոր հիմնավորումներով պաշտոնական բողոք ես ներկայացնում տեխնիկական պատվիրակին, հարցը քննարկվում է, եւ համապատասխան որոշում կայացվում: Այ, եթե նրանք էլ չցանկանան վերականգնել արդարությունը, այդ ժամանակ կարելի կլինի ամեն քայլի գնալ: Բայց կարծում եմ, որ դրա կարիքը չի լինի, քանի որ, որպես ընդունող երկիր, Ադրբեջանին էլ ձեռնտու չէ սկանդալը կամ արտակարգ իրավիճակը: Հակառակ դեպքում՝ այդ երկիրը կզրկվի հետագայում նման կարգի մրցումներ կազմակերպելու իրավունքից: Ես դա խոստանում եմ նաեւ որպես միջազգային ֆեդերացիայի անդամ:
– Եթե մրցավարները արդար հաղթանակը չտան մեր մարզիկին, դրանից հետո բողոքել-չբողոքելն ի՞նչ նշանակություն ունի:
– Եթե բողոքը սահմանված ժամկետում եւ ԱԻԲԱ-ի պահանջներին համապատասխան է ներկայացվում եւ տվյալ մարտի ժյուրին ընդունում է հիմնավորումը, բոլոր անդամները որոշման տակ ստորագրում են՝ մարտի արդյունքը փոխվում է: Բայց այստեղ կա մի նրբություն: Եթե մեղքը ռինգի մրցավարինն է, մարտի ելքը փոխվում է, իսկ եթե մեղավորը կողային մրցավարն է, նա որակազրկվում է, բայց արդյունքը թողնվում է անփոփոխ:
– Ապրիլի 24-ին Բաքվում եք լինելու, այդ օրն ինչպե՞ս եք անցկացնելու:
– Ես Էջմիածնից մոմեր, խունկ եմ վերցրել եւ օրհնել եմ տվել: Այդ օրն ամբողջ պատվիրակությունով, հավանաբար, կհավաքվենք իմ սենյակում եւ առանց ցուցադրական ինչ-ինչ բաների՝ կհարգենք ցեղասպանության մեր նահատակների հիշատակը:
– Շնորհակալություն զրույցի համար: Ձեզ եւ ամբողջ պատվիրակությանը մաղթում ենք բարի ճանապարհ եւ հաղթական վերադարձ:
– Շնորհակալություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել