Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ 1915Թ.

Ապրիլ 29,2010 00:00

Դիարբեքիր

Պատմական Հայաստանի հարավարեւմտյան ծայրամասում գտնվող Դիարբեքիր քաղաքը հնագույն ու հին աղբյուրներում հիշատակվում է Ամիդ, Ամիդա, Ամիդու, Ամիթ անուններով եւ դրանց բազմաթիվ այլ տարբերակներով։ Սեպագիր արձանագրություններում կոչված է նաեւ Բիտ–Զամանի երկրի անունով, որտեղ գտնվում էր եւ բավական ժամանակ եղել էր վերջինի կենտրոնը։
 Դիարբեքիր անունը համեմատաբար նոր է եւ ունի արաբական ծագում։ Ընդ որում, սկզբում Դիարբեքիր էր կոչվում միայն վարչատարածքային միավորը՝ երկրամասը, գավառը, իսկ հետագայում ժողովուրդն այդ անունը տարածեց նաեւ նրա կենտրոն Ամիդի վրա։ Դիարբեքիրը ծագել է արաբական «դար»-ի («բնակության տեղ», «գավառ» եւ այլն) հոգնակի ձեւի «դիար»-ի եւ «բեկր կամ բակր» արաբական ցեղանվան զուգորդությունից՝ արաբերեն տառադարձությամբ կոչվելով Դիարբակր, որը թուրքերենում դարձել է Դիարբեքիր։
Միջին դարերում Ամիդ-Դիարբեքիրը եղել է մարդաշատ քաղաք, սակայն նրա այդ ժամանակվա բնակչության քանակի վերաբերյալ չկան արժանահավատ վկայություններ։ Հայտնի է միայն, որ բնակչության մեծ մասը կազմում էին հայերը։ Այստեղ ապրում էին նաեւ արաբներ, քրդեր, թուրքական ժողովուրդներ։
Դիարբեքիր քաղաքի բնակչության թվի վերաբերյալ ստույգ տվյալներ չկային նաեւ XIX դարում եւ XX-ի առաջին կեսին։ Թուրքիայի վիճակագրության տվյալները հակասական են եւ հնարավորություն չեն տալիս որոշել նրա բնակչության ճշգրիտ քանակն ու ազգային կազմը։ Այնուամենայնիվ, եղած աղբյուրների հիման վրա կարելի է կռահել, որ Դիարբեքիրը XIX դ. վերջերին եւ XX դարի սկզբներին ունեցել է 45-50 հազար բնակիչ, որից շուրջ 10-15 հազարը՝ հայեր։ Նրանք թուրքական ջարդարարների կողմից առաջին անգամ հարձակման են ենթարկվել 1895-ին։ Համիդյան ցեղասպանները միայն առաջին 3 օրում քաղաքում ոչնչացրել են 3000 մարդ, հրկիզել 2000 տուն եւ հարյուրավոր խանութ ու կրպակ։ Համիդյան ջարդերից մի կերպ փրկված շուրջ 5000 հայերը բնաջնջվեցին երիտթուրքերի ձեռքով՝ 1915թ. Մեծ եղեռնի օրերին։ Եվ այդ ժամանակներից Դիարբեքիրը զրկվել է հայ բնակչության հիմնական զանգվածից։ XX դարի սկզբներին Դիարբեքիրի հայկական գործող եկեղեցիները երկուսն էին՝ հնգախորան Սբ. Սարգիսը, որն ուներ բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, եւ յոթնախորան Սբ. Կիրակոսը։ Կային նաեւ ասորական եւ հունական մի քանի եկեղեցիներ։ Գլխավոր մզկիթը՝ Ուլուջամին, որ շատ շքեղ շենք է, հնում եկեղեցի էր՝ Սբ. Աստվածածին անունով, հիմնված բյուզանդական Հերակլես կայսեր օրոք՝ 629 թվականին։ Քաղաքում տարբեր ժամանակներում մզկիթների էին փոխվել նաեւ Սբ. Կաթողիկե, Սբ. Գեւորգ, Սբ. Երրորդություն, Սբ. Հովհաննես եւ այլ եկեղեցիներ։ 1872-1873 թթ. տեղեկությունների համաձայն, Դիարբեքիրում կար հայկական 6 վարժարան, իսկ XIX դ. վերջին դրանց թիվը արդեն 7-ն էր: Վարժարաններից մի քանիսը բարձր տիպի էին. դրանցում, գրագիտություն տալուց բացի, ավանդվում էին նաեւ ճարտարապետություն, աշխարհագրություն, տրամաբանություն, փիլիսոփայություն, երկրաչափություն, երաժշտություն եւ այլ առարկաներ։
Դիարբեքիր նահանգի բնակչությունը նոր ժամանակներում բազմազգ էր: 1882թ. տվյալներով, նահանգի հայ բնակչությունը հասնում էր 150 հազար մարդու: 1914թ. վերջերին նրա ամբողջ բնակչության թիվը 296 000 էր, որից հայ՝ 105 հազար: 1895թ. ջարդերի ժամանակ սպանվեցին հազարավոր հայեր եւ շատերն էլ արտագաղթեցին: 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ թուրքական կառավարությունը Դիարբեքիրի նահանգից տեղահանեց եւ բնաջնջեց շուրջ 100 հազար հայ: 1975-ին Դիարբեքիրի նահանգում ապրում էր մոտ 4 000 թրքախոս հայ բնակիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել