Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդատոնը՝ Երեւանում

Մայիս 25,2010 00:00

«Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ օրերս Երեւանի կենտրոնում գտնվող Սայաթ-Նովայի հուշաղբյուրի մոտ նշվեց հայ մեծ գուսանին նվիրված Վարդատոնը: Երեւանում այն ավանդական է դարձել 2005 թվականից, սակայն տոնը նշելու նախաձեռնությունը պատկանում է Հովհաննես Թումանյանին եւ Գեւորգ Բաշինջաղյանին (1914 թ.): Հայ մեծ բանաստեղծի եւ նկարչի միջոցով Թբիլիսիի Սբ. Գեւորգ եկեղեցու բակում տեղադրվում է Սայաթ-Նովայի շիրմաքարը եւ որոշվում մայիսի վերջին կիրակի օրը հռչակել Վարդատոն: Թբիլիսիում Վարդատոնն այս տարի կնշվի հունիսի 6-ին: Տոնական միջոցառումը նախ տեղի ունեցավ հուշաղբյուրի մոտ, ապա շարունակվեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմաց, որտեղ «Կարին» ավանդական երգ ու պարի համույթը ներկայացրեց մի քանի պարային համար, իսկ Սայաթ-Նովային նվիրված համերգային ծրագիրը ներկայացրեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Թովմաս Պողոսյան): «Սայաթ-Նովան՝ Աբովյանին, Թումանյանին հավասար մեկն է, հայ աշուղական գրականության թագավորը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Աշուղների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Շավիղ Գրիգորյանը, ով իր կյանքը նվիրել է հայ աշուղական գրականության ուսումնասիրությանը:
Վերջերս էլ աշուղագետը հրատարակել է իր «Սայաթ-Նովա» գիրքը: Ըստ մեր զրուցակցի, Սայաթ-Նովան բարդ, ինքնատիպ անհատականություն է եւ դեռեւս ուսումնասիրման կարիք ունի. «Ընդամենը 1-2 տասնյակ ուսուցիչներ, դասախոսներ հետաքրքիր նյութեր կարող են պատմել շարքային հայ մարդկանց»: Աշուղագետը՝ Վաղարշակ Սահակյանի, Արաքսյա Գյուլզադյանի կատարումներից զատ, այսօր լսում է նաեւ մեր նորօրյա երգիչների կատարումները, սակայն դրանք, նրա խոսքով՝ ավելորդություն են եւ որեւէ արժեք չեն ներկայացնում: «Այժմ ով ասես Սայաթ-Նովա է երգում, մինչդեռ Սայաթ-Նովան յուրօրինակ անհատականություն է ե՛ւ խոսքի, ե՛ւ երգ-երաժշտության իմաստով: Լավ կլինի, որ նրան ներկայացնեն իր իսկ մշակումներով եւ ոճով: Ցավոք, հիմա արժեքները փոխվել են, չեն գնահատում եւ հավուր պատշաճի չեն ներկայացնում Սայաթ-Նովային»,- մտահոգվում է Շ. Գրիգորյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանն էլ կարծում է՝ բոլորն իրավունք ունեն Սայաթ-Նովա կատարել, բայց դա անելուց առաջ պետք է լրջորեն մտածեն նաեւ պատասխանատվության մասին: Ըստ մեր զրուցակցի, այսօր դաշտը լեցուն է նաեւ Սայաթ-Նովան աղավաղողներով. «Սայաթ-Նովա կարելի է կատարել միայն նրան ուսումնասիրելուց հետո, ոչ թե՝ մտքով անցավ կամ պատահական մի մարդուց լսեց, որոշեց երգել»: Թ. Պողոսյանը գտնում է, որ նմանօրինակ կատարումների դեմ պայքարի լավագույն ձեւը պրոֆեսիոնալը ներկայացնելն է, ինչը, սակայն, չի արվում հեռուստաեթերում:
Տեր Թովմա քահանան (երգերի հեղինակ՝ Վահան Անդրեասյան) էլ հիշեց «Տկզար» նվագախմբի հիմնադիր Կառլեն Միրզոյանի՝ մի առիթով ասված խոսքերը. «Կոմիտասը մաքրեց մեր լեզուն արաբական, թուրքական ելեւէջներից, բայց մի 100 տարի հետո մեզ մի Կոմիտաս է պետք, որ նորից մաքրի»: Վ. Անդրեասյանը գտնում է. «Իհարկե, մեր արվեստի, մշակույթի մեջ թափանցել են շատ արեւմտյան հոսանքներ, բայց կան հայորդաց տներ, հրաշալի երիտասարդներ ունենք, այսպիսի միջոցառումներ են լինում: Վստահ եմ, նրանք պահելու են մեր իրական մշակույթը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել