Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՏԵՂՆ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մայիս 27,2010 00:00

\"\"Ըստ մասնագետի, խորհրդային կրթությունից եկած ակադեմիականության պատճառով՝ հայաստանցի դպրոցականները կաղում են բնագիտական առարկաներից:

«Կալցիումը լավ է ոսկորների համար: Թվարկվածներից ո՞րն է կալցիումի լավ աղբյուր՝ բրինձ, մակարոն, միրգ, վարունգ»: «Մոտավորապես քանի՞ գիրք կա Ձեր տանը». TIMSS-2011-ի մասնակից դպրոցականները օրերս կայացած ստուգատեսին այսպիսի հարցերի էին պատասխանում: TIMSS-ը կրթության որակի ուսումնասիրման միջազգային հետազոտություններից է, որն իրականացվում է 1950-ականներից: Մի շարք եվրոպական, ասիական եւ այլ երկրների դպրոցների հետ այս տարի ՀՀ 40 կրթօջախներ մասնակցեցին ստուգատեսին՝ բնագիտական առարկաներից եւ մաթեմատիկայից:
2011-ի ստուգատեսի մասին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԹԿ փոխտնօրեն, TIMSS միջազգային հետազոտության ազգային կոորդինատոր Արսեն Բաղդասարյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ստուգատեսին մասնակից հայաստանյան 40 դպրոցներն ընտրվել են Կանադայում՝ ՀՀ-ի շուրջ 1500 դպրոցների մասին ուղարկված ինֆորմացիան վերլուծելուց հետո: Մասնակից դպրոցների 4-րդ եւ 8-րդ դասարանցիները լրացրել են 2 տեսակի հարցաթերթիկ՝ գիտելիքները ստուգող, առօրյային վերաբերող: Վերջին տիպի հարցաթերթիկ լրացրել են նաեւ բնագիտական առարկաների եւ մաթեմատիկայի ուսուցիչներն ու տվյալ դպրոցների տնօրենները: 2003-ին ՀՀ-ն մասնակցել է TIMSS-ի հիմնական ստուգատեսին: Համեմատելով այն ժամանակ գրանցված արդյունքները՝ Ա. Բաղդասարյանը նշեց. «2003-ին մեր առաջադիմության ցուցանիշները 40 տոկոսից քիչ էին: Բայց կային օբյեկտիվ պատճառներ, քանի որ մենք առաջին անգամ էինք թեստավորման այդ մեթոդը կիրառում: Ուստի երեխաները խնդրի լուծումն իմանալով հանդերձ՝ լրացման կարգի մեջ թերանում էին: Խնդիրներն էլ կյանքին են մոտեցված, իսկ մեր երեխաները սովոր են լուծել հավասարումը, ապացուցել նույնությունը եւ այլն, այսինքն՝ սովոր են ակադեմիական ոճի, կյանքից փոքր-ինչ հեռացված խնդիրների: 2007-ին ՀՀ-ն TIMSS-ի պատմության մեջ աննախադեպ ցատկ ցույց տվեց: Դա մի կողմից ուրախալի է, մյուս կողմից ցույց է տալիս, որ մեր կրթահամակարգում զարգացման պրոցեսը սահուն չի ընթանում»:
«Առավոտի» այն դիտարկմանը՝ մոտավորապես նույն սկզբունքով խնդիրներ առաջադրող «Կենգուրու» մրցույթի հետ չե՞ն խանգարում միմյանց: Պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, քանի որ դրանք տարբեր ուղղությամբ են աշխատում. «Կենգուրուն» ամեն երեխայի առաջադիմությունն է գնահատում, TIMSS-ը՝ ընդհանուր մակարդակը: Մեր նպատակն է համակարգի միջին վիճակը պատկերացնել, պարզել միջազգային սանդղակում մեր տեղը: Օրինակ՝ նախորդ տարիների ստուգատեսների արդյունքները հուշում են, որ մեզանում մաթեմատիկայի վիճակը համեմատաբար բարվոք է, ավելի կաղում ենք բնագիտական առարկաներից: Իմ կարծիքով՝ պատճառը խորհրդային կրթությունից եկած ակադեմիականությունն է: Կապիտալիստական երկրներում ուղղակի սովորելու համար ոչինչ չեն սովորում, այլ սովորում են գիտելիքը կիրառելու համար»:
TIMSS-ին մասնակցելու համար ՀՀ-ն տարեկան ամեն դասարանի համար վճարում է տասնյակ հազարավոր դոլարներ: Ա. Բաղդասարյանին հարցրինք՝ նպատակահարմար չէ՞ր լինի ներքին ռեսուրսների հաշվին անել այդ հետազոտությունը: ԳԹԿ փոխտնօրենը նկատեց. «Դա կլիներ ազգային հետազոտություն: Աշնանը ԳԹԿ-ն պլանավորում է այդպիսին անցկացնել հայոց պատմությունից, հայ գրականությունից»: Ֆինանսական միջոցների սղության պատճառով ՀՀ-ն չկարողացավ մասնակցել ընթերցանության, լեզուների դասավանդման մակարդակը ստուգող PIRLS ստուգատեսի փորձնական փուլին: Իսկ մյուս տարի TIMSS-ի հիմնական ստուգատեսին կմասնակցի ՀՀ 150 դպրոց, որից հետո մեր երկիրը մուտք կգործի վարկանիշային աղյուսակ:
Հ. Գ. Արսեն Բաղդասարյանն այս տարի Քեմբրիջի համալսարանի կողմից պարգեւատրվել է կրթության ոլորտում ներդրում կատարած առաջատար մասնագետներին տրվող անվանական հուշամեդալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել