Լրահոս
Օրվա լրահոսը

«Օտար լեզուն ճյուղ՝ մայրենիի ցողունի վրա»

Մայիս 27,2010 00:00

\"\"ԿԳ նախարար Ա. Աշոտյանը՝ սեփական նախաձեռնության մասին

«Օտարալեզու դպրոցների մասին օրինագիծը, որը հիմա բուռն քննարկում են, ընդամենը նպատակ ունի թույլ տալ կառավարությանը համապատասխան կարգ սահմանել նմանատիպ դպրոցների գործունեության համար»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պարզաբանելով օտարալեզու դպրոցների շուրջ առաջացած մտահոգությունները:
Պարոն Աշոտյանի խոսքով, նախագծի լրամշակված տարբերակը բարեփոխվել է: Նախարարի մեկնաբանմամբ. «Օրենքով ֆիքսել ենք. հայագիտական առարկաները դասավանդվելու են հայերեն եւ դասավանդվելու են նույն ծավալով, ինչպես սովորական հանրակրթական դպրոցներում, այդ դպրոցների շրջանավարտները հանձնելու են հայոց լեզվից նույն միասնական քննությունը՝ նույն պահանջներով»: Ըստ նախարարի՝ օրենքով սահմանվել է նաեւ, որ օտարալեզու կրթություն կարելի է իրականացնել միայն միջին եւ ավագ դպրոցներում. «Տարրական դպրոցը՝ 1-4-րդ դասարանները, զերծ է մնալու օտարալեզու հանրակրթություն իրականացնելու հնարավորությունից, մենք կիսում ենք մասնագետների մոտեցումները, թե լեզվամտածողության եւ աշխարհընկալման հետ կապված խնդիրներ կառաջանան, հետեւաբար օտարալեզու հանրակրթությունը կթույլատրվի 5-րդ դասարանից սկսած, օտար լեզուն պետք է ճյուղ լինի մայրենիի ցողունի վրա»:
Ըստ ԿԳ նախարարի՝ օտարալեզու դպրոցները չեն նպաստի ո՛չ ռուսական դպրոցների վերածննդի դարաշրջանին, ո՛չ էլ «անգլիականացմանը». «Նախատեսված է սահմանափակում, այն է՝ միեւնույն լեզվից կարող են լինել ոչ ավել, քան 5 դպրոց, իմ կանխատեսմամբ, թվով 15 օտարալեզու դպրոցներից, ըստ ամենայնի, ամենախոշոր խաղացողները կլինեն անգլերենը, ռուսերենը, չեմ բացառում, որ այդ 15-ի մեջ կբաշխվեն նաեւ ֆրանսալեզու եւ գերմանալեզու դպրոցներ»: Նախարարն ընդգծեց, որ այդ դպրոցները պետական չեն լինելու՝ թեեւ այդ մասին օրենքում նշված չէ. «Օրենքով սահմանված է, որ նման դպրոցների գործունեությունը թույլատրվելու է, անգամ լրամշակված տարբերակում չենք գրում, որ դրանք մասնավոր են լինելու, ամեն ինչ օրենքում չենք կարող նշել»: Մտավախությանը, թե օտարալեզու դպրոցները կկենտրոնանան Երեւանում, նախարարը պատասխանեց. «Մեր առաջարկով 15 դպրոցից առավելագույնը 8-ը կարող է գործել Երեւանում, իսկ մնացած մասը մարզերում տեղակայված կլինի, եթե ինչ-որ կազմակերպություն նման դպրոց բացելու ցանկություն ունենա»:
Նախարարը դեռ տարեսկզբին էր հայտարարել, որ բուհերում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով հակակոռուպցիոն հանձնաժողովներ են ստեղծվելու եւ լրջորեն պայքարելու են կոռուպցիայի դեմ: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, եթե հաշվի առնենք վերջերս Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ում գրանցված կաշառակերության թարմ դեպքը: «Ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարը, բուհական համակարգում կոռուպցիան բազմաթիվ շարժառիթներ ունի, տարբեր կոմպոնենտներից է բաղկացած, եթե ամեն կիսամյակ, ամեն քննական շրջանին բոլոր բուհերում մի-մի նման դեպք բացահայտենք, ապա մեր համատեղ պայքարը ավելի արդյունավետ կլինի: Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն գործողություններ ստեղծելու ծրագրին, 2-3 միջազգային դոնոր կազմակերպություններին առաջարկ է արվել, որոնք կարող են ֆինանսավորել եւ փորձագետներ հրավիրել: Վերջնական պատասխան դեռ չենք ստացել»,- հայտնեց բանախոսը:
Մեր դիտարկմանը, թե հատուկ դպրոցները դուրս են մնացել ԿԳՆ վերահսկողությունից, ԿԳՆ հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանն ասաց, որ նախարարի հանձնարարականով այս տարի արդեն 5 անգամ այցելել են նման դպրոցներ, իրենց աչքով տեսել ու արձանագրել. «Ջուրը չի գալիս, լույսը ափսոսում են օգտագործել, մի խոսքով՝ բազմաթիվ թերություններ: Մինչեւ ուսումնական տարվա ավարտը տեսչական աշխատանքներ ենք իրականացնելու, եւ խնդիրները նոր ուսումնական տարեսկզբին լուծված կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել