Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՍՊՈՐՏՈՒՄ

Հունիս 01,2010 00:00

Թերեւս յուրաքանչյուր ծնող՝ երեխայի ծնվելուն պես երազում է, որ նա ճանաչված, պիտանի մարդ լինի՝ արվեստ, գիտություն սովորի կամ չեմպիոն դառնա:

\"\"

Վերջին տարիներին հայրենական սպորտի ձեռքբերումները հայ ծնողներին ավելի շատ կողմնորոշում են դեպի սպորտը: Ոմանց համար դա երեխային բակից կամ, ինչպես հայերն են ասում՝ փողոցից կտրելու լավագույն միջոցն է, իսկ մի մասն էլ սպորտը համարում է իր երեխայի ապագան՝ մասնագիտական առումով:
Եթե արտասահմանցի ծնողների շրջանում ամենատարածված մարզաձեւը բասկետբոլն է եւ լողը, ապա հայ ծնողների ընտրության աշխարհագրությունն ավելի ընդգրկուն է:
Օրինակ, ծանրամարտը սկսել է մեծ մասսայականություն եւ պահանջարկ վայելել փոքրիկ տղաների, ինչու չէ, նաեւ՝ աղջիկների շրջանում:
Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի բաժանմունքի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Երվանդ Կիրակոսյանը: Ըստ նրա՝ ծանրամարտը երեխայի, մասնավորապես՝ տղա երեխայի համար շատ օգտակար է. «Ծանրամարտը երեխայի վրա դրական է անդրադառնում, քանի որ դաստիարակում է բարոյահոգեբանական պատրաստվածություն: Բացի այդ, երեխաները ստանում են ընդհանուր ֆիզիկական դաստիարակություն, դառնում ամրակազմ, իսկ հետագայում, արդեն ըստ տվյալների, ծանրամարտը նրանց համար դառնում է մասնագիտություն»:
Ինչպես պարզեցինք, քոլեջում երեխաները ծանրամարտով զբաղվել սկսում են 8-9 տարեկանից: «Հայ փոքրիկները վերջին շրջանում ոչ միայն ծանրամարտով, այլեւ ընդհանրապես սպորտով զբաղվելու մեծ ցանկություն եւ ձգտում ունեն: Վերջերս ծանրամարտը մեծ հաջողություններ արձանագրեց՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ, ինչը մեծ ոգեւորություն է առաջացրել փոքրիկ մարզիկների շրջանում: Հիմա նրանք է՛լ ավելի լավ են աշխատում ու մարզվում եւ ցանկանում են անպայման չեմպիոն դառնալ»,- ասաց մարզիչը:
Հետաքրքրվեցինք՝ փոքրիկ մարզիկներն ունե՞ն, արդյոք, իդեալներ, որոնց ձգտում են նմանվել: Ե. Կիրակոսյանի փոխանցմամբ. «Ունեն: Եվ ուրախալին այն է, որ հայ առաջատարներին են ձգտում հավասարվել: Դրական է չեմպիոններին նմանվելու ձգտումը, քանի որ, հավատացեք, դա խթան է առաջ գնալու համար: Բացի դրանից, ամեն մեկը նախ ինքը մեծ մարզիկ դառնալու, հետո նոր ուրիշներին նմանվելու ցանկություն ունի»:
Հարցին՝ ծանրամարտը երեխաների համար խա՞ղ է, թե՞ լուրջ զբաղմունք, մարզիչը պատասխանեց. «Բնական է, որ սկզբնական շրջանում, երբ երեխան դեռ չի հաճախել պարապմունքներին, նրա համար դա խաղ է: Բայց երբ արդեն ընտրություն է կատարում, եւ դա իր ցանկությունն է եւ ոչ ծնողներինը, նրա համար չի կարող խաղ լինել: Հայ մանուկների մեջ կա մեծ պոտենցիալ, ցանկություն ու սեր սպորտի հանդեպ, ու ամեն երեխա իր հոգու խորքում ցանկանում է դառնալ լավ մարզիկ»:
Զրուցեցինք նաեւ պատանի ծանրորդների հետ: 14 տարեկան Գոռ Ավագյանի համար ծանրամարտը սիրելի մարզաձեւ է. «Արդեն 2 տարի պարապում եմ եւ սիրելով եմ գալիս՝ ոչ ոք ինձ չի պարտադրում: Ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնալ, մեր հայ ծանրամարտիկների պես մեծ բարձունքների հասնել»: Իսկ մարզումներդ խա՞ղ են, թե՞ արդեն մասնագիտություն՝ հարցին պատասխանեց. «Սա իմ ապագան է»:
13-ամյա Էրիկ Սերոբյանը նույնպես շուրջ երկու տարի իրեն նվիրել է ծանրամարտին: Նրա խոսքով, ծանրամարտը լուրջ մարդու գործ է. «Այն տղամարդուն տալիս է լրջություն, կազմակերպվածություն: Ես իմ դասարանցիներին փորձում եմ ապացուցել, որ ծանրամարտը լավ մարզաձեւ է, որ ամեն մի տղա պետք է զբաղվի դրանով ու վտանգավոր չէ»:
Էրիկը աղջիկների՝ ծանրամարտով զբաղվելու հարցում արդեն սեփական պատկերացումն ունի. «Հաճելի է, բայց չէի ցանկանա, որ իմ սիրած աղջիկը զբաղվեր դրանով»:
Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ձյուդոյի բաժանմունքի ավագ մարզիչ Անտոն Բաբայանը գտնում է, որ սպորտով զբաղվելը անհրաժեշտություն է երեխայի համար. «Ինձ մոտ փոքր տարիքի շատ երեխաներ են պարապում, ոմանք՝ ծնողների խորհրդով, ոմանք՝ իրենց ցանկությամբ: Բայց որ մեծ հոսք կա, դա հաստատ է: Մեծ սիրով են գալիս եւ մեծամասնությունը հասկանում է, որ զբաղվում է լուրջ սպորտով: Ոմանք որպես խաղի են մոտենում, մյուսները լուրջ զբաղվում են: Ամեն բան մարզիչներից է գալիս: Սկսնակների հետ սկզբնական շրջանում խաղում ենք, հետո, ժամանակի ընթացքում, լրջացնում ամեն ինչ»:
Մարզչի համոզմամբ, սպորտով զբաղվելու համար երբեք ոչ շուտ է, ոչ էլ ուշ: Դա առաջին հերթին առողջություն է, առօրյա կյանքի ու կենցաղի փոփոխություն, մտածելակերպի ձեւավորում, ֆիզիկական պատրաստություն:
Հարցին, թե իր սաները երբեւէ ծեծե՞լ են բակի տղաներին կամ ընկերներին, մարզիչն ասաց. «Եղել է դեպք, որ տղաներից մեկը դասարանցուն հնարքով գցել է, ծնողները եկել պատմել են, ես էլ զայրացել եմ ու բացատրել, որ պարապում ենք ոչ թե բակի տղաներին ծեծելու համար, այլ սպորտով զբաղվելու»:
Ձյուդոյի պարապմունքներն ընդհատեցինք մեր փոքրիկ հարցախույզով՝ պարզելու, թե ինչպե՞ս են երեխաները վերաբերվում ընդհանրապես սպորտին:
6-ամյա Պարույրը պատմեց, որ ուզում է լավ պարապել եւ ձյուդոյի դասատու դառնալ՝ պարոն Բաբայանի պես, որպեսզի բոլոր թույլ երեխաները ուժեղանան: 6-ամյա Էրիկը իրեն լավ է զգում ձյուդոյի համազգեստով: 7-ամյա ապագա նավաստի Արմենը մի անգամ ձյուդոյի շարժումներով ծեծել է մեկին: Ասում է՝ «Մեկն իմ փորին խփեց, ես էլ իրան պրիյոմ արեցի՝ ընկավ եւ գլուխը ցավաց»: 7-ամյա Դավիթի համազգեստը կապույտ էր եւ տարբերվում էր մյուսներից: Երբ հարցրինք, թե ինչո՞ւ է իր կիմոնոն կապույտ, պատասխանեց. «որովհետեւ նոր եմ սկսել ձյուդոյով զբաղվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել