Լրահոս
Օրվա լրահոսը

Ծուղակ՝ դիմորդների համար

Հունիս 12,2010 00:00

Քննական սթրեսները մեկնաբանում են հոգեբանները

\"\"

«Տպավորություն է, որ հայոց լեզվի եւ գրականության քննական թեստեր կազմողները, որպես մասնագետ, ինքնահաստատմամբ են զբաղվել»,- հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննական թեստերը երեկվա ասուլիսում այսպես մեկնաբանեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նա իր կոլեգա,  հոգեբան Ռուբեն Պողոսյանի հետ միասին խոսեց քննական սթրեսների եւ դրանց հաղթահարման ուղիների մասին:
Նկարագրելով քննությունից առաջ առկա սթրեսը, Կ. Նալչաջյանն ասաց. «Դա բնական է՝ տարօրինակ կլիներ, եթե քննական շրջանում մարդու մոտ սթրես չլիներ: Բայց բնական լինելուն էլ սահման կա. քննություն հանձնելն ու բուհ ընդունվելը այսօր հայ ընտանիքներում դառնում է գերխնդիր ոչ միայն դիմորդի, այլեւ նրա մտերիմների եւ հարազատների համար: Այնքան են կրքերը բորբոքվում, որ մի տեսակ գերպատասխանատվություն է ընկնում դիմորդի վրա: Երեխան այս պարագայում արդեն պատասխանատու է ոչ միայն իր, իր ապագայի, նպատակների առջեւ, այլեւ բոլորի համար՝ ծնող, հարազատ, հարեւան, ուսուցիչ, կրկնուսույց: Այս գերպատասխանատվություն կրելը հաճախ դառնում է ողբերգական: …Երեխայի մոտ առաջանում է գերմոտիվացիա, ինչի արդյունքում նրա գործունեությունը կազմալուծվում է: Կյանքը շարունակելու, նպատակները իրականացնելու ցանկությունը կանգ է առնում»:
Անդրադառնալով հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննական թեստերին, Կ. Նալչաջյանը նշեց. «Քննական թեստերի հեղինակներն ասես մտածելիս լինեն, թե դիմորդներն իրենց թշնամիներն են: Այդ թեստերի կազմումն ուղղված է նաեւ գործընկերներին, թե տեսեք՝ ինչքան շատ բան գիտենք մենք»:
Ըստ Նալչաջյանի՝ հոգեբանորեն գրագետ պետք է կազմել թեստերը. «Իսկ այս տարվա թեստ կազմողներն ինչո՞վ են զբաղվել՝ ծուղակներ են ստեղծել՝ մտածելով, թե դիմորդն իրենց հակառակորդն է։ Ի սկզբանե, թեստի նպատակը խեղաթյուրվել է»: Հոգեբան Ռուբեն Պողոսյանը նույնպես մտահոգություններ ունի քննական թեստերի առնչությամբ: Նա նշեց, որ դեռեւս նախորդ տարի է բարձրացրել դրանց խրթին լինելու հարցը, սակայն «սայլը տեղից չի շարժվել»։ Նրա կարծիքով, թեստերի մշակման ոչ մի սկզբունք չի պահպանվել. «Դրանք գիտական հիմքերով կառուցված չեն, կազմմանը չեն մասնակցել ոչ մանկավարժներ, ոչ հոգեբաններ։ Անգամ մանկագիրներ պետք է մասնակցեին թեստերի մշակմանը: Այնտեղ դրվել են այնպիսի հարցեր, որոնք ծրագրով բացարձակապես նախատեսված չեն»:
Պարոն Պողոսյանը նաեւ նշեց, որ քննական թեստերը կազմելուց հետո դրանք պետք է ենթարկվեին փորձաքննության՝ հղկվելու նպատակով, ինչը չի արվել. «Սա ահազանգ է, քանի որ թեստերի պատճառով մենք ունենք ինքնասպանության դեպք»:
Բանախոսների բնութագրմամբ, ստեղծված իրավիճակում բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել