Լրահոս
Օրվա լրահոսը

«Մակբեթը» միանշանակ չընդունվեց

Հունիս 15,2010 00:00

Վահան Բադալյանի հերթական ձեռնարկը տարակարծությունների տեղիք է տվել

\"\"
Բեմադրիչ Վ. Բադալյանը:

Օրերս Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ «Լեգենդ Մակբեթի մասին» բեմադրության «փակ» դիտումը: Բեմադրության հիմքում Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգությունն է, որի ամբողջական տեքստն օգտագործելով՝ երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալյանը ստեղծել է սեփական տարբերակը: Նա նաեւ երաժշտության եւ նկարչական ձեւավորումների հեղինակն է: «Փակ» դիտումից հետո բադալյանական ներկայացման շուրջ խոսակցություններն արդեն իսկ շատ են, ոմանք մերժում են այն, ոմանք էլ՝ համարում բարձրաճաշակ, չմոռանալով շեշտել նաեւ այն, որ դերակատարների ընտրության հարցում բեմադրիչը, մեղմ ասած, անփույթ է եղել: Օրինակ, չընկալվեցին որոշ դերակատարումներ, այդ թվում՝ Վիվիեն Բաստաջյանի Լեդի Մակբեթը, Ռոբերտ Հակոբյանի Մակդուֆը եւ այլն: Կատակերգական շնորհի տեր դերասան Արա Դեղտրիկյանը խաղաց Մակբեթի ողբերգական կերպարը եւ փորձեց վերարտադրել փառատենչության պատճառով կործանվող հերոսի հոգեբանությունը: Բեմադրության ընթացքում հնչում էր «անմաքուր» խոսք, ինչպես սերիալում: Ներկաները ջանք էին թափում հասկանալու տեքստերը, որոնք արտաբերում էին դերասաններ Ռոբերտ Հակոբյանը, Գնել Ուլիխանյանը (Մալկոլմ), Արմեն Մարգարյանը (Բանքո): Ընտրված էր ճաշակով, բարձրակարգ երաժշտություն, սակայն այն ժամանակ առ ժամանակ խլացնում էր դերասանական տեքստը: Առանձնահատուկ նշենք Մերի Սարգսյանի ստեղծած զգեստները, որոնք ոչ մասնագիտական բառով կարելի է բնութագրել հաջողված: Բեմադրության վերջնական գնահատականը թողնելով մասնագետներին, ասենք, որ վիճելի եւ բացարձակ ընդունելիի սահմաններում այն առաջին հերթին պիտի գնահատվի որպես երիտասարդ բեմադրիչի հերթական հաջողություն:
«Առավոտի» հետ բեմադրության մասին իր կարծիքը կիսեց թատերագետ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանը: Ըստ մասնագետի, այս բեմադրությունը այն եզակի ներկայացումներից է, որտեղ բեմադրիչը կարողացել է կարգավորել բեմական տարածությունը: Նրա խոսքերով. «Բեմում անկենդան տեղ չկար: Գործ ունենք երեւակայություն եւ բեմադրական որոշակի հմտություն ունեցող երիտասարդ ստեղծագործողի հետ»: Սակայն թատերագետը նշեց, որ թերությունը ողբերգական շեշտերի, կերպարների փոխհարաբերությունների, հոգեբանական հիմնավորման բացակայությունն է՝ գեղեցիկ կեղեւ, որի տակ քիչ բան կա, ուղիղ ասած՝ բացակայում է այս գործի մեծագույն հմայքը՝ դիվականությունը: Ա. Խզմալյանի խոսքերով՝ ակնդիրը դարձանք ոչ թե «Լեգենդ Մակբեթի մասին», այլ «Գեղեցիկ հեքիաթ Մակբեթի մասին» ողբերգության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել