Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՑԻ ՀԱՅՆ ՈՒ «ՀԱՎԱՏԱՄՔԸ»

Հուլիս 03,2010 00:00

Ներկայացնում է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանը:

Օրերս Երեւանում էր Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Մերուժանյանը: Ժամանել էր մասնակցելու Աշտարակի Ագարակ գյուղի մատուռի զանգակատան խաչի տեղադրման արարողությանը, որի նախաձեռնությունը մեկ այլ սանկտպետերբուրգցի հայի էր՝ Հրաչյա Պողոսյանինը:
Ա. Մերուժանյանը տեղեկացրեց, որ «Հավատամք» երկլեզու թերթը ստեղծվել է 1993թ., Ամենայն հայոց Վազգեն հայրապետի օրհնությամբ: Դա ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին հայկական թերթն է ողջ ԱՊՀ-ում: Հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է եղել՝ հանձին Եզրաս աբեղա Ներսիսյանի, ով այժմ գլխավորում է ամբողջ ռուսահայոց թեմը: Մեր զրուցակիցը նշեց, որ թերթում առաջին տեղում հոգեւոր նյութերն են, այն ունի նաեւ երիտասարդական էջ, որտեղ նյութեր է զետեղում «Նոր սերունդ» երիտասարդաց միությունը:
Թերթին կից մատենաշար կա, 50-ից ավելի գիրք է տպագրվել՝ հոգեւոր գրականություն, միջնադարյան պատմիչներ, «Սասունցի Դավիթ» էպոսը եւ այլն: Քանի որ այս տարի նշվում է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակը, խնդրեցինք պատմել հոբելյանական միջոցառումների եւ համայնքի դերի մասին: Ա. Մերուժանյանը հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը միշտ էլ կարեւոր դերակատարություն է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում. ժամանակին հայկական ծագմամբ ազդեցիկ իշխանները մուտք են ունեցել ռուսական արքունիք եւ ինչ-ինչ հարցեր լուծել: Երբ խնդրեցինք բնորոշել այսօրվա սանկտպետերբուրգցի հային, Ա. Մերուժանյանն այսպես ասաց. «Իմ թերթի բնաբանն է՝ «Հայրենիք, եկեղեցի, արժանապատվություն»: Այս երեք կետը միացրեք եւ կստանաք պետերբուրգցի հայի կերպարը»:
Ինչ վերաբերում է 300-ամյակի միջոցառումներին, դրանք կլինեն ամբողջ տարին, չնայած մի մասը կայացավ հունիսին, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել էր Պետերբուրգ: Նրա հետ էր նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով պարգեւատրեց տեղացի մտավորականներին, կոնկրետ Ա. Մերուժանյանին՝ «Վիլյամ Սարոյան» մեդալով, նկարիչ Զախար Խաչատրյանին՝ «Արշիլ Գորկիով»:
«Առավոտի» հետ զրույցում Մերուժանյանը նշեց, որ Սանկտ Պետերբուրգն այսօր էլ անվանի հայորդիներ ունի, ափսոս, շատերը հեռու են համայնական կյանքից: Անկախ ամեն ինչից, ազգային փոքրամասնություններից ամենաակտիվը հայերն են: Վերջերս, երբ քաղաքային իշխանությունները հատուկ պահպանական գոտի են հայտարարել քաղաքի մատույցներում գտնվող այն տարածքը, որտեղից Հայրենական պատերազմի ժամանակ գնդակոծվել է Սանկտ Պետերբուրգը, հայերն առաջինն են խաչքար տեղադրել: Բացմանն էլ ավելի շատ ռուսներ են մասնակցել, քան հայեր: Շուտով եկեղեցապատկան շենքերից մեկում կբացվի հայ-ռուսական մշակութային կենտրոն՝ պատկերասրահով, թանգարանով: Առաջին նվերը Վահրամ Փափազյանի ընտանիքից է եղել՝ նրա հարուստ գրադարանը, որտեղ անգամ Չարենցի, Սառա Բեռնարի մակագրություններով հրաշալի գրքեր կան: Սբ. Կատարինե եկեղեցում էլ է համայնքային գրադարան գործում, որը սպասարկում է նաեւ ոչ հայերին: Տեղի համալսարանի հայագիտության ամբիոնի հայկական մշակույթ ու լեզու ուսումնասիրող ուսանողները մշտական այցելուներն են: Ի դեպ, հուլիսի 12-ին նաեւ Սբ. Կատարինե եկեղեցու 330-ամյակն է լրանում եւ վերաօծման 10-ամյակը:
Հետաքրքրվեցինք՝ ռուսական միջավայրում դժվար չէ՞ ազգային ավանդույթներին հավատարիմ մնալը: Ա. Մերուժանյանի խոսքով, բարեբախտաբար, երիտասարդներից շատերն իրենք են ծնողներին պարտադրում՝ չհեռանալ արմատներից: Ըստ նրա, այս ամենի մեջ իր ներդրումն ունեն տեղի հայ հոգեւորականները, որոնք սերտորեն համագործակցում են երիտասարդների հետ: Այս ամենի հետ մեկտեղ, կան նաեւ այնպիսիները, որոնց համար հայ լինելը բեռ է:
Դառնալով համայնքի հոբելյանական միջոցառումներին, Ա. Մերուժանյանն ասաց, որ վերջերս հրաշալի նվեր է արել նաեւ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը, Մարիինյան թատրոնում նա հայ երաժշտության երեկո է կազմակերպել իր ֆինանսական հնարավորություններով, նախ սրահն է անվճար տրամադրել, երաժիշտների հոնորարը, անգամ կազմակերպել անվանի հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հրավերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել