Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգաբարձուների մեծ մասը կիսագրագետ է»

Օգոստոս 13,2010 00:00

Սորբոնի համալսարանի հայազգի պրոֆեսորը՝ ֆրանսահայ համայնքի խնդիրների մասին

«Սփյուռքին մեջ շատ խնդիրներ կան: Ամենամեծ վտանգն այն է, որ այսօր Եվրոպայում ամենօրյա հայկական վարժարաններ գրեթե գոյություն չունեն: Նախկինում կար Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, որը 23 երկրներե աշակերտ կընդուներ, Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, անիկա էլ փակվեց: Այսօր ամբողջ Եվրոպայի համար 7 հայկական վարժարան է մնացել, որը քիչ է»,- «Առավոտի» հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց Սորբոնի համալսարանի դոկտոր Հիլդա Գալֆայան-Փանոսյանը: Նա 1993 թվականին Փարիզում հիմնել է «Մաշտոց» հայ լեզվի պահպանության կենտրոնը, իսկ 2002 թվականից համագործակցում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» կենտրոնի հետ: Տիկին Հիլդան այս անգամ Հայաստանում էր սփյուռքահայ ուսուցիչներին վերապատրաստելու համար: Ֆրանսաբնակ մեր հայրենակիցը նշում է, որ Ֆրանսիայում հայերն իրենց երեխաներին նախընտրում են ֆրանսիական վարժարան տանել, մի պարզ պատճառով՝ այդ դպրոցներն են մոտ. «Ֆրանսիայում հայ ժողովուրդը շատ ցրված է եւ սարսափելի դժվար է երեխաներին հավաքել ու դպրոց բերել: Երեխաները դպրոց կհասնին մեկ կամ մեկուկես ժամ ճամփորդելեն հետո: Փարիզի դպրոցասեր տիկնանց վարժարանը, որը պետական պայմանագրով է գործում, քաղաքի արվարձանում է: Բայց ատիկա էլ պետության հետ պայմանագիր կնքած ըլնելու պատճառով շաբաթը միայն չորսուկես ժամ կարող է դասավանդել հայերեն, բոլոր մնացյալ առարկաները ֆրանսերեն են: Հիմա մենք խիստ դժվարության մատնված ենք: Եթե կարողանայինք մեր դրամով կառուցել դպրոց, չենք կնքեր պայմանագիր պետության հետ, այն ժամանակ ազատ կլինենք, բոլոր նյութերը կարող ենք դասավանդել հայերեն»: Ըստ նրա, դա էլ է անհնար, որովհետեւ բոլոր հիմնադրամները սկսել են օգնել միայն Հայաստանին եւ Սփյուռքում որեւէ գործունեություն ծավալելու համար գումար չունեն:
Մեր զրուցակիցն ասաց, որ ամենօրյա վարժարանների բացը լրացնելու համար այժմ գործում են մեկօրյա վարժարաններ, որտեղ հայ երեխաները շաբաթական ընդամենը մեկ անգամ հանդիպելով՝ գոնե հայերեն են սովորում: Բայց այստեղ էլ, ըստ տիկին Հիլդայի, մեկ այլ խնդիր կա. «Օտարախոս երեխաների համար մեթոդական ձեռնարկ չկա: Միակը, որ գոյություն ունի, իմ՝ 1993 թվականին կազմածն է: Քանի որ ղեկավարները հետաքրքրված չեն, ձեռնարկն էլ տարածված չէ: Հոգաբարձուների մեծ մասը կիսագրագետ են, եկել են օգնելու, բայց տեղյակ չեն, թե աշխարհում ի՞նչ նոր մեթոդներ են ստեղծվել: Հիմա բոլոր մեկօրյաներն էլ շատ խեղճ վիճակի մատնված են, չեն գիտեր ինչ ընել»: Մեր զրուցակիցը նշում է, որ Սփյուռքին հուզող մեկ այլ հրատապ խնդիր է ուղղագրության հարցը. «Հայաստանի կրթության նախարարությունը մեզի համար արեւմտահայերենի գրքեր կպատրաստե, բայց մեր երեխաները միայն դասագրքի պետք չունին, մենք օժանդակ նյութերու, մանկապատանեկան գրականության պետք ունինք, հրաշալի հրատարակություններ կան, որոնցմե չենք կարող օգտվիլ ուղղագրության պատճառով»:
Սորբոնի համալսարանի մեր հայրենակից դոկտորը զարմացած էր նաեւ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու փաստով: Ասաց, որ այդ մասին նաեւ հոդվածներ է տպագրել. «Ամբողջ Սփյուռքը ցնցվեցավ այդ լուրեն, որ Հայաստանին մեջ ալ 4 ժամ հայերեն եւ հայկական նյութեր պետք է դասավանդվին եւ մյուս բոլոր առարկաները, որոնք չափազանց մեծ դեր ունին երեխայի լեզվամտածողության կազմավորման մեջ, պիտի օտար լեզվով ըլլա, որ լեզվով էլ այն լինի, վտանգավոր է, ռուսերենին ժողովուրդը նախկինից բավականին փորձառություն ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել