Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուրջ չեմ վերաբերվում»

Նոյեմբեր 10,2010 00:00

Գրականագետ Դավիթ Գասպարյանը լուրջ չի վերաբերվում ոչ թուրքական մամուլին, ոչ էլ Չարենցին սխալ մեկնաբանած Ջեյմս Ռասելին:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով թուրքական մամուլում օրերս արծարծված խնդրին, թե Կարսում գտնվող Չարենցի տունը վերածվել է թմրամոլների հավաքատեղիի, հայտարարեց, որ ինքը թուրքական լրատվամիջոցների հրապարակումներին լուրջ չի վերաբերվում: Գրականագետի փոխանցմամբ, Կարսում կա 2 տուն, երկուսն էլ պայմանականորեն են բանաստեղծինը համարում: Չարենցագետի համոզմամբ, այն տունը, որի մասին գրում է թուրքական մամուլը, հնարավոր է ամենեւին էլ Չարենցի ընտանիքին չի պատկանել. «Լուրջն այն կլինի, որ վերջնական հայտնաբերվի, թե որն է Չարենցի տունը եւ ինչ պետք է արվի: Նկարագրություն կա՝ քարերն անտաշ են եւ այլն, բայց բոլոր տներն էլ անտաշ են, իրար նման, հասցեներն էլ փոխվել են»: Նա հայտնեց, որ դեռեւս 2005 թ. մարտի 13-ին, երբ գրողներից, արվեստագետներից կազմված իրենց խումբը մեկնել էր Կարս՝ նշելու Չարենցի ծննդյան 108-ամյակը, Կարսի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելության ժամանակ քաղաքապետի տեղակալը Չարենցի տուն-թանգարանը նորոգելու պատրաստակամություն էր հայտնել, քանի որ դա նաեւ զբոսաշրջության զարգացման խթան է: «Այս խոսակցությունն է եղել, որից հետո որեւէ տեղաշարժ չի եղել… Ի դեպ, երկու տանն էլ եղել ենք, պսակ ենք դրել»,- ասաց չարենցագետը: Նա գտնում է, որ խնդրով պետք է զբաղվեն 2 երկրների արտաքին գործերի նախարարությունները, բայց այս ուղղությամբ հայկական կողմից քայլեր չեն արվում. «Շլիմանը գնաց անհայտության մեջ Տրոյայի տեղը գտավ, իսկ մենք Կարսում` մի քանի քայլի վրա ոչինչ չենք անում»:
Դ. Գասպարյանն անդրադարձավ նաեւ բանաստեղծի անտիպ գործերին: «1998 թվականի սեպտեմբերին Ջեյմս Ռասել անունով ամերիկացի, հրեա, միասեռական, գրականագետ հորջորջյալը եղել է Երեւանում, մտերմացել Գեւորգ Էմինի որդու՝ Արտաշես Էմինի հետ, որն էլ վստահել է նրան Չարենցի անտիպ գործերը»,- ասաց գրականագետը ու հավելեց, որ 2008թ. սեպտեմբերի 10-ին այդ ժառանգությունը վաճառվել է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին: Չարենցագետը այս տարվա սեպտեմբերին ծանոթացել է Չարենցի՝ 262 էջից բաղկացած անտիպներին: Դրանց թվում է եղել բնագրային ինքնուրույն արժեք ունեցող 11 պոեմ, այդ թվում՝ Կոմիտասին նվիրված «Ռեքվիեմ հայրենականը», որը տարբերվում է հրապարակվածից, Չարենցի տարեկից վրացի գրող Նիկոլո Միտիշվիլուն ձոնված պոեմը, իսկ «Ֆրոյդիստական առակը» կամ «Պոեմ անառակ հանճարների մասին» գործում Չարենցը ծաղրում է Վահրամ Ալազանին եւ նրա տիկնոջը, բայց, ինչպես նշեց գրականագետը, ծաղրը ոչ թե անձնապես Ալազանին է ուղղված, այլ գրական բարքերին: 4 պոեմ Չարենցը նվիրել է Արուս Ոսկանյանին, առաջինը նրա գովքն է, մյուսներն ունեն էրոտիկ բնույթ, սեւագրություններ են եւ պահանջում են խորքային բացատրություններ: Անտիպների մեջ կան նաեւ բանաստեղծական շարքեր, օրինակ՝ Աղասի Խանջյանին նվիրված «Շրթունքներ» սոնետը, որից պահպանվել է 5-6 տարբերակ: Ինչ վերաբերում է Ջեյմս Ռասելին, գրականագետը եւս մեկ անգամ հայտարարեց. «Չարենցի ձեռագրերը, ինքնագրերը նա (Ջեյմս Ռասելը –Լ.Խ.) ահավոր սխալներով է վերծանել, տվել է սխալ մեկնաբանություններ, Չարենցին մեղադրելով միասեռականության, բազմասեռականության մեջ: Ամբողջ 262 էջից նա հրապարակել է միայն այնպիսի բանաստեղծություններ եւ հատվածներ, որոնք սրտամոտ են եղել իրեն»: Չարենցագետին զայրացրին լրագրողների հարցերը՝ օրինակ, ի վերջո, Չարենցի նկարագրած Արմիկը կի՞ն է, թե՞ տղամարդ: Ի պատասխան՝ Դ. Գասպարյանն ասաց. «Ա՛յ սիրելիս, Արմիկը կին է, կնոջ էր սիրում, կնոջ գրկում ու գուրգուրում: Չարենցի այս շրջանի ստեղծագործությունների մեջ հիմնավոր էր անսովորի զգացումը, ամենօրյա քաղաքական հալածանքներ, ծանր մղձավանջային վիճակ՝ մեկուսացված ամեն ինչից: Անսովորի զգացողությունը ուղեկցում էր նրան նաեւ ինտիմ բանաստեղծությունների մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել