Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Նոյեմբեր 11,2010 00:00

2008-ին ՀՀ նախագահական ընտրությունները միջազգային հանրությունը որակեց որպես միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համապատասխանող, իսկ 2010-ի ադրբեջանական ընտրությունները՝ որպես «ընդհանուր առմամբ երկրի ժողովրդավարական զարգացման մեջ
նշանակալի առաջընթաց արձանագրելու համար ոչ բավարար»:

Հայաստանյան ու ադրբեջանական ընտրությունները շատ ու ակնհայտ ընդհանրություններ ունեն: Երկու երկրներում էլ չեն անցկացվել այնպիսի ընտրություններ, որոնք, անկախ միջազգային հանրության խուսափողական կամ լղոզված գնահատականներից, ազատ, արդար եւ միջազգային չափանիշներին համապատասխանած լինեն: Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն այս անգամ էլ շատ նման էին հայաստանյան ընտրություններին, բայց մեկ առավելություն ունեին՝ Բաքվում մարտի կամ նոյեմբերի մեկ չեղավ: Իհարկե, դա էլ իր պատճառներն ուներ. Ադրբեջանում նորմալ ընդդիմություն չկա, հասարակությունն էլ ըմբոստներից չէ, թեեւ հենց այդ իմաստով է, որ Հայաստանը շահեկանորեն տարբեր է Ադրբեջանից:
Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ադրբեջանական ընտրությունները խիստ քննադատության ենթարկվեցին եվրոպացի դիտորդների, ԱՄՆ պետդեպի եւ Եվրամիության կողմից: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԽ դիտորդական առաքելությունները իրենց նախնական եւ խիստ հակիրճ զեկույցում արձանագրեցին, որ ընտրական գործընթացի ժամանակ ԶԼՄ-ների, հավաքների  ազատությունը սահմանափակված է եղել, որ թեկնածուների գրանցման ընթացքը կատարյալ չի եղել, ու արդյունքում ընդդիմության թեկնածուները չեն գրանցվել, ինչը քաղաքական երկխոսությունն անհնարին է դարձրել: Զեկույցում շեշտվել էր, թե քվեարկության օրը ընտրական տեղամասերի 10 տոկոսում լուրջ խնդիրներ են գրանցվել, քվեների հաշվարկը ընտրատեղամասերի 1/3-ում գնահատվել է որպես վատ կամ շատ վատ, որ արձանագրվել են լցոնման դեպքեր, բազմակի քվեարկություններ, որ ընդդիմության դիտորդները հետապնդումների են ենթարկվել ու այլն:
Ի վերջո՝ եզրակացությունն այս է եղել՝ «թեեւ ընտրություններն անցել են խաղաղ մթնոլորտում, սակայն դա ընդհանուր առմամբ բավարար չէր երկրի ժողովրդավարական զարգացման մեջ նշանակալի առաջընթաց արձանագրելու համար»: ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի հեռուն է գնացել ու հայտարարել է, թե ադրբեջանական ընտրությունները միջազգային չափանիշներին չեն համապատասխանել: Հիշեցնենք, որ 2008թ. ՀՀ նախագահի խայտառակ ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ պետդեպն այս ձեւակերպումն այդպես էլ չէր օգտագործել, իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրությունները գնահատել էր որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող:
Արդյոք միջազգային հանրության գնահատականները ադրբեջանական եւ հայաստանյան ընտրություններին համարժե՞ք էին իրականում մեր երկրներում  տեղի ունեցածին, եւ ինչո՞ւ այս անգամ ԱՄՆ պետդեպը որոշեց խիստ գնահատական տալ ադրբեջանական ընտրություններին: Այս հարցն «Առավոտը» ուղղեց ընդդիմադիր Լիբերալ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին: Նրա գնահատմամբ, հայաստանյան եւ ադրբեջանական ընտրությունների միջեւ համեմատության ընդհանուր եզրեր, իհարկե, կան. «Առաջինն այդ իմաստով այն է, որ երկու երկրներում էլ ընտրություններն անցնում են  ոչ արդար, ոչ թափանցիկ, անհավասար պայմաններում, իշխող խավն է, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում անամոթաբար կեղծում է  ընտրությունները՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր եղանակները: Ինչ վերաբերում է այդ ընտրություններին միջազգային հանրության գնահատականներին, ապա Ադրբեջանի վերաբերյալ դրանք իրարամերժ էին եւ անհասկանալի, ու դա պայմանավորված է նաեւ երկրի ունեցած կշռից, միջազգային վարկանիշից, տնտեսական հզորությունից»: Հովհ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, «ԱՄՆ պետդեպի խիստ գնահատականը կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով. կամ պայմանավորվածություններ են եղել ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի իշխող կլանի միջեւ, որը վերջինս չի կատարել, կամ այդ ընտրություններն առաջիկայում օգտագործվելու են Ադրբեջանի նկատմամբ բավականին լուրջ ճնշման համար»: Ընդդիմադիր գործչի ասելով, Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու առիթներն արդեն կան՝ «Մարտի 1», քաղբանտարկյալներ եւ այլն:
«Իսկ ընդհանրապես ընտրություններին պետք է գնահատական տա տվյալ երկրի հասարակությունը. դա ամենամեծ եւ ամենաճիշտ գնահատականն է: Թե ինչ կասի միջազգային հանրությունը՝ արդեն քաղաքական կոնյունկտուրայի շրջանակներում է, մանավանդ վերջին 10 տարիների ընթացքում եւ մանավանդ այն երկրների նկատմամբ, որոնք ներքաշված են հակամարտությունների մեջ»:
Ասել է թե՝ ամենայն հավանականությամբ միջազգային հանրությունը ադրբեջանական ընտրություններն ու Հայաստանում քաղբանտարկյալների ու ընդհանրապես ժողովրդավարության ցածր մակարդակի փաստը կարող է օգտագործել մասնավորապես ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Որ դա այդպես է՝ փաստեց նաեւ Հովհ. Հովհաննիսյանը: Նրա մատուցմամբ, դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում այդ լծակն անպայմանորեն կօգտագործվի՝ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու համար: «Ամեն ինչ՝ Նազարբաեւի հայտարարությունը, ԱՊՀ գործադիր քարտուղար Լեբեդեւի հայտարարությունը, խոսում է այն մասին, որ Աստանայում ԼՂ վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ պետք է ծնվի, ու դա շատ նման կլինի Ցյուրիխյան հայ-թուրքական փաստաթղթին, որտեղ ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Եվրոպան, ե՛ւ Ռուսաստանը կփորձեն գործի դնել իրենց խաղաքարտերն ու ճնշել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Այնպես որ, այս ընտրություններն՝ Ադրբեջանում, Հայաստանում  ստեղծված վիճակը նրանք անպայման կօգտագործեն»:
Հատկանշական է, որ քննադատության ենթարկված ադրբեջանական ընտրությունների վերաբերյալ հիացական գնահատական են հնչեցրել ՎՈՒԱՄ-ի եւ ԱՊՀ երկրների  դիտորդական առաքելությունները՝ հայտարարելով, որ դրանք համապատասխանել են միջազգային չափանիշներին: Ավելին,  ԱՊՀ առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է, թե «արժե, որ արեւմտյան որոշ պետություններ ընտրությունների անցկացումը սովորեն Ադրբեջանից»: «Հիշեք Հայաստանում  2008-ի,  2007-ի ընտրություններին հաջորդած ԱՊՀ դիտորդների հայտարարությունները: Նրանց համար, երեւի, Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններն իդեալական են: Նրանք չարաբաստիկ կայունությունը, երկրների ռազմավարական համագործակցությունն ավելի վեր են դասում, քան ընտրությունների որակն ու դրանց արդար կամ ազատ լինելը, մարդու իրավունքները, այդ դիտորդական առաքելությունների համար ժողովրդավարությունն այնքան է, որքան նրանք ընկալում են: Առաջին անգամը չէ, որ ԱՊՀ դիտորդները նման գնահատականներ են տալիս եւ՝ ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ: Դա նրանց կրիտերիան է: Ինձ համար իսկապես շատ ծիծաղելի էր ԱՊՀ դիտորդների գնահատականը ադրբեջանական ընտրություններին: Նրանք  մի անգամ են միայն մի քիչ օբյեկտիվ գնահատական տվել, այն էլ՝ ղրղըզական ընտրություններին»,- հիշեցրեց Հովհ. Հովհաննիսյանը:
Իսկ թե ինչո՞ւ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում ժողովուրդը ոտքի չկանգնեց ու չըմբոստացավ՝  ԼԿ նախագահը բացատրություն ունի. «Որովհետեւ կան գործոններ, որոնք հասարակությանը զերծ են պահում դրանից: Ադրբեջանում տնտեսական համակարգը բավականին դինամիկ զարգանում է, սոցիալական վիճակն այնքան խայտառակ չէ, որքան Հայաստանում: Եվ ամենակարեւորը՝ Ադրբեջանում չկա կոնսոլիդացված ընդդիմություն, որը կա Հայաստանում: Ադրբեջանի ընդդիմությունը մասնատված է եւ լուրջ քաղաքական կշիռ չունի, ինչը կա Հայաստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել