Լրահոս
Օրվա լրահոսը

Թաքցնում են գործատուի անօրինականությունները

Նոյեմբեր 11,2010 00:00

Աշխատանքի պետական տեսչությունը կառույց է, որի նպատակն է պաշտպանել աշխատողների իրավունքները, կանխել գործատուի կողմից թույլ տրվող Աշխատանքային օրենսգրքի խախտումները: Այսպես են կարծում թերեւս այն քաղաքացիները, որոնք ծանոթ են Աշխատանքի պետական տեսչությանը վերապահված լիազորություններին, բայց դեռեւս օգնություն ստանալու նպատակով անմիջականորեն չեն առնչվել տեսչության գործունեությանը:
Որպես իրավապաշտպան կազմակերպություն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը Աշխատանքի պետական տեսչության առջեւ պարբերաբար բարձրաձայնում է կազմակերպության աջակցությանը դիմած քաղաքացիների իրավունքների խախտման փաստը՝ ակնկալելով վերջինիս աջակցությունը իրավախախտումների արձանագրման հարցում:
Աշխատանքի պետական տեսչության անգործության հետ անմիջականորեն առնչվելն այս անգամ վիճակված էր «Մոր եւ մանկան առողջության պահպանման» ԳՀԿ ՓԲԸ նախկին աշխատող՝ բժիշկ-գինեկոլոգ Կարինե Մինասյանին:
Կազմակերպության կողմից այս տարվա ապրիլի 8-ին տեսչությանը հասցեագրված գրությամբ ներկայացվել է «Մոր եւ մանկան առողջության պահպանման» ԳՀԿ ՓԲԸ տնօրենի կողմից թույլ տրված Աշխատանքային օրենսգրքի մի շարք նորմերի խախտման փաստը: 
Մեզ մոտ առկա փաստաթղթերը, որոնք վկայում էին մի շարք այլ խախտումների մասին (մասնավորապես՝ աշխատանքի տեւողությունը հստակ սահմանված չլինելու, նվազագույն ամսական աշխատավարձից ցածր աշխատավարձ սահմանված լինելու, հավելավճարները հստակ սահմանված չլինելու, աշխատողի նկատմամբ կիրառված թվով երեք կարգապահական տույժերն անհիմն լինելու եւ այլն), այնուամենայնիվ, հերքվեցին տեսչության կողմից: Կազմակերպությանը հունիսի 7-ին հասցեագրված թիվ Ե-410 գրությամբ տեսչությունն անհասկանալի ձգտումով փորձ է արել անդրադառնալ մեր կողմից բարձրաձայնված իրավախախտումներից յուրաքանչյուրին եւ հերքել խախտման յուրաքանչյուր փաստ: Նշենք, որ գործատուի անօրինականությունների դեմ պայքարել ցանկացող համարձակ աշխատողը տեսչության այցելությունից անմիջապես հետո արդեն ազատվեց աշխատանքից:
Աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ գործատուի 18.02.2010թ. թիվ 10, 26.02.10 թ. թիվ 14 եւ 18.03.2010 թ. թիվ 18 հրամանները, ինչպես նաեւ դրանց հիման վրա տրված աշխատանքից ազատման 09.04.2010թ. թիվ 26 հրամաններն անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված հայցն այժմ քննվում է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ամենահետաքրքիրն այս գործում թերեւս այն է, որ հակառակ գործատուին արդարացնելու տեսչության ջանքերին, գործի դատական քննության ժամանակ Կ. Մինասյանի շահերը ներկայացնող փաստաբանի կողմից ձեռք է բերվել տեսչության կողմից կազմված ակտ, որը վերաբերել է գործատուի կողմից թույլ տրված Աշխատանքային օրենսգրքի խախտումների փաստին: Ակտը ստորագրված է եղել «Մոր եւ մանկան առողջության պահպանման» ԳՀԿ ՓԲԸ տնօրենի կողմից:
 Նշված պայմաններում հարց է առաջանում. հօգուտ ո՞ւմ է գործում Աշխատանքի պետական տեսչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել