Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ… 90-ԱԿԱՆՆԵՐ

Նոյեմբեր 11,2010 00:00

Գազի գնի թանկացումը բերել է վառելափայտի պահանջարկի մեծացման՝ վտանգելով առանց այն էլ խիստ նոսրացած անտառների կյանքը:

\"\"Վերջերս հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հեռուստատեսությամբ հայտարարեց, թե՝ եկամուտների ավելացմամբ պայմանավորված, մեր երկրում բարձրացել է նաեւ բնակչության կենսամակարդակը:
Պաշտոնյան չմանրամասնեց, թե ում նկատի ունի բնակչություն ասելով, բայց որ պետական, պաշտոնական տվյալներով Հայաստանի շատ գյուղեր դատարկվում են, որ Հայաստանից մեկնողների քանակը շատ ավելի մեծ է, քան ժամանողների՝ հայտնի է: Պատկերը առավել տխուր է մարզերում, մայրաքաղաքից դուրս, որտեղ մարդիկ ոչ միայն աշխատանքի խնդիր չեն կարողանում լուծել, այլեւ՝ նորմալ ապրելու: Պետությունից վերջնականապես հույսները կտրած, շատերը վաճառում են իրենց տունն ու հեռանում հայրենիքից:
Երբ ՀՀ նախագահը 2008թ. Ազգային ժողովի ամբիոնից ուղերձով դիմելով հասարակությանը՝ հորդորեց արմատավորել այն ընկալումը, թե հենց պետությունն է ՀՀ քաղաքացու համար արժանապատիվ ու պաշտպանված կյանք ապահովողը, քանզի հայրենիքից առավել ոչ մի երկիր այդպես չի պաշտպանելու իր իրավունքները, գուցեեւ օտար ափերում տնավորվելու վճռականությամբ ոտքի ելածները մի պահ ցած դրին ճամպրուկները: Հավատացին երկրի ղեկավարին: Հավատացին, որ ինչ-որ դրական քայլ, այնուամենայնիվ, կարվի: Մութ ու ցուրտ տարիներն անտրտունջ հաղթահարած շարքային քաղաքացու կյանքում, սակայն, դրական ոչինչ էլ տեղի չունեցավ: Եթե 18 տարի առաջ գիտեր՝ հանուն ինչի է զրկանքներ կրում, հիմա չգիտի:
Վառելափայտը «Կամազից» դատարկող էջմիածինցի 71-ամյա Գերասիմ պապը նեղված էր. տղայի հինգ հոգանոց ընտանիքը մի քանի օրից կմեկնի երկրից: «Սիրտս վկայում է՝ էլ չեմ տեսնի»,- ասաց ու հուզվեց, իսկ տղայի եւ երկիրը լքող այլ ընտանիքների ծայրահեղ քայլի համար մեղադրեց հայրենի կառավարությանը: «Հասկանում եմ տղայիս: Վիրավորված է, չգնահատված: Էս երկիրն իրեն ու հարսիս անաշխատանք թողեց: Իրենց ստացած բարձրագույն կրթությունը, պարզվեց, անկախ Հայաստանին պետք չեկավ: Էրեխեքս էլ ստիպված մտան առեւտրի մեջ, որ կարողանան գոյություն քարշ տալ: Հիմա էլ գնում են: Գնալ-չգնալու հարցում սկզբում տատանվում էին. ինչ-որ լավ սպասելիքներ կային, բայց հիմա դրանք էլ մեռան: Էս կառավարությունն էլ հետաքրքիր է՝ էդքան տնտեսագետ ու ֆինանսիստ է պատրաստում ու արտասահմաններում վերապատրաստում, որ երկրի տնտեսությունն առաջ տանելու փոխարեն ետ-ետ տանե՞ն: Լենինի ասած՝ մի քայլ առաջ, երկու քայլ ետ ենք անում: Բա մարդ էլ գազ ունենա ու տունը տաքացնելու համար փայտ առնի՞: Բա ո՞նց կըլնի՝ մի քանի տարի մեզ մարդ զգացինք. «կռուժկալողի» փոխարեն դուշ էինք ընդունում, տունը գազով տաքացնում…»,- ասաց Գերասիմ պապը:
Տունը գազով տաքացնելն այլեւս թանկ հաճույք համարելով, ոչ միայն Գերասիմ պապը, այլեւ շատերն են վերադարձել վառելափայտին:
Էջմիածնում փայտից բեռնաթափվող մեքենաների կարելի է հանդիպել ինչպես մասնավոր, այնպես էլ՝ բազմաբնակարան շենքերի բակերում: Սա ինքնին վկայությունն է ոչ թե կենսամակարդակի բարձրացման, ինչպես հայտարարել էր պետական պաշտոնյան, այլ՝ ճիշտ հակառակը: «Ի՞նչ կենսամակարդակի բարձրացում, ի՞նչ տնտեսական երկնիշ աճ: Յուրաքանչյուրս մեր մաշկի վրա ոչ թե տնտեսական, այլ ճգնաժամի աճ ենք զգում: Թող իրենց սուտ թվերով գլուխ չարդուկեն: Ո՞վ չի հասկանում, որ էդ թվերը միջազգային կազմակերպություններին ներկայացնելու համար են նկարվում: Պետք է, չէ՞, վստահությունը չկորցնել, որ ֆինանսական նոր հոսքեր ապահովեն: Ջհանդամը, թե հետո էդ պարտքը մեր թոռների վրա է մնալու, կարեւորը՝ հիմա իրենց համար ճիշտ ժամանակին տեղ հասնի: Դուք դեռ չե՞ք հասկացել, որ մենք՝ շարքային քաղաքացիներս, էս պետության համար վաղուց արդեն գոյություն չունենք»,- իր կարծիքն արտահայտեց վառելափայտով բեռնված մեքենայի բարձրագույն կրթությամբ վարորդը:
Էջմիածինցի Համլետ Թովմասյանի 9 հոգանոց ընտանիքն էլ այս եւ հետագա ձմեռները յոլա կգնա փայտի վառարանով: Նախորդ տարի տունը գազով տաքացնելու համար ամսական 35-40 հազար դրամ են վճարել: «Հիմա գազի խմ-ը 132 դրամ է դարձել: Մեր ընտանիքի ամսական եկամուտն էլ 160 հազարից չի անցնում. միայն ես ու տղաս ենք աշխատում: Եթե շարունակենք գազով տաքանալ, ուրեմն՝ կրկնակի պիտի վճարենք: Բա մնացած կոպեկներով կարա՞նք ապրել»,- ասաց Համլետը: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարդգես Կիրակոսյանի հաշվակներով՝ եթե գազի վառարանի ծախսը ժամում կազմում է 1,5-2 խմ, ապա տվյալ ժամանակահատվածի համար քաղաքացին, արդեն թանկացած գնով, պետք է վճարի առնվազն 264 դրամ: Ասել է թե՝ օրական 10 ժամ տաքանալը մեկ ընտանիքի բյուջեն կթեթեւացնի ավելի քան 2500, իսկ ամսական՝ շուրջ 75 000 դրամով: «Մինչդեռ 110-120 հազար դրամով կարող է 5-6 խմ վառելափայտ գնել ողջ ձմռան համար»,- ասաց տնտեսագետը: Ըստ նրա՝ գազի եւ մնացած ապրանքների թանկացումն արդարացված կլիներ, եթե Հայաստանում նվազագույն աշխատավարձը գոնե 100 հազար դրամ լիներ: «Նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելու հայտարարություն են անում, բայց առաջին անհրաժեշտության ապրանքների գինն արդեն այդքանով բարձրացրել են: Նոր տարվա դեմ էլ, դեռ չգիտենք՝ ինչ անակնկալներ կլինեն: Ես հակված չեմ մտածելու, որ պետությունն անզոր է զսպելու կամայական գնաճը: Իմ կարծիքով՝ չհիմնավորված թանկացումները պետության հետ հանցավոր համաձայնության արդյունք են»,- նկատեց մեր զրուցակիցներից մեկը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է: Ըստ նրա՝ եթե ծախսը գերազանցում է եկամուտը, կենսամակարդակի բարձրացման մասին խոսք լինել չի կարող. «Մենք հետ ենք գնում 90-ական թվականներ»:
Գազի թանկացումը թույլատրած եւ թանկացմանը համաչափ եւ համարժեք սոցիալական ծրագրեր չիրականացնող իշխանությունները մեկ անգամ չէ, որ ուրախությամբ արձանագրել են՝ Հայաստանում գազամատակարարման համակարգին միացած է ավելի շատ մարդ, քան խորհրդային Հայաստանում էր: Նրանք «մոռանում» են, որ վառելափայտի պահանջարկի աճի դեպքում լուրջ հարվածի տակ կհայտնվեն Հայաստանի անտառները: Ու կստացվի, 2011 թվականի պետական բյուջեում անտառպահպանական ծառայությունների համար նախատեսված 708 միլիոնը, իսկ ավելի խոշոր հաշվով՝ շրջակա միջավայրի պաշտպանության համար առանձնացված 12 միլիարդը կարող է պարզապես փոշիանալ, որովհետեւ մարդիկ իրենց երեխային տաք պահելու մասին են մտածելու, ոչ թե անտառների պահպանության համար ծախսված տեղական եւ միջազգային միլիոնների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել