Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՈՊԵՆՆ ԻՄ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆ Է»

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Ասում է այս օրերին Հայաստանում գտնվող լեհ դաշնակահար Սլավոմիր Վիլկը

Նշանավոր լեհ դաշնակահար եւ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 200-ամյակը նշում է ողջ աշխարհը:  Ստեղծվել է www.chopin2010.pl կայքէջը, որը  ներառում է Շոպենի տարվա  մասին իրազեկող մանրամասն տեղեկատվություն: Տոնակատարությունների էպիկենտրոնը Վարշավան էր, որտեղ անցկացվեց Շոպենի անվան դաշնակահարների 16-րդ մրցույթը:
Հայաստանում Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ «Շոպենի տարի» խորագրով  Երեւանում նոյեմբերի 1-ին մեկնարկեց կոմպոզիտորի անունը կրող դաշնակահարների հանրապետական մրցույթը: Վերջինիս դափնեկիրների եւ մրցանակաբաշխության արարողությունը կայացավ Հայաստանի ազգային պատկերասրահում: 12 երիտասարդ արվեստագետներից առաջին մրցանակը շահեց Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ (դասատու՝ պրոֆեսոր Վ. Հարությունյան) Ժորա Սարգսյանը: Երկրորդ մրցանակակիր դարձավ Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ուսանող Սոնա Բարսեղյանը (պրոֆեսոր՝ Ս. Սարաջյան), երրորդ մրցանակը կիսեցին կոնսերվատորիայի ուսանողներ Մարիաննա Ուզանկիչյանը (պրոֆեսոր Կ. Օհանյանի դասարան) եւ Սյուզաննա Մարությանը (պրոֆեսոր Ս. Սարաջյանի դասարան): Մրցույթի որոշ մասնակիցներ ստացան նաեւ դիպլոմներ ու հատուկ մրցանակներ:
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանում Շոպենի տարվա վերջին ակորդն է՝ գալա համերգի տեսքով: Կհնչի կոմպոզիտորի դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) եւ լեհ երիտասարդ դաշնակահար Սլավոմիր Վիլկի մեկնաբանությամբ:
Նախօրեին «Առավոտը» հանդիպեց դաշնակահարի հետ:  Ի տարբերություն  Հայաստան ժամանած որոշ անվանի երաժիշտների, երիտասարդ արվեստագետը  հասկանալի պատճառով ծանոթ էր ոչ միայն Արամ Խաչատրյանի, այլեւ Կոմիտասի  արվեստին: Իր կոլեգաներից նա առանձնահատուկ նշեց Արթուր Փափազյանի եւ Սերգեյ Բաբայանի անունները, նշելով, որ ինքը ծանոթ է նաեւ  Սերգեյի ուսանողների արվեստին: Ասաց նաեւ, որ հիացած է մրցույթի առաջին մրցանակակիր, պատանի դաշնակահար Ժորա Հարությունյանի արվեստով, որին փայլուն ապագա է սպասվում: Տարբեր երկրների նվագախմբերի հետ հանդես եկած դաշնակահարի խոսքերով, իր համար պատիվ է հանդես գալ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ. «Հիացած եմ երաժիշտներով, մաեստրո Թոփչյանի հետ շփումը հեշտ էր, նույնիսկ խոսքի կարիք չեղավ՝ ժեստերը բավարար էին»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հաճախականությամբ են իր երկրում հանդես գալիս հայ երաժիշտները եւ արդյո՞ք հայ համայնքի հետ  ունի որեւէ առնչություն: «Լեհաստանում կա փոքրաթիվ հայ համայնք, հայերն իրենց լավ են դրսեւորում տարբեր ոլորտներում: Ինչ վերաբերում է Հայաստանից ժամանած երաժիշտներին, իհարկե, ձեր արտիստները հյուրախաղերի գալիս են, բայց ես այնքան էլ տեղեկացված չեմ, երեւի այն պատճառով, որ մայրաքաղաքում չեմ բնակվում (ապրում է Գդանսկում- Ս. Դ.)»,- ասաց Ս. Վիլկը:  Թե ինչո՞ւ նման հեղինակավոր համերգի համար ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը ընտրել է իրեն, Վիլկը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ Շոպենն իր կոմպոզիտորն է, շատ է հանդես գալիս նրա ստեղծագործություններով եւ 2005թ. կոմպոզիտորի անվան մրցույթի դափնեկիր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել