Լրահոս
Օրվա լրահոսը

Անտրեպրիզ՝ ըստ Բալյանի

Դեկտեմբեր 14,2010 00:00

\"\"Գրաշարը ղարաբաղցի էր, ադմինիստրատորը՝ կիսամերկ, «շտապօգնությունը»՝ հարբած

Օրերս Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում (ՊՀԹ) հանձնվեց «Մետրանպաժը» ներկայացումը՝ ըստ Ա. Վամպիլովի համանուն պիեսի: Ներկայացման բեմադրիչ Կարապետ Բալյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Ա. Վամպիլովի գավառական անեկդոտները, այդ թվում եւ մետրանպաժի (գրաշարի) մասին պատմող սյուժեն իրեն վաղուց է գրավել:  
«Միշտ ցանկություն ունեի Ա. Վամպիլովի գործը բեմադրել նաեւ պրոֆեսիոնալ դերասանների հետ: Ինչն էլ ի կատար ածեցի այս տարի: Այս ներկայացումը կատակ է, մի փոքրիկ դաս բոլոր այն պաշտոնյաների համար, որոնք չարաշահում են իրենց զբաղեցրած պաշտոնը եւ դիրքը,  կոպտում մարդկանց եւ շատ դեպքերում չեն ենթարկվում պատասխանատվության»,- հայտնեց Կ. Բալյանն ու հավելեց, որ առաջին անգամ այս գործին անդրադարձել է ուսանողական տարիներին: Այն եղել է նրա դիպլոմային աշխատանքը: Բալյանն ուսանել է Ն. Ծատուրյանի արվեստանոցում: «Եթե հարցնեն՝ քո ռեժիսորական փոքրիկ հաղթանակների ու հաջողությունների գրավականն ո՞վ է, կպատասխանեմ՝ Նիկոլայ Ծատուրյանը, ումից շատ բան եմ սովորել»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:
Մեր հարցին՝ ինչո՞ւ է  Ա. Վամպիլովի գործը հայկականացրել, Կ. Բալյանը այսպես արդարացավ. «Եթե տեղափոխեինք պիեսի գործողությունները ռուսական հին գյուղ եւ հնչեցնեինք «Կալինկա» երգը, չեմ կարծում, որ դրանից հանդիսականը ավելի կոգեւորվեր, քան նրանից, ինչ բեմում փորձել ենք ստանալ»:
Ի դեպ, Վամպիլովի գործի բալյանական  մատուցման արդյունքում, գրաշարը (Գրիգորի Հակոբյան) ղարաբաղցի էր, հյուրանոցի ադմինիստրատորը՝ Աշոտ Հակոբյանը, բեմում կիսամերկ էր, իսկ  շտապօգնության աշխատակից  Իշխան Ղարիբյանը՝ հարբած: Երիտասարդ բեմադրիչը հավելեց նաեւ, որ բեմում խուսափել է ժարգոնային արտահայտություններից. «Տանել չեմ կարող բեմից հնչող նման արտահայտությունները»: Պիեսը ռուսերենից թարգմանել է թատերագետ Լեւոն Մութաֆյանը:
Հարցին էլ՝ արդյո՞ք «Մետրանպաժը» կմտնի ՊՀԹ-ի խաղացանկ, բեմադրիչը պատասխանեց. «Քանի-որ «Մետրանպաժը» անտրեպրիզային ներկայացում է, այլ խոսքով՝ կոմերցիոն բնույթ ունի, ապա հետագա կյանքը հանդիսականի «ձեռքերում» է, նայած, թե ինչպես կիրացվեն տոմսերը»: Կ. Բալյանը հայտնեց նաեւ, որ ներկայացման մեջ ներգրավված են հիմնականում ՊՀԹ-ի դերասանները, ինչպես նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողներ եւ այլ թատրոններում աշխատող արվեստագետներ՝ Գրիգորի Հակոբյան, Գոհար Կարապետյան, Իշխան Ղարիբյան եւ այլք:
Հավելենք, որ «Մետրանպաժ» ներկայացումը Կ. Բալյանի երկրորդ ռեժիսորական աշխատանքն է: 2009 թվականին նա բեմադրել է ըստ Շեքսպիրի «Ջուլիետ» մոնոներկայացումը, որը մասնակցել է տաբեր միջազգային թատերական փառատոների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել