Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարության հերթական «բարեփոխումը»

Հունվար 20,2011 00:00

Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը վրդովված է

Երեկ «Հայելի» ակումբում լրագրողներին իրենց վրդովմունքը հայտնեց Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի դասախոսական անձնակազմը:
«Մեր վրդովմունքը ուղղված է ՀՀ մշակույթի նախարարության այն որոշման դեմ, ինչի մասին, ի դեպ, մենք կառավարության կայքից տեղեկացել ենք 2010-ի դեկտեմբերի վերջին: Տեղեկացել ենք համացանցի միջոցով, gov.am-ում հստակ նշված է այն մասին, որ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը վերակազմակերպել՝ միացնելով Երեւանի մշակույթի պետական քոլեջին: Ի գիտություն ընդունել, որ Երեւանի մշակույթի պետական քոլեջը Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի իրավահաջորդն է, ու վերջինիս իրավունքներն ու պարտականություններն անցնում են Երեւանի մշակույթի պետական քոլեջին՝ փոխանցման ակտին համապատասխան»,- նշեց ջազային-էստրադային քոլեջի դասախոս Գեւորգ Անդրիկյանը:
Նույն քոլեջի դասախոս, գլխավոր ադմինիստրատոր Անահիտ Մազմանյանն էլ ներկայացրեց հետեւյալ փաստերը. «2010թ. օգոստոս ամսին հանկարծակի ներքեւի քոլեջից (նկատի ունի Երեւանի մշակույթի պետական քոլեջը, որի տնօրենը երգչուհի Նադեժդա Սարգսյանն է- Վ. Մ.) բարձրացել են վերեւ եւ խնդրել իրենց տալ ուսումնական պլանը, հաստիքային ցուցակները եւ այլ փաստաթղթեր, ինչը մեզ, իհարկե, տարօրինակ թվաց: Ավելի ուշ իմացանք, որ մշակույթի նախարարություն է հրավիրվել Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանը, որի հետ էլ քննարկվել է երկու քոլեջների միաձուլման հարցը: Այդ հանդիպմանը չէր հրավիրվել մեր քոլեջի տնօրեն, հարգված երաժիշտ Ակսել Բակունցը: Այդ փաստը բավական վիրավորական էր»:
Տիկին Մազմանյանը նաեւ հայտնեց լրագրողներին, որ հետագայում իրենց ընդունել է մշակույթի նախարարը եւ վստահեցրել, թե որոշումը դեռ կայացման փուլում է, եւ որ դրանում ոչ մի վատ բան չի տեսնում, երկու քոլեջներն էլ կշարունակեն իրենց գործունեությունը:
Ա. Մազմանյանը ընդգծեց, որ իրենք մշակույթի նախարարություն տարել են տեսանյութեր, համապատասխան գրականություն, որտեղ մանրակրկիտ ներկայացրել են քոլեջի գործունեությունը. համերգները, դիպլոմային աշխատանքները: Բանախոսի փոխանցմամբ, տիկին Պողոսյանը խոստացել է ծանոթանալ նյութերի հետ ու այցելել քոլեջ, սակայն դա ընդամենը խոստում է եղել:
Ճանաչված ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը, ով երկար տարիներ դասավանդում եւ ղեկավարում է ժողովրդական երգի բաժինը քոլեջում, անհեթեթություն է համարում միաձուլել երկու՝ տարբեր ուղղվածության քոլեջները. «80-ականների կեսին լինելով խստիվ էստրադային եւ ջազային արվեստների քոլեջ, այն կարողացավ լայն հնարավորություն տալ նաեւ ժողովրդական երգին: 1984 թ.-ին բացվեց ժողովրդական երգի բաժինը, որը ես ղեկավարեցի պարոն Բակունցի ոգեւորված աշխատանքի շնորհիվ: Մենք ունեցանք հրաշալի շրջանավարտներ: Ես՝ բազմազբաղ արվեստագետս, լինելով նաեւ կոնսերվատորիայի դասախոս, նախընտրեցի աշխատել քոլեջում: Ինձ համար ՀՀ մշակույթի նախարարության այդ որոշումը զարմանալի թվաց…»:
Ռ. Մաթեւոսյանը հիշեցրեց նաեւ, որ Երեւանի ջազային-էստրադային քոլեջի նման կրթական հաստատություն ԽՍՀՄ տարիներին կար միայն Մոսկվայում եւ Կիեւում։
Ա. Մազմանյանը, շարունակելով Ռ. Մաթեւոսյանի խոսքը, ընդգծեց, որ իսկապես իրենց քոլեջի ուղղվածությունը զգալի տարբերվում է Երեւանի մշակույթի քոլեջի ուղղվածությունից. «Մեզ մոտ կան էստրադային, ժողովրդական, դերասանական եւ պարային բաժիններ, մինչդեռ Երեւանի մշակույթի քոլեջում՝ դիզայն եւ մոդելավորում, կինոռեժիսուրա, տուրիզմ, հաշվապահություն են սովորեցնում եւ բնականաբար, լինելով երգչուհի, հաստատության տնօրենը չէր կարող անտեսել եւ քոլեջում չբացել վոկալի բաժինը»:
Քոլեջի տնօրեն Ա. Բակունցը հիշեցրեց ներկաներին, որ իրենց մոտ են ուսանել այնպիսի ճանաչված երգչուհիներ, ինչպիսիք են՝ Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, Նունե Եսայանը եւ այլք: Խնդրի առնչությամբ էլ հայտնեց հետեւյալը. «Քոլեջների միավորելու հարցը ծագեց նրանից, որ մենք տեղափոխվեցինք մշակույթի քոլեջի շենք: Այնտեղի տնօրենն էլ, հավանաբար, որոշեց, որ ինքը կարող է տնօրինել միանգամից երկու հաստատություն: Մենք պահանջում ենք վերանայել կառավարության որոշումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել