Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրականություն ճանաչելու համար նախեվառաջ ընթերցել է պետք»

Փետրվար 19,2011 00:00

Գրախանութներում ընթերցողները սովորաբար փնտրում են հայտնի անուններ

«Վերջերս Ժաննա Հակոբյանի «Փլուզված սիրո հովիտները» գիրքը ընթերցեցի, բայց չհավանեցի, որովհետեւ բովանդակությունը շատ աղքատ էր, հերոսուհու կերպարն էլ չէր համապատասխանում հայ իրականությանը: Հնարավոր է՝ այսօր լավ գրողներ էլ ունենք, բայց մենք նրանց չենք ճանաչում»,- ասում է 20-ամյա Ռուզաննան եւ ավելացնում, որ ինքը նախընտրում է ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել եւ ընթերցել համաշխարհային գրականության գլուխգործոցները:
«Գրքերի աշխարհ» գրախանութի աշխատակցուհի Տաթեւիկ Աղաբաբյանը նշում է, որ իրենք պարբերաբար ստանում են ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները, որոնց մեջ լուրջ ու արժեքավոր գործեր կան, բայց մեր երիտասարդները հիմնականում նախընտրում են արտասահմանյան հայտնի հեղինակների գրքերը. «Ժամանակակից հայ գրականության բաժինը ամենաչվաճառվող հատվածն է մեզ մոտ: Գնորդները չեն էլ հետաքրքրվում այսօրվա մեր գրականությամբ: Շատերի կարծիքով, եթե իրենք հեղինակին չեն ճանաչում, ուրեմն գիրքը անհետաքրքիր է եւ չարժե գնել»:
Ըստ գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի, եթե ԽՍՀՄ տարիների գրականությունը կատարում էր կրթական-դաստիարակչական, քաղաքականապես կողմնորոշվելու գործառույթ, ապա այսօր գոյություն ունեն մի շարք ինստիտուտներ, որոնք իրականացնում են այդ գործառույթները, եւ ժամանակակից գրականության հիմնական խնդիրը մնում է մարդու ներաշխարհի բացահայտումը. «Անցյալ դարի 90-ական թվականներին մենք բախտորոշ ժամանակաշրջան էինք ապրում. պետություն էինք կառուցում, պատերազմի մեջ էինք, սովի ու մթի տարիներ էինք ապրում: Դրանք, բնականաբար, պետք է իրենց արտացոլումը գտնեին տվյալ ժամանակաշրջանի գրականության մեջ: Այդ ժամանակ մեր գրական հերոսը ուրիշ էր, իսկ հիմա մեր ստեղծագործողները փորձում են պատկերել ժամանակակից մարդուն, նրա գաղափարներն ու պահանջները»: Գրաքննադատը նշում է, որ այսօր մեր երիտասարդ գրողները ստեղծագործում են ավելի ազատ ու համարձակ եւ ունեն լիարժեք դրսեւորվելու հնարավորության: Ի տարբերություն ԽՍՀՄ տարիների՝ այսօր չկա գրաքննություն, եւ գրողները կարող են ստեղծագործել առանց կաղապարների, իհարկե, չանցնելով թույլատրելի սահմանը: Երիտասարդ ստեղծագործող Մարիամ Կարապետյանը նշում է, որ չի կարելի սահմանափակվել միայն այն գրականությամբ, որը սովորեցնում են դպրոցում եւ համալսարանում. «Այդ օղակներում կա գրականության կրթության մեծ բացթողում: Մենք սահմանափակվում ենք 20-րդ դարի կեսերով, կարծես թե հասնում ենք ժամանակակից գրականությանը, բայց դա իրականում ժամանակակից գրականություն չէ: Այսօր ստեղծվում են գրական գործեր, իհարկե՝ ե՛ւ լավ, ե՛ւ վատ, բայց այդ գրական ընթացքը չի երեւում. մարդիկ կարծում են, թե Չարենցից ու Սեւակից հետո հայ գրականության մեջ գրող չի եղել: Ուղղակի ժամանակակից հայ գրականությունը ճանաչելու համար նախեւառաջ ընթերցել է պետք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել