Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԱՆԱԼ ՄԱՇՏՈՑԻ՞Ն

Փետրվար 22,2011 00:00

Մշակույթի նախարարությունը հավատարիմ է իր գործելաոճին

Մշակույթի նախարարության գործունեությունը այս անգամ էլ դժգոհություն է առաջացրել պատմաբանների շրջանում, քանի որ երկրի մշակութային քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունը մոռացել կամ միտումնավոր չի ցանկանում պետական մակարդակով նշել Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը: «Առավոտի» հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, ԳԱԱ ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանը վրդովված ասաց. «Անցյալ տարի ես դիմեցի ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ վարչապետին, առաջարկելով, որ պետականորեն նշվի Մեսրոպ Մաշտոցի հոբելյանը: Ստացա դրական պատասխան, որ մյուս տարի դա պետականորեն կնշվի, ինչը հանձնարարված է մշակույթի նախարարությանը: Այս պետական կառույցի կողմից, անձամբ նախարար Հասմիկ Պողոսյանի ստորագրությամբ պատասխան նամակ ստացա, որում տեղեկացվում էր, որ մյուս տարեսկզբին կստեղծվի կառավարական հանձնաժողով, որը կզբաղվի նշված հարցերով: Շուտով փետրվարն էլ կավարտվի, բայց պետությունը որեւէ բան չի նախատեսում, այնինչ՝ խոստացվել էր տարեսկզբին այդ ամենը կազմակերպել: Պետական վերին օղակներից հույսներս կտրած, փետրվարի 17-ին՝ Մաշտոցի մահվան օրը, ԵՊՀ հումանիտար հոսքի ֆակուլտետների ուժերով որոշեցինք նշել մեր մեծ ուսուցչի հոբելյանը: Ճիշտն ասած՝ համոզված էլ չեմ, որ պետականորեն լրջորեն կնշվի Մաշտոցի հոբելյանը, ինչպես դա անցյալ տարի Տիգրան Մեծի 2150- ամյակի դեպքում եղավ: Անցյալ տարի էլ վերին օղակներին դիմել էի Տիգրան Մեծի հոբելյանի՝ պետականորեն նշման կապակցությամբ, դրական պատասխան ստացանք, որ մեր առաջարկը անպայման հաշվի կառնվի, հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար կստեղծվի հանձնաժողով, սակայն ոչ մի հանձնաժողով էլ չստեղծվեց, ոչինչ էլ չնշվեց»: ԵՊՀ-ում Մ. Մաշտոցի հոբելյանի կապակցությամբ նրա մահվան օրը՝ փետրվարի 17-ին կազմակերպվեց միջոցառում, որի ընթացքում հնչեցին զեկուցումներ, ցուցադրվեց Արտակ Ավդալյանի եւ Արտակ Մովսիսյանի «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը: Ա. Մովսիսյանը նեղսրտեց. «Միայն Մաշտոցի մահվան օրն է հայտնի, ուստի սպասվում էր, որ հոբելյանական միջոցառումների մեկնարկը կտրվի հենց այդ օրը, ինչը չեղավ: Ավելին, ամբողջ անցյալ տարին ՀՀ մշակույթի նախարարության կայքում տեղադրված էր, որ լրանում է Մովսես Խորենացու 1600-ամյակը: Սակայն Խորենացու հոբելյանի նշման մասին այդպես էլ ոչինչ չլսեցինք: Եթե ոչինչ չէին անելու, էլ ինչո՞ւ էին արժեզրկում: Եթե Մեսրոպ Մաշտոց, Տիգրան Մեծ, Մովսես Խորենացի չենք նշում, էլ մեր հայ լինելն ի՞նչ արժեք ունի: Եթե ռուսները չնշեին Պետրոս Մեծի, կամ ֆրանսիացիները՝ Նապոլեոն Բոնապարտի հոբելյանները, դա կլիներ ազգային ամոթ: Հիմա այդ ամոթը մեզ է վերաբերում: Փորձը ցույց է տալիս, որ մենք սրտացավ չենք մեր ազգային մեծերի հանդեպ: Լավ, անցյալ տարի պետականորեն Տիգրան Մեծի հոբելյանը չնշելը պատճառաբանվեց, թե նա նվաճող է եղել, նվաճողի հոբելյա՞ն պիտի նշենք: Մեսրոպ Մաշտոցն էլ հո նվաճող չէ՞: Անիմաստ եմ համարում նույնիսկ որակումներ տալ նախարարության աշխատանքին, պետական դիրքորոշմանը: Թող իրենք իրենց դիրքորոշումը գնահատեն եւ իրենք էլ ամաչեն իրենց արածի համար: Այ, առջեւում ընտրություններ են, եւ երբ քաղաքական գործիչները ճռճռան ելույթներ կունենան, հերթով բոլորին երեսով պիտի տալ, որ մեր մեծերի հոբելյաններին իրենք մասնակցություն չունեցան, ոչ էլ մշակույթի նախարարության ներկայացուցիչներից կային»:
«Առավոտը» նշված խնդիրների կապակցությամբ պարզաբանումներ ստացավ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանից: Նա նշեց. «Սովորաբար ստեղծվում է կառավարական հանձնաժողով, արվում նիստ եւ որոշվում տարվա ընթացքում կազմակերպվելիք միջոցառումների ցանկը, որին նոր հաջորդում է ֆինանսների բացթողնման գործընթացը: Մեսրոպ Մաշտոցի հոբելյանի հետ կապված դեռ որեւէ ծրագիր չկա: Մյուս կողմից էլ տարին նոր է սկսվել: Դա նախագիծ է, որը ոչ միայն մշակույթի նախարարությանն է վերաբերում, այլ ողջ հանրապետությանը: Եթե նախարարը մի ծրագրի հավանություն է տվել, դա չի նշանակում, որ ծրագիրը առանձին պիտի ֆինանսավորվի: Իսկ թե կառավարական հանձնաժողով՝ Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյա հոբելյանի կազմակերպման համար ստեղծվել է, թե ոչ՝ այս պահին դժվարանում եմ պատասխանել»:
Հավելենք, որ նախարարության պաշտոնական կայքում՝ mincult. am-ում, 2011-ին նշվելիք հոբելյանների ցանկը գլխավորում է Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյա հոբելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել