Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԽԱԲՎԵՑԻ՞Ն ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԺՊԻՏԻՆ

Մարտ 03,2011 00:00

\"\"Նրանցից շատերը իրենց դժգոհությունները չբարձրաձայնեցին նրա ներկայությամբ

4 «անբավարար» եւ ոչ մի «գերազանց». հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի համար հանձնվող գրավոր քննությունից երեկ գրանցվեցին այսպիսի արդյունքներ:
«Առավոտը» Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում հետեւեց քննության գործընթացի հարցազրույցի փուլին: Քննասենյակից դուրս եկող տնօրեններն ունեին տարաբնույթ կարծիքներ՝ հանձնաժողովի վերաբերմունքից հիմնականում գոհ էին, սակայն տարակարծիք էին քննության՝ նման ֆորմատով կազմակերպման եւ հարցերի ծավալի վերաբերյալ: Օրինակ՝ Վանաձորի թիվ 12 դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մարինե Հովակիմյանը նշեց. «Կարծում եմ, որ հարցազրույցի փուլն ավելորդ էր, քանի որ տեղում մենք, միեւնույն է, անցնելու ենք բանավոր քննության փուլ: Ուստի կարող էին հարցազրույցի փուլն էլ տեղերում անցկացնել, թե չէ՝ այժմ մենք կրկնակի աշխատանք ենք կատարում, գալիս-հասնում Երեւան»: Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյանն էլ նկատեց. «Ինձ համար ընդունելի չէ այն, որ 800 հարցից ընդամենը 60-ին է քննություն հանձնողը պատասխանում: Այդպիսով, չի որոշվում մասնակցի գիտելիքի մակարդակը: Ուստի ճիշտ կլինի, որ քննություն հանձնողը պատասխանի բոլոր՝ 770 հարցերին եւ ըստ այդմ որոշվի՝ նա իրո՞ք տիրապետում է հարցերին, թե՞ ոչ»: Իհարկե, այս առաջարկը առաջացրեց «տնօրենացուներից» շատերի առարկությունը: Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Հենրիկ Մուսայելյանը այս կապակցությամբ նկատեց. «Դպրոցի տնօրենն իր գործունեության ընթացքում հանդիպում է այս հարցերից քչերին: Հանդիպելիս էլ հարկ եղած դեպքերում կարող է բացել համապատասխան օրենսգրքերը եւ օգտվել դրանցից: Այնպես որ, այս համակարգը արդյունավետ չեմ համարում: Կարելի էր քննություն կազմակերպել միայն այն դպրոցների տնօրենների համար, որոնցից դժգոհություն կար եւ որոնց պարագայում առաջացել էր տնօրենի թափուր աշխատատեղ»: «Առավոտը» տնօրենի իրավունքի հավաստագրի ձեռքբերման համար քննություն հանձնող մասնակիցների հետ զրույցում բարձրացրեց այն հարցը, թե արդյո՞ք իսկապես յուրաքանչյուր ոք, ով կստանա հավաստագիր, կարող է օբյեկտիվորեն հավակնել դպրոցի տնօրենի պաշտոնին՝ հաշվի առնելով դպրոցների կառավարման խորհուրդների մինչեւ այժմ գրանցված տխրահռչակ պահվածքը: Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի տնօրենը պատասխանեց. «Այդ հարցին պատասխանելը դժվար է, քանի որ խորհրդի երեք անդամի նշանակում է մարզպետը, մեկ անդամ էլ նշանակվում է ԿԳՆ-ի կողմից: Ուստի մեկնարկային վիճակում նախարարը կամ տարածքային մարմինն ունեն մյուսների նկատմամբ առավելություն, ուստի կարող են օգտագործել իրենց լծակները տնօրենի ընտրության համար»:
Իր սովորության համաձայն՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ եւս այցելեց թիվ 114 դպրոց՝ ծանոթանալու տնօրենների տրամադրվածությանը: Նա, ժպտալով, «տնօրենացուներից» հարցրեց՝ դժգոհություններ չունե՞ն: Վերջիններս էլ ներկայացրին իրենց դիտարկումները: Օրինակ՝ Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի տնօրեն, 2004-ի «Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչված Անուշ Գրիգորյանը բարձրացրեց այն հարցը, որ ինտերնետում տեղադրված եւ քննության ժամանակ մասնակիցներին տրվող հարցերի միջեւ կան անհամապատասխանություններ: Նախարարը պատասխանեց, որ դա արվել է հօգուտ տնօրենների եւ հավելեց. «Հարցերը քիչ են եւ շուտով կսկսեն կրկնվել: Դա նշանակում է, որ ուշ քննություն հանձնողները կստանան առավելություն: Այդ պատճառով էլ քննության գործընթացի կեսից հարցերը ծրագրի շրջանակներում կավելացնենք, իսկ մյուս փուլի համար ավելի բարդ հարցեր կընդգրկվեն»: Այս խոսքերից հետո Ա. Աշոտյանը դարձյալ ժպիտը դեմքին ասաց. «Ձեզ մի քիչ չարչարում ենք, չէ՞»: Քննության մասնակիցներից Մ. Հովակիմյանն էլ կես կատակ, կես լուրջ բարձրաձայնեց. «Մի քիչ չէ, է, շատ եք չարչարում»: Հետո էլ նախարարը հարցրեց, թե քննություն հանձնողների մեջ կա՞ն պաշտոնյաների, հայտնի անձանց բարեկամներ: Տնօրեններ դառնալու հավակնորդներից մեկն էլ կատակով ասաց. «Ասենք՝ որ կտրե՞ք»: Եթե տնօրենի հավակնորդները անկեղծ էին, ապա նրանց խմբում չկային հայտնիների խնամի-ծանոթ-բարեկամներ: Ա. Աշոտյանն էլ իր հերթին հայտարարեց, որ իր բարեկամներից ոչ ոք չի ցանկանում դպրոցի տնօրեն դառնալ: Երբ նախարարն արդեն հեռացավ, տնօրենի թեկնածուները սկսեցին բարձրացնել տարբեր խնդիրներ: Մեր այն հարցին՝ ինչո՞ւ խնդիրները չբարձրացրին նախարարի ներկայությամբ, քննության մասնակիցներից մեկը պատասխանեց. «Չտեսա՞ք, նախարարը որքան ջերմ բարեւեց ինձ…. պետական ռազմավարություն է՝ պետք է ենթարկվենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել