Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԿՏՐՈՒՄ», «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿՆՈՋ ՀԱԳՈՒՍՏ», «ՔԵԲԱԲ ՄԵՐ ՄՈՏ»…

Մարտ 12,2011 00:00

Այս եւ այլ անգրագետ  պաստառներ՝ Երեւանի փողոցներում

Եթե ժամանակին «Էստի համեցեք» ասելու համար վաճառականները հատուկ աշխատողներ ունեին (հիշենք Թումանյանի «Գիքորը»), ապա ներկայում՝ նորագույն տեխնիկայի զարգացմանը զուգընթաց, «Էստի համեցեքներին» փոխարինում են գունավոր, «ճռճռան», զիզի-բիզի, երբեմն էլ անճաշակ ու նույնիսկ անգրագետ պաստառները: Չնայած Գիքորն անգրագետ էր, բայց գոնե «էստի համեցեքը» կարողանում էր գրագետ ասել: Իսկ մեր օրերում պակաս տարածված չեն անգրագետ, սխալ գրությամբ պաստառները, որ ամեն քայլափոխի «հիացնում» են անցորդներին: Սխալները լինում են տարբեր տեսակի՝ տառասխալ, ոճային ու շարադասական, բառի սխալ ընտրություն, անտրամաբանական, մեկ-մեկ էլ՝ զայրացնելու աստիճան ապշեցնող արտահայտություններով: Օրինակ՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում՝ շարժասանդուղքից մի քիչ ներքեւ, կա հագուստի տաղավար, որի վրա անգլերեն գրված է՝ դեղեր, հայերեն՝ հուշանվերներ, բայց վաճառվում է հագուստ: Սրան էլ ավելացրած՝ վաճառվող հագուստները երբեմն լինում են «կանացի» (երեւի հեզիկ-նազի՞կ), կամ էլ, ասենք, «գերմանական կնոջ հագուստ»: Հետաքրքիր են նաեւ տարատեսակ հայտարարությունները: Օրինակ՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածի Նանսենի փողոցի շենքերից մեկի մուտքի դռանը փակցված է՝ «Գնում ենք ռակվինա, պառավո»: Նորքի 2-րդ զանգվածից փոքր-ինչ ներքեւ՝ Հայկի արձանի հարեւանությամբ, կարելի է կարդալ՝ «Կլեում ենք ծակ գնդակները»: Շենգավիթ համայնքի Գարեգին Նժդեհի հրապարակում մի անգամ նկատեցի հայտարարություն՝ «Կկատարեմ էպիլեպսիա» (խոսքը երեւի էպիլյացիայի մասին է): Այդ հայտարարությունից մի քիչ ներքեւ՝ ցուցանակին գրաված էր՝ «Տղամարդկանց կտրում, կանանց կտրում». պարզվում է՝ այս դեպքում էլ խոսքը մազ կտրելու մասին է: Փողոցի հակառակ կողմում էլ գտնվում է «Նորմալ խանութ սովորական մարդկանց համար» (մի՞թե աննորմալ խանութ էլ կա անսովոր մարդկանց համար): Իսկ Տիգրան Մեծի եւ Նար-Դոսի փողոցների խաչմերուկից մի քիչ վերեւ կա «Կարտոֆիլանոց» խանութ, որտեղ, սակայն, բացի կարտոֆիլը, նաեւ այլ բանջարեղեն են վաճառում:
Իսկ արագ սննդի կետերում պատկերն ընդհանրապես ուրիշ է. այս ոլորտում աշխատողները կարծես շտապում են ամեն ինչում՝ նույնիսկ պաստառ գրելիս: Մի անգամ կարդացի՝ «Քեբաբ մեր մոտ»: Մտա եւ դիմեցի վաճառողուհուն, որ սխալ են գրել: Միանգամից պատասխանեց.
– Մեր շե՞ֆը գիտի, թե՞ դու:
Ամեն դեպքում խնդրեցի ուղղել սխալը եւ դուրս եկա: Փա՛ռք Աստծո, շեֆը բարի էր գտնվել, ու սխալն ուղղվել էր:
Այնքան շատ են այս սխալները, որ առօրյայում արդեն գրեթե չես էլ նկատում: Բայց սրանց հետ մեկտեղ կա ապշեցնող մի երեւույթ: Երեւանի Նար-Դոսի փողոցում իրար կողքի մի քանի սգո սրահներ կան: Ինչքան էլ տարօրինակ է, վաճառողները կրկին գովազդային պաստառներ են փակցնում՝ առեւտուրն է՛լ ավելի շահավետ դարձնելու համար, ինչը վերածվում է մի տեսակ գռեհկաբանության. ինչպե՞ս կարելի է սգո սպասարկման համար «էստի համեցեք» ասել նմանատիպ արտահայտություններով՝ մենք կփարատենք ձեր վիշտը (հետաքրքիր է, թե ինչպե՞ս), որակյալ սպասարկում, որակյալ դագաղ (թե դրա որակյալը ո՞րն է)… …
Այդ թաղամասի բնակիչ Գեղանուշ Վարդանյանն ասում է, որ մի անգամ ընկերուհու հինգամյա երեխան հարցրել է, թե ինչո՞ւ է իրենց շենքում այդքան շատ մարդ մահացել (փողոցի ողջ երկայնքով դագաղներ են շարված եղել):
«Ամեն առավոտ արթնանալ ու միանգամից տեսնել այդ ամենը, արդեն իսկ բացասական լիցքեր է հաղորդում: Սա կարծես բավական չէ, դեռ անտրամաբանական գրություններ են գրում: Գոնե այդ ամենը ներս հավաքեն, անգրագետ գրություններն էլ հանեն խանութների վրայից»,- ասում է տիկին Գեղանուշը:
Այսպիսով, գնալով ավելանում են «էստի համեցեքները»՝ պարուրված տարբեր գովազդային պաստառներով: Հետաքրքիրն այն է, որ անգամ ԿԳՆ լեզվի պետական տեսչության տուգանքներից հետո էլ շարունակվում է այս ամենը. երեւի տուգանքի չափն այնքան քիչ է, որ հաճախորդ գրավելն ու առեւտուր անելը տգետ գովազդային պաստառներով ավելի ձեռնտու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել