Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԵՎԻ ԳՆԱԼ» ՈՒ ՉՏԱՌԱՊԵԼ

Մարտ 29,2011 00:00

Կամ իտալական պիեսը՝ հայկական մեկնաբանությամբ

Օրերս «Թատրոն X» փառատոնի շրջանակում Համազգային թատրոնում ներկայացվեց իտալացի դրամատուրգ, բեմադրիչ, դերասան, Նոբելյան մրցանակակիր Դարիո Ֆոյի «Ազատ զույգ» պիեսի բեմադրությունը: Ընդհանրապես, Դ. Ֆոյի բեմադրությունների գլխավոր դերակատարն է նրա կինը՝ բազմաթիվ թատերգությունների հեղինակ Ֆրանքհա Ռամեն: Իտալական պիեսը հայկական մեկնաբանությամբ ներկայացնում էր ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը: Վերջինս թատերական հիմնական գործունեությունը սկսել է Իրանում, Ֆրանսիայում էլ ֆիլմեր է նկարահանել: Հայաստանում բնակվելու վերջին 5 տարիներին 5 ներկայացում է բեմադրել: Նոր՝ «Մոտ արի» բեմադրության պրեմիերան կլինի օրերս՝ «Գոյ» թատրոնում:
Հանդիսատեսի հետ կապն ավելի անմիջական կառուցելու համար հեղինակը որոշել էր ասելիքը փոխանցել «թատրոն-կաֆե» բեմադրության միջոցով՝ առանց վարագույրը բացելու: Հանդիսատեսի մի մասն էլ ստիպված էր ներկայացումը դիտել լուսարձակների մոտ գտնվող աստիճանների վրա՝ էքստրեմալ պայմաններում: «Ազատ զույգ» ներկայացումը ամուսին-կին հարաբերության մասին է: Կնոջ՝ Անուշի դերում հանդես է գալիս Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանը, ամուսնուն մարմնավորում է Սերգեյ Թովմասյանը: Ամուսինը գտնում է, որ հավատարմությունը հնացած գաղափար է, եւ ամեն օր զուգընկերուհի փոխելն էլ ազատության մի դրսեւորում է: Նա նույնը խորհուրդ է տալիս կնոջը՝ տառապելու եւ ինքնասպան լինելու փոխարեն ապրել «ազատ զույգի» կարգավիճակում: Որոշ ժամանակ տառապելուց հետո, Անուշը որոշում է ազատվել ընտանեկան կապանքներից, հետեւում է ամուսնու օրինակին, հագնվում ու շպարվում նոր ոճով, մերօրյա երթուղային տաքսիներով աշխատանքի շտապում, ժամադրվում Չարբախում, գտնում իր նոր զույգին՝  ռոքեր-պրոֆեսոր ատոմագետին եւ այլն: Կնոջ այս քայլերից հետո սկսվում է ամուսնու տառապանքը: Մեր հարցին՝ որքանո՞վ է «ազատ զույգի» թեման արդիական հայկական իրականության մեջ, բեմադրիչ Ս. Մելիք-Հովսեփյանը նշում է՝ իտալացի դրամատուրգն այս պիեսը կարծես հայ տղամարդկանց համար գրած լինի. գրեթե բոլորը ամուսնանալուց հետո «լեւի» են գնում, կանայք հաճախ մոռանում են իրենց հետեւել, ամուսնու մոտ հայտնվում են թափթփված ու անփույթ, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ տղամարդիկ նրանց չնկատեն ու թերագնահատեն:
«Տղամարդիկ իրենց այնքան բաներ են թույլատրում, որ կարծես դա իրենց իրավունքն է, կանայք էլ  հալած յուղի տեղ ընդունում են տղամարդկանց ասածները: Տղամարդուն է ուղղված այս հարցադրումը՝ դու անում ես, ինչ որ ճիշտ ես համարում, քեզ համար ճիշտ է ու դուրեկան, բայց արդյո՞ք նույն բանը կարող ես քո կնոջ կապակցությամբ ընդունել, եթե չես ընդունում՝ ինչո՞ւ: Արդյո՞ք սա նորմալ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է բեմադրիչը: Ներկայացման մեջ նաեւ դուրս չէին մնացել այսօրվա իրականության մերօրյա դրսեւորումները՝ հայկական ձգձգված, «լացացնող» սերիալները, ռաբիս երաժշտությամբ համեմված, իրար գլխի լցված «հայկական մարշրուտկաները», կնատիպ ոճաբանները եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել