Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆԱՁՈՐՑԻ 72-ԱՄՅԱ ԾԵՐՈՒՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Մարտ 31,2011 00:00

Վերաքննիչ դատարանը բավարարել է Լոռու մարզի դատախազության բողոքը

\"\"

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2011թ. մարտի 20-ի որոշումը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս դատավոր Նարինե Հովակիմյանի, մերժել էր Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժնի քննիչի միջնորդությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող 2-րդ խմբի հաշմանդամ՝ 72- ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
 Հիշեցնենք՝ մարտի 16-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել 75-ամյա Երվանդ Առաքելյանը: Նա որովայնի վերքով էր եւ անգիտակից վիճակում: Նույն օրը Առաքելյանը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել էր: Երվանդ Առաքելյանը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի բնակիչ՝ 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանի բնակարանից՝ վերջինիս ահազանգով:
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել էր, որ Երվանդ Առաքելյանին մարտի 16-ին, ժ. 19.00-ի սահմաններում, իր բնակարանում դանակով հարվածել եւ սպանել է Մաքսիմ Պետրոսյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Վանաձորցի 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանի համար որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը:
Դատարանի՝ խափանման միջոց կալանումը չկիրառելու կապակցությամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը մեզ հետ զրույցում տեղական եւ հանրապետական մամուլի միջոցով իր կարծիքն էր արտահայտել՝ նշելով, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ եւ տեղեկացրել էր, որ այն բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Լոռու մարզի մի խումբ փաստաբաններ հանդես եկան դատախազի դեմ հայտարարություններով՝ նշելով, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ապատեղեկատվություն է տարածել դատարանի՝ վերը նշված որոշման վերաբերյալ:
Ըստ փաստաբանների՝ այդ կերպ նրանք իրենց վրդովմունքն ու տարակուսանքն են արտահայտել դատախազ Կարեն Շահբազյանի կողմից արված արտահայտությունների վերաբերյալ՝ համարելով, որ դատախազը փորձել է գործի հանգամանքների վերաբերյալ թյուր կարծիք ձեւավորել հասարակության մեջ եւ ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ:
«Մենք, ըստ էության, դա չենք գնահատում որեւէ մեկին դեմ գնալու գործողություն: Դատարանի նկատմամբ ճնշում եւ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել, որը, կարծում ենք, անթույլատրելի է: Դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը»,- նշում է հայտարարությանը միացած փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Փաստաբան Կարեն Թումանյանն էլ ավելացնում է, որ դատախազությունը իրավունք չունի գնահատականներ ու որակումներ տալու, այլ իրավունք ունի բացառապես բողոք ներկայացնելու: «Եթե դատախազը դժգոհ էր այդ որոշումից, կարող էր ընդամենը սահմանափակվել դատական ակտի բողոքարկումով, եւ այդ մասին տեղեկացնել մամուլի միջոցով: Բայց գնահատականներ ու որակումներ տալու իրավունք դատախազը չուներ: Այդ որոշմամբ անձին չկալանավորելով՝ դատարանը ընդամենը կատարել է իր արդարադատությունը, իր ֆունկցիան, եւ այդ լիազորությունները, ֆունկցիան իրականացնելու համար հրապարակայնորեն խոսել եւ հանրության մոտ ստեղծել կարծիք, որ դատարանը կայացրել է անարդար որոշում, ուղղակիորեն անդրադառնում է փաստաբանական գործունեության վրա»,- նշում է Կարեն Թումանյանը:
Փաստաբանները կարծիք են հայտնում, որ այդ հայտարարությամբ դատախազությունը նպատակ է հետապնդել վերաքննիչ դատարանում իրենց համար ցանկալի որոշում ստանալու:
«Վերաքննիչի որոշմամբ՝ ոտնահարվել է ՀՀ-ում արդարադատությունը եւ դատական անկախությունը: Վերաքննիչ դատարանի որոշումը համարում ենք դատախազության որոշում, Լոռու մարզի դատախազի հրավիրած մամուլի ասուլիսում հայտնած այդ կարծիքները նպաստեցին, որ վերաքննիչ դատարանը «վախենա» ճիշտ որոշում կայացնելուց»,- իրենց կարծիքն են արտահայտում նրանք:
Հանրային պաշտպան Ռուբեն Հակոբյանն էլ է այն կարծիքին, որ դատախազը իրավունք ունի միայն բողոքարկելու դատական ակտը, այլ ոչ թե դրա վերաբերյալ կարծիք հայտնել՝ կասկածի տակ դնելով այն: Փաստաբանները տարակուսում են, որ վերաքննիչի որոշումը նախապես ծրագրված է եղել, նշելով, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այնտեղ մնացել է 11 րոպե, դրանից հետո վերադարձել ու հրապարակել 7 տպագիր էջ որոշում եւ անմիջապես հանձնել պաշտպանական կողմին:
«Դատարանը չէր կարող 11 րոպեում թե ֆիզիկապես, թե տեխնիկապես 7 էջ համակարգչով հավաքել: Բացի այդ՝ պաշտպանական կողմի ներկայացրած նոր նյութերի, փաստարկների, մեղադրյալի կարծիքի մասին բացարձակ որեւէ նշում չկար»,- ասում են նրանք:
Մաքսիմ Պետրոսյանի պաշտպան Լեւոն Գոգինյանը վերաքննիչ դատարանի որոշումը անհիմն, անօրինական է համարում եւ պատրաստվում է դիմել վճռաբեկ դատարան: «Էդ մարդը վերաքննիչ դատարանում ժամանակի մեծ մասը ննջում էր, 72 տարեկան, տարիքով, հիվանդ մարդ, զառամյալ ծերունի, նա ի՞նչ պիտի անի, որ խոչընդոտի: Բացառվում են բոլոր կասկածանքները»,- նշում է նա:
Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն էլ հակադարձում է փաստաբաններին, ասելով, որ ինքը լրատվությամբ ներկայացրել է ընդամենը մեղադրանքի հիմքը:
«Որոշ տեղեր լրագրողներն են մեկնաբանություն արել: Իմ խոսքը, ամեն մի ստորակետը ունի իր հետեւանքը: Ես ընդամենը հայտնել եմ այն հանգամանքը, ինչը դատարանը հաշվի է առել, ներկայացրել եմ այն, ինչը նշված է վերաքննիչ բողոքում, իսկ այդ պահին դատարանի որոշումն արդեն բողոքարկվել էր վերաքննիչ դատարան»:
Այժմ 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանը կալանավորված է եւ գտնվում է արդարադատության նախարարության «Վանաձոր» ՔԿՀ-ում:
Նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել