Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉԻՆՉ ԿԱՍԿԱԾԱՀԱՐՈՒՅՑ ՉԻ ԵՂԵԼ»

Ապրիլ 09,2011 00:00

\"\"Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի պարզաբանումները մրցութային առաջարկների ուսումնասիրության ընթացքում «Առավոտի» հայտնաբերած փաստերի մասին:

– Դուք թույլ չտվեցիք պատճենել հեռուստաընկերությունների մրցութային առաջարկներում առկա ֆինանսական փաստաթղթերը՝ գովազդային պայմանագրերը եւ այլն: Խնդրեմ պարզաբանեք, թե ինչու՝ մի՞թե մրցութային առաջարկը փակ, գաղտնի փաստաթուղթ է՝ այն պայմաններում, երբ անընդհատ պահանջվում է անցկացնել «բաց եւ թափանցիկ մրցույթ»:
– Միջազգային պրակտիկայում ընդունված հասկացություն է առեւտրային գաղտնիքը: Եվ անկախ այն հանգամանքից, որ պետական իրավասու մարմիններին կարող են ներկայացվել, որպես պահանջվող փաստաթղթեր, պայմանագրեր, որոնք պարունակում են առեւտրային գաղտնիք՝ չի նշանակում, թե մրցակիցներին եւ լայն հանրությանը դրանք պիտի լինեն մատչելի: Հայտնի է, որ հեռուստաընկերությունները կնքում են բազմաթիվ պայմանագրեր, որոնք պարունակում են առեւտրային բաղադրիչ՝ որոշ հեռուստաընկերությունների հաջողվում է առավել հաջողակ պայմանագրեր կնքել՝ գուցե այլ պայմաններով, ինչ մեկ այլ ընկերության:
– Մինչ մեր հայտնաբերած թերություններին անդրադառնալը՝ հետաքրքիր է պարզել. Դուք կպնդե՞ք, որ մրցութային գործընթացի մասնակից անխտիր բոլոր հեռուստաընկերությունների նկատմամբ ՀՌԱՀ-ը ցուցաբերել է հավասար ու նույնքան բծախնդիր մոտեցում:
– Եթե խոսքը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության մասին է, ապա հանձնաժողովը միանշանա՛կ իրականացրել է իր պարտավորությունները եւ այլ կերպ չէր կարող վարվել: Հավասարապես ուսումնասիրվել են բոլոր ընկերությունների ներկայացրած փաստաթղթերը: Եթե տեխնիկական խնդրին է առնչվում՝ բնականաբար, բացարձակապես այլ իրավիճակ է, երբ պիտի գնահատվի մրցակից չունեցող ընկերության առաջարկը, եւ որոշման հիմնավորման փուլում չի առաջանում համեմատականների անհրաժեշտություն. այն, ինչ արվում է մրցակից ունեցող ընկերությունների պարագայում:
– Պիտի խնդրեմ անդրադառնալ այն հիմնական թերությանը, որը նկատել ենք հաղթած ընկերությունների փաթեթներում՝ ֆինանսական փաստաթղթերը թերի տվյալներով են, առկա է գերազանցապես միայն մի կողմի՝ տվյալ հեռուստաընկերության կնիքը: Հավելեմ, որ որոշ ներդրումային հավաստագրեր ունեն անորոշ ձեւակերպումներ՝ այնպես, ինչպես Հ2-ի բիզնես ծրագրում որպես լրացուցիչ երաշխիք ներկայացված հավաստագիրն է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ կողմից, որում նշված չէ ոչ մի հստակ գումար:
– Միշտ չէ, որ հատկապես նման փաստաթղթերն են հիմնական՝ հեռուստաընկերության հետագա գործունեությունը կանխորոշելու կամ դրա հնարավորությունը գնահատելու համար: Փաթեթում կարող են լինել բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ներկայացված ծրագրի համար որոշիչ չեն եւ կարող են նաեւ էական չհամարվել:
– Հիշեցնեմ, որ «Արմենիան», «Շանթը» եւ «Ա-Թիվի»-ն ընդհանրապես չէին կցել ֆինանսական որեւէ փաստաթուղթ, որով կհավաստվեր նրանց բիզնես ծրագրի հիմնավորվածությունը, ինչը հաղթողին որոշելու չափորոշիչ է:
– Պատասխանս չի վերաբերելու կոնկրետ հեռուստաընկերությունների, այլ լինելու է ընդհանրական: Եթե հեռուստաընկերությունը ներկայացրել է բազմաթիվ փաստաթղթեր, որոնք հավաստում են իր տնտեսական ներուժն ու կարողությունները, որոնք արդեն իսկ բավարար են ներկայացված ծրագրի իրականացման համար՝ լրացուցիչ փաստաթղթերը չեն կարող դառնալ որոշիչ:
– Անդրադառնանք հաղթողին որոշելու մեկ այլ չափորոշիչի՝ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությանը: Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ «Արմենիան» որպես իր աշխատակազմ էր ներկայացրել հիմնականում Դրամատիկական եւ Սունդուկյանի անվան թատրոնների դերասաններին: Փոխարենը որպես «Արմնյուզի» աշխատակազմ ներկայացվածներից որոշների անվան դիմաց գրված է. «Մինչ օրս աշխատում է «Արմենիա Թի-Վի»-ի «Ժամը» լրատվականում»:
– Լրագրողների նկատմամբ չկա օրենսդրական որեւէ սահմանափակում, որ միաժամանակ չաշխատեն տարբեր ԶԼՄ-ներում: Այնպես որ՝ այս խնդիրը որոշիչ չեմ համարում:
Եվ ճիշտ հասկանանք՝ ոչ թե պետք է առանձին անձինք գնահատվեն՝ աշխատակազմի ընդհանուր ստեղծագործական կարողությունները գնահատելու համար, այլ առավել պետք է գնահատվեն անձերի ընտրության, աշխատակազմի ձեւավորման սկզբունքները՝ ըստ կրթական ցենզի, ըստ մասնագիտական պատրաստվածության եւ այլն: Ես համարում եմ, որ հնարավոր էր ընդհանրապե՛ս չներկայացնել անհատականացված տեղեկատվություն:
– Այսինքն՝ պնդում եք, թե օրենքին համապատասխա՞ն է դերասաններին իբրեւ հեռուստաընկերության աշխատակազմ ներկայացնելը, կամ, ինչպես «Ա-Թիվի»-ի դեպքում է՝ Գարիկ Մարտիրոսյանին եւ Միշա Գալուստյանին իրենց թիմի անդամ ներկայացնելը: ՀՌԱՀ-ն, ի դեպ, պարզե՞լ է, թե նրանք «Ա-Թիվի»-ի հետ ունե՞ն պայմանագիր:
– Չունե՛նք նման անհրաժեշտություն: Կրկնում եմ, որ սկզբունքն անհատներին անվանական ներկայացնելը չէ՝ անձերով չպիտի ընկալվի աշխատակազմի գնահատումը, այլ բացառապես այդ աշխատակազմի ձեւավորման սկզբունքով ու կառուցվածքով՝ ինչ բաժիններ են նախատեսել եւ այլն:
– «Արմնյուզը» մրցույթից անմիջապես առաջ՝ հոկտեմբերի 1-ին կնքել էր 7 թղթակիցների հետ պայմանագրեր, որոնց վրա, բացառությամբ մեկի՝ չկա անգամ «Արմնյուզ» ՓԲԸ-ի կնիքը եւ այլ տվյալներ: Սա համարում եք նորմա՞լ:
– Կրկնում եմ, որ աշխատակիցների անվանական գոյությունը մեզ համար հետաքրքիր չէ: Ընկերությունը ներկայացրել էր իր աշխատակազմի կառուցվածքը, իր գործունեության համար անհրաժեշտ մասնագետների քանակը եւ այլն: Եթե սա եւ սրա համար նախատեսված միջոցները բավարար են՝ աշխատանքի շուկան անհատականացված չէ: Ենթադրվում է, որ անձինք կարող են փոփոխվել՝ աշխատակազմի կայունությունը երաշխավորված չէ: Արտոնագիրը ստրկացման պայմանագիր չէ ինչ-որ մեկի համար:
– Արդյոք մրցույթի պայմանների խախտում չէ՞ այն, որ թեեւ «Ար»-ը հայտ էր ներկայացրել մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության եթերային հեռարձակման համար, սակայն անգամ իր մրցութային առաջարկում է նշել, թե շարունակելու է գործել իբրեւ ընդհանուր ուղղվածության հեռուստաընկերություն:
– Ոչ, պայմանների խախտում չկա: Այս դեպքում եթերացանցի կառուցման բաղադրիչների մանրամասնեցված թվարկումն ընդամենը երաշխավորում էր նեղ մասնագիտացված ալիք չլինելը եւ այդ բաղադրիչների մշտական առկայությունը եթերում:
Հեռուստաընկերություններն այժմ ծրագրային ցանցի վերակազմավորման անհրաժեշտություն ունեն: Եվ օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո եթերից կհամոզվեք, որ առկա են բոլոր բաղադրիչները:
– Որոշ փաթեթների նույնականությունից ակնհայտ է, որ գործ ունենք նույն ընկերությունների հետ: Մի օրինակն Արագածոտնի մարզի «Երեւան Մեդիա Հոլդինգը» եւ մայրաքաղաքի «Երեւան» հեռուստաընկերություններն են, որոնք նույն ներդրողներն ունեն, խոստանում են ցուցադրել նույն հաղորդումները՝ օգտագործելով բառացի նույն ձեւակերպումները: Արդյոք սա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 18 հոդվածի՝ «Հակամենաշնորհային երաշխիքը», փաստացի խախտում չէ՞:
– Օրենքի խախտում չի եղել: Հանձնաժողովը ենթադրությունների տրվել չի կարող եւ պարտավոր է գործել դե-յուրե սահմանված շրջանակներում: Օրենքի տառն այս դեպքում պահպանված է: Օրենսդրությունը սահմանափակում է նախատեսում իրավաբանական անձանց համար՝ ունենալ եթերային հեռարձակում իրականացնող ոչ ավելի, քան մեկ հեռուստաընկերության արտոնագիր: Տվյալ պարագայում իրավաբանական անձինք տարբեր են: Իսկ հեռուստաընկերությունները միշտ կարող են միմյանց հետ համագործակցել: Առաջարկներն էլ կարող են ունենալ ընդհանրական ձեւակերպումներ, քանի որ ժամանակի ընթացքում ներկայացվող փաստաթղթերի համար ձեւավորվել է մրցութային մի «լեքսիկոն»:
– Զարմանալի է, որ ՀՌԱՀ-ը հարցում չի արել՝ պարզելու, թե ով է Վայոց ձորում հեռարձակման իրավունք ստացած «Արփաինֆորմին» 500 հազար դոլարի փոխառության խոստացած «Ֆրունզիկ Ինթերնեյշընլը», որը գրանցված է օֆշորային գոտում, հաշվեհամար ունի շվեյցարական բանկում, բայց կնքված պայմանագիրը ռուսերեն է: Մի՞թե ինչպես «Ա1+»-ի դեպքում էր՝ սա հիմնավոր կասկածներ չի առաջացրել ներկայացրած տվյալների իսկության վերաբերյալ:
– Ծայրահեղության եք դիմում: Պահանջը կարծես այսպիսին է, որ եթե որեւէ մեկը գրել է, թե իր աշխատակիցն ավարտել է Մանկավարժական ինստիտուտի որեւէ ֆակուլտետն այսինչ թվին՝ ՀՌԱՀ-ը պարտավոր էր հետեւել այդ ամբողջ շարժին՝ արդյոք իրոք տվյալ անձը ծնվե՞լ է այդ թվականին, ավարտե՞լ է այդ ֆակուլտետը եւ այլն: Ներկայացված փաստաթղթերում ոչինչ կասկածահարույց չի եղել: Իրավական որեւէ խախտում չկա, որ վարկատուն ՀՀ սուբյեկտ չէ:
Եվ եթե մոտեցումը լինի հետեւյալը, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը պիտի անցնեն հատուկ փորձաքննություն՝ այդ դեպքում ՀՌԱՀ-ը հնարավորություն կունենա միայն տարիների ընթացքում ուսումնասիրել եւ ամփոփել ներկայացված հայտերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել