Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՄԱՆՉԱՆ»՝ ՈՐՊԵՍ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ

Ապրիլ 21,2011 00:00

Թուրքիայում այն ուրիշ բովանդակություն է ձեռք բերել

\"\"

Ըստ Ստամբուլի «Եղբայրական երգեր» խմբի ակորդեոնահար Սարո Ուստայի, հայկական արմատները պահելն առաջնահերթ խնդիր է:
Ստամբուլում հիմնադրված «Քարդեշ Թյուրքյուլեր» («Եղբայրական երգեր») խումբը հայտնի ավանգարդ ֆոլք ոճի երաժիշտ Արտո Թունչբոյաջյանի հետ համատեղ թողարկել է նոր ձայնասկավառակ, որի շնորհանդեսը կայացավ օրերս՝ Ստամբուլում: Սկավառակում տեղ գտած թուրքերեն, քրդերեն, չեչեներեն, եզդիերեն, զազայերեն 16 երգերից մեկը հայերեն «Հայդոն» էր: Շնորհանդեսին Արտոյի այս կատարման ընթացքում նրան հավասար երգում էին նաեւ ներկա թուրքերը, քրդերն ու այլք: Խմբի թողարկած չորրորդ ձայնասկավառակը նվիրված է երեխաներին եւ կրում է «Չոջուխ հակլի»՝ «Երեխան միշտ ճիշտ է» խորագիրը: «Առավոտի» հետ զրույցում Արտո Թունչբոյաջյանը տեղեկացրեց, որ «Եղբայրական երգեր» խմբի անդամների թիվը ութսունից ավելի է: Նրանք տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, մի մասը եկել է Բալկաններից, կան նաեւ թուրքեր, քրդեր, հայեր, ադրբեջանցիներ եւ այլք: Ա. Թունչբոյաջյանը հույս ունի, որ մի օր ձայնասկավառակը կներկայացնի նաեւ Հայաստանում: Մեր զրուցակիցն ասաց, որ երեխաներին նվիրված սկավառակը թողարկելու համար պատրաստվել են 5 տարի: «Եղբայրական երգերի» ակորդեոնահար, պրոդյուսեր եւ մասնագիտությամբ լեզվաբան Սարո Ուստան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խումբը հիմնադրվել է 1993 թվականին՝ Բոյազիչի համալսարանի Ֆոլկ ակումբի կազմակերպած համերգից հետո, որը նպատակ ուներ ներկայացնել Անատոլիայի ժողովրդական երգերը՝ սեփական մեկնաբանությամբ եւ մայրենի լեզվով: 1994 թվականից սկսած, 130-ից ավելի համերգներով նրանք հանդես են եկել ոչ միայն Ստամբուլում, այլեւ Իզմիրում, Ադանայում, Բուրսայում, Դիարբեքիրում, Վանում եւ այլ քաղաքներում, Կիպրոսում: Մի քանի տարի անց էլ՝ արդեն եվրոպական տասնյակ քաղաքներում: Վերջերս էլ «Եղբայրական երգերը» Ստամբուլի «Սայաթ-Նովա» երգչախմբի հետ հանդես է եկել նաեւ Երեւանում՝ «Դռները բացեք» խորագրով համերգին: Ձայնասկավառակի շնորհանդեսից մի քանի օր հետո էլ կսկսվեն խմբի համերգային շրջագայությունները Թուրքիայի քաղաքներում: Մեր հարցին, թե ինչպե՞ս է Ստամբուլում պահպանվում հայկականությունը, նա պատասխանեց. «Ստամբուլում այժմ հայկական դպրոցներ, միություններ, դպրոցներու մեջ հայերեն դասավանդություններ կան: Եթե որեւէ մեկը սիրում է երգել կամ նկարել, իր տեղը կարող է գտնել, իսկ ինձ համար հայկական երաժշտությունը մի ուրիշ բան է, ուրիշ հաճույք: Մենք կատարում ենք հիմնականում ավանդական հայկական երգեր: Բայց, օրինակ, Սայաթ-Նովայի «Քամանչան» այստեղ դարձել է թրքական պատրիոտիկ երգ: Մենք դեմ ենք այդ մոտեցումներին, որովհետեւ արմատները պահելը մեզ համար առաջնահերթ պայման է: Դու կարող ես նոր բառեր հորինել, բայց այն գոնե պետք է լինի նույն թեմայով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել