Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է

Մայիս 03,2011 00:00

Իսկ դրա հետքերով գնալը՝ ժամանակի կորուստ

Գրագողություն երեւույթը միշտ էլ եղել է, բայց այժմ այն ավելի է շատացել, քանի որ 21-րդ դարի մարդու համար ինֆորմացիա ստանալը, փնտրելը, ձեւափոխելը, օգտագործելն ավելի հեշտ է. ինտերնետը, համակարգիչը «copy-paste» գործողության միջոցով մի քանի վայրկյանում հնարավորություն է տալիս «տիրանալ» ուրիշի «սեփականությանը», խախտել հեղինակային իրավունքներն ու անպատիժ մնալ:
Որքան շատանում են հայկական ինտերնետային կայքերն ու բլոգները, այնքան անհետաքրքիր է դառնում դրանց հետեւելը: Թվում է՝ ինչքան շատ լինեն ինտերնետային էջերը, այնքան ավելի շատ ինֆորմացիա կկարողանանք ստանալ, բայց իրականում հիմնականում նույն նյութը տեղադրվում է բոլորի կայքերում ու բլոգներում, իսկ թե ով է հրապարակման հեղինակը՝ հազվադեպ է նշվում կամ էլ պարզ չի լինում: Խնդիրն այսօր անլուծելի է թվում, բլոգերները բողոքում են, գրագողությունները չեն դադարում:
Հուրախություն շատերի՝ գոյություն ունի www.copyscape.com՝ կայք, որը կօգնի պարզել՝ խախտվե՞լ են արդյոք ձեր հեղինակային իրավունքները, ձեր կայքում, բլոգում տեղադրած նյութը ենթարկվե՞լ է «copy-paste»-ի, թե՝ ոչ: Այս համակարգը շատ պարզ է աշխատում, այցելելով www.copyscape.com կայք, որոնման տողում տեղադրեք ձեր հոդվածի «link»-ը, սեղմեք «Go» ու սպասեք, մինչեւ «copyscape»-ը համացանցում կհայտնաբերի այլ կայքեր, որտեղ բովանդակության համընկնում է նկատել:
Գրագողությունը ուրիշի աշխատանքը պատճենելը, տնօրինելն է, առանց աղբյուրին հղում կատարելու:
Հաճախ մարդիկ կարծում են, որ այն ինֆորմացիան, որը հրապարակվել է՝ արդեն հանրության սեփականությունն է, եւ իրենք կարող են տնօրինել, օգտագործել այն՝ ինչպես ցանկանան: Բայց դա այդպես չէ: Միայն հեղինակը կարող է որոշել թույլատրել եւ արգելել իր նյութի վերարտադրությունը տարբեր ձեւերով (տպագիր հրատարակություն, օրինակների տարածում, թարգմանություն այլ լեզուներով, եւ այլն):
Եվ քանի որ հեղինակային իրավունքի գործողության ժամկետը սկսվում է ստեղծագործության ստեղծման պահից, ապա ինտերնետում հայտնված ինֆորմացիան եւս դրա հեղինակի իրավունքների ազդեցության ոլորտում է:
Հայաստանում ամենից շատ օգտվում են 3 բլոգային ծառայություններից՝ LiveJournal, Blogger.
com (Blogspot.com) եւ Word
Press.com համակարգերից, սակայն բլոգինգը մեզ մոտ այդքան էլ զարգացած ու տարածված չէ. հայկական բլոգոսֆերան ակտիվ է հիմնականում սփյուռքահայերի շրջանում:
«Առավոտի» հետ զրույցում LiveJournal.com-ի բլոգեր Ստեփանը նշում է, որ բազմիցս խախտվել են իր հեղինակային իրավունքները. «Ես տեղադրել եմ բացառիկ լուսանկարներ ու նյութեր, որոնք, օրինակ, վերաբերել են Արեւմտյան Հայաստանին, Ղարաբաղին, սակայն մի քանի ժամ անց դրանք հայտնվել են ուրիշ կայքերում: Ես ոչինչ անել չէի կարող, առավելագույնը՝ նրանց նամակ գրելն էր: Գրագողությունը վերահսկելը շատ բարդ է, copy արված ինֆորմացիայի հեղինակին բացահայտելը երկարատեւ, բավական դժվար պրոցես է, իսկ գտնելու դեպքում էլ, համոզված եմ, տվյալ անձը առանձնապես վնասներ չի կրի»:
WordPress.com-ի օգտագործող Արշակն էլ գտնում է, որ ինֆորմացիոն այս դարաշրջանում Հայաստանում հեղինակային իրավունք հասկացությունը հնացել է՝ խորհրդային ժամանակաշրջանի համեմատությամբ, ավելին, հեղինակային իրավունքների համար պայքարելը վաղուց անիմաստ է դարձել. «Նշեք մի դեպք, որ որեւէ կայքի, բլոգի կամ նյութի հեղինակ դատական կարգով պաշտպանել է իր իրավունքները կամ փոխհատուցում ստացել: Հիմա դա ոչ միայն անհնար է, այլեւ դժվար ապացուցելի փաստ: Եթե մի քանի տարի առաջ ֆայլի ստեղծման ամսաթվով կարելի էր ապացուցել, որ ստեղծագործության հեղինակը դուք եք, ապա այժմ ինտերնետում կա օնլայն ծառայություն, որին ուղարկելով տեքստը, որոշակի գումարի դիմաց կարելի է փոխել նաեւ ամսաթիվը: Ես եկա այն եզրահանգման, որ պայքարել գրագողության դեմ՝ կնշանակի իզուր ժամանակ կորցնել»:
Մեր զրուցակիցների կարծիքով, ամեն դեպքում պետք չէ անհանգստանալ, եթե ձեր կայքից կամ բլոգից կատարվել է գրագողությում, որովհետեւ «լուրջ» կայքը կամ բլոգերն իրենց երբեք նման բան թույլ չեն տա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել