Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաձեւությունը միաձուլել է մշակույթները

Մայիս 05,2011 00:00

Դաշտը զարգացնելու կարիք կա

Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող՝ «Նորաձեւության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրն արդեն մեկնարկել է, որի շրջանակներում Հայաստան են ժամանել եվրոպացի նկարիչ-մոդելավորողներ, նորաձեւության ոլորտի փորձագետներ՝ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Չեխիայից եւ Ռումինիայից: Հայաստանում նրանց են միացել արդեն Բրիտանական խորհրդի կողմից ընտրված հայ դիզայներներ:
Հայ եւ եվրոպացի դիզայներներն ընտրվել են Բրիտանական խորհրդի կողմից, հայերի թվում են Արամ Նիկոլյանը, Գայանե Սողոմոնյանը, Անի Իսկանդարյանը, Քրիստինե Ավետիսյանը եւ Լուսինե Կոստանյանը:
Ասենք, որ «Առավոտը» այս ծրագրին անդրադարձել էր ամիսներ առաջ՝ «Մշակույթի կրող են տարազները« (30.11.2010թ.) հոդվածով: Հիշեցնենք, որ «Նորաձեւության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը երկամյա է: Այդ ընթացքում հայ եւ եվրոպացի դիզայներները ծանոթանալու են միմյանց երկրների անցյալին, մշակութային ժառանգությանը՝ նոր գաղափարներ մշակելու եւ ոգեշնչվելու համար: Նրանց տրված է հնարավորություն՝ ուսումնասիրել Հայաստանի եւ վերոնշյալ 5 եվրոպական երկրների ազգային տարազների պատմությունը, դրանց դերը ժամանակակից հասարակության մեջ:
Ինչպես նշում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը, մասնակիցները երկու տարիների ընթացքում կվերլուծեն, թե ինչպես են ազգային տարազներն արտացոլում տվյալ երկրի ազգային ինքնությունն ու մշակութային ժառանգությունը: Ըստ Ա. Սարիբեկյանի՝ «Երկու տարիների ճանաչողական աշխատանքների արդյունքում 10 հոգանոց դիզայներների խումբը կբաժանվի 5 զույգի եւ ծրագրի վերջում պետք է յուրաքանչյուր զույգ ներկայացնի իր համատեղ՝ 4 կտորից բաղկացած աշխատանքը: Այսինքն՝ ստեղծվելու է համատեղ հավաքածու հայ եւ եվրոպացի դիզայներների մոդելավորմամբ: Նրանց ուսումնասիրությունների ընթացքում տարազը կդիտարկվի մշակութային համատեքստում եւ ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաները օգտագործելով՝ հավաքածուների միջոցով յուրովի կմեկնաբանեն երկրների մշակույթն ու ազգային ինքնությունը»:
Եվրոպացի հյուրերը Հայաստան են ժամանել մայիսի 3-ին եւ նույն օրն էլ սկսվել է դիզայներների աշխատանքը՝ միջազգային երկօրյա սեմինարով:
Դանիայից ժամանած Իդա Գրո Քրիստիանսենն ասաց. «Հայերի հետ ծանոթությունը բավական հետաքրքիր էր, նույնիսկ էքստրեմալ՝ ինձ համար: Նորաձեւությունը այս պահին միացրել է մեզ ու կարծես բոլորս մի մշակույթի մեջ լինենք: Հայաստանում առաջին անգամ եմ լինում եւ արդեն հասցրել եմ հիանալ թե հայերով եւ թե Հայաստանով: Այս մեկ օրվա ընթացքում այնքան շատ հետաքրքիր բան տեսա, որ դեռ չեմ հասցրել «մարսել»: Հայկական տարազներն ինձ շատ դուր եկան, դրանցով հետաքրքիր մտքեր կարելի է իրագործել: Հայերի աշխատանքները շատ հավանեցի: Բոլորն էլ լավն են, բայց ամենաշատն ինձ դուր եկավ Գայանե Սողոմոնյանինը: Մենք կարծես նույն լեզվով ենք խոսում fashion-ում»:
Երբ դիզայներ Արամ Նիկոլյանից հետաքրքրվեցինք՝ որքանով է հայկական նորաձեությունը զիջում դրսի նորաձեւությանը, նա մի փոքր վիրավորական տոնով ասաց. «Մենք հաստատ չենք զիջում եվրոպական նորաձեւությանը, դեռ ավելին ենք: Թող մեծախոսություն չթվա, բայց ծրագրին եկել են մասնակցելու այն երկրների մասնագետները, որոնք, բացի Բրիտանիայի եւ Գերմանիայի մասնակիցներից, այնքան էլ ազդեցիկ եւ հայտնի չեն համաշխարհային fashion ինդուստրիայում: Չնայած գերմանացուն այնքան էլ չեմ հավանում: Որպես մրցակից կամ ասելիք ունեցող՝ ինձ համար այդ հինգի միջից Չեխիայի դիզայներն է, որը դեռ չի ժամանել Հայաստան: Սպասում եմ նրա հետ ծանոթանալուն: Ուրախ եմ, որ նման նախագիծ է մշակվել հայկական նորաձեւության համար, որովհետեւ այս ոլորտը թերեւս ուշադրության պակաս ունի: Նմանատիպ ծրագրերը կոգեշնչեն հայ մասնագետներին եւ, կարծում եմ, հետաքրքիր արդյունք կունենանք»:
Մեկ այլ դիզայներ՝ Գայանե Սողոմոնյանն էլ նշեց, որ ծրագիրը հետաքրքիր է, լուծումներն էլ օրիգինալ կլինեն:
Գերմանացի նորաձեւության փորձագետ Կարին Լեյբերգը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի նորաձեւության դաշտում լուրջ ներուժ կա, բայց այն զարգացնելու կարիք կա. «Շատ եմ ճանապարհորդել ու բազմաթիվ մշակույթների ականատես եղել: Հայաստանում չէի եղել, սա ինձ համար հրաշալի հնարավորություն էր ծանոթանալ թե հայերին եւ թե հայկական նորաձեւությանը: Հայկական տարազն ունի հարուստ նախշեր, որը պետք է միայն ճիշտ օգտագործել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել