Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ ԽԱԲԵԼ Է ԴԻՄՈՐԴԻՆ

Հուլիս 07,2011 00:00

\"\"Եվ նա մաթեմատիկայի քննության է ներկայացել հուզված

Երեկ 570 դիմորդ մաթեմատիկա առարկայից միասնական քննություն հանձնեց: Այս առարկայից քննություն հանձնելու համար ԳԹԿ դիմում-հայտ էր ներկայացրել 615 դիմորդ, որից 15-ը Լեռնային Ղարաբաղում է քննություն հանձնել: Երեւանյան քննությանը չէր ներկայացել 37 դիմորդ:
Ըստ ԳԹԿ աշխատակիցների, դիմորդների բացակայելը պայմանավորված է նրանով, որ քննությանը մասնակցելու դիմում-հայտ ներկայացնողների մի մասը չի վերցրել քննության անցաթղթերը: ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը նշեց, որ ԳԹԿ-ում ներկայումս մի տրցակ անցաթուղթ կա: Այդպես՝ անցյալ՝ հայոց պատմության քննության ավարտից կես ժամ առաջ մի դիմորդ է ներկայացել քննակենտրոն, առանց անցաթղթի, սակայն նա արդեն բացակաների թվին է դասված եղել եւ ուշանալու պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցել քննությանը:
Այս անգամ քննակենտրոն ձեւավորվել է միայն Երեւանում, ինչը դժվարություններ է առաջացրել հեռավոր մարզերից եկող դիմորդների համար: «Առավոտը» տեղեկացավ, որ երեկ առավոտյան, ժամը 7:30 քննակենտրոն է ներկայացել մի դիմորդ՝ Մարալիկից, որին քննակենտրոնի հավաքարարն ու պահակը ստիպված են եղել բուժօգնություն ցուցաբերել: Քննությունից չուշանալու համար դիմորդը Մարալիկից Երեւան է եկել տաքսիով: Վարորդը 16-ամյա տղային խաբել է եւ հավելյալ գումար պահանջել: Այդ ժամին քննակենտրոնում ներկա պահակները խաբված եւ հուզված դիմորդին մեկ ժամ անց նոր կարողացել են ուշքի բերել եւ ուղեկցել քննասենյակ:
Մեկ այլ դեպք էլ պատահեց երեկվա քննության ընթացքում: Երբ արդեն բաժանվել էին ձեւաթղթերը եւ մեկնարկել էր քննությունը, դիմորդներից 20-ամյա Արմանը դուրս եկավ քննասենյակից՝ հայտարարելով, որ իրեն լավ չի զգում: Նրան թույլ տվեցին մի քանի րոպե նստել քննակենտրոնի առաջին հարկում, մինչ կմոտենար բժիշկը: «Առավոտի» հետ զրույցում Արմանը խոստովանեց, որ ուղղակի ծխելու խիստ պահանջ ուներ: «Եթե չծխեի, սիրտս կթուլանար: Քննությունից չեմ լարվում: Ծառայած տղա եմ, ուղղակի բախտս եմ փորձում՝ տեսնեմ կստացվի՞, թե՞ ոչ»,- ժպիտով իր մասին պատմեց Արմանը: Քննակենտրոնի բժիշկը չհասցրեց մոտենալ դիմորդին, Արմանը մեզ հետ զրույցից հետո վերադարձավ քննասենյակ:
Քննակենտրոնի ղեկավար Արմեն Փաշայանին տղաների ծխելու խիստ պահանջը զայրացրել էր: Նրա գտնում է, որ դա ուղղակի դուրս գալու եւ լիցքաթափվելու պատրվակ է. «Յուրաքանչյուր ծխող, եթե պետք լինի, մի քանի ժամ չի ծխի»:
Այնուամենայնիվ, դիմորդները հուզված էին: Դրանում համոզվեցինք՝ շրջելով քննասենյակներով: Երեւանից 22-ամյա Արթուր Մուրադյանը որոշել է տնտեսագետ դառնալ, սակայն քննության ներկայացել էր անպատրաստ: Ջավախքից ժամանած Աիդա Շահինյանն էլ երկու տարվա պատրաստվածություն ուներ: Նա նույնպես տնտեսագետի մասնագիտությունն է ընտրել: Ասում է՝ ցանկանում է ուսում ստանալ Հայաստանում եւ այստեղ էլ կառուցել տնտեսագետի իր կարիերան:
Լրացուցիչ փուլի կարգի համաձայն, մաթեմատիկա քննությանը մասնակցում էին նաեւ զինծառայողներ, որոնք ժամանել էին անմիջապես զորամասից: ԳԹԿ տնօրենի փոխանցմամբ, քննություն հանձնող եւ դրական շեմը հաղթահարող զինծառայության մեջ գտնվող դիմորդները կընդունվեն Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 18-ամյա Գարիկ Գալստյանը, ով իր զինվորական համազգեստով գրավել էր բոլորի ուշադրությունը, մեզ հետ զրույցում ասաց. «Պարապել եմ, հույս ունեմ, որ դրականի շեմը կհաղթահարեմ: Բայց եթե քննությունից կտրվեմ, չեմ հուսահատվի, ծառայությունս կվերջացնեմ ու եւս մեկ անգամ կփորձեմ»:
Մաթեմատիկա առարկայի երկրորդ փուլից ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը բարձր արդյունքների ակնկալիք չունի: Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Թեստերի բարդությունը համարժեք է քննությունների առաջին փուլի թեստերին, քանի որ այդ դիմորդների նկատմամբ պետք է պահպանել արդարությունը: Մաթեմատիկան եւ ֆիզիկան այն առարկաներն են, որոնք մեկ շաբաթվա ընթացքում չես կարող յուրացնել»:
Ա. Փաշայանն էլ գտնում է, որ մաթեմատիկա առարկայի երկրորդ փուլի քննության արդյունքներն ավելի ցածր են լինելու, քան՝ առաջին փուլինը:
Ինչ վերաբերում է հայոց պատմության քննության արդյունքներին, Գ. Խաչատրյանի փոխանցմամբ, դրական շեմը չեն հաղթահարել դիմորդների 37 տոկոսը: Միջին միավորը 9,16-ն է, 17.5-20 միավոր ստացել է 8 դիմորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել