Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈԼԵԿՏԻՎԸ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԳՆԱՑ»

Սեպտեմբեր 06,2011 00:00 Share

Հետեւություններ եւ պլաններ՝ ըստ ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի

\"\"

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում հետահայաց ամփոփելով ԳԹԿ ջանքերը միասնական քննությունների անցկացման առումով, գոհունակություն հայտնեց: Նա կարծում է, որ իրենց աշխատակազմը տարիների ընթացքում արհեստավարժ է դարձել: Պարոն Խաչատրյանը, սակայն, ինչ-ինչ վերապահումներ ունի քննական կարգի հետ կապված, գտնում է, որ այն լրամշակման կարիք ունի, հստակեցնելու բաներ կան: «Երբեմն իրադրություն է ստեղծվում, որի բացատրությունը քննակարգը չունի: Օրինակ, ի՞նչ է նշանակում քննության սկիզբ. դա նշված ինն անց կե՞սն է, թե՞ ծրարները բացելու պահը: Չէ՞ որ մի քննակենտրոնում մեկը շուտ է բացում ծրարը, մյուսը՝ ուշ: Ամեն դեպքում, եթե քննության սկիզբը 9.30-ն է, եւ դիմորդը քննակենտրոն է հասել 9.29-ին, պարտավոր ենք թույլ տալ, որ մասնակցի քննության: Մի խոսքով, կյանքը ցույց է տալիս, որ ցանկացած փաստաթուղթ վերանայման կարիք ունի, կարծում եմ այդ ուղղությամբ եւս ինչ-որ բան կարվի»,- ասում է ԳԹԿ տնօրենը եւ իրենց ամենամեծ հաջողությունն է համարում այն, որ արտահոսք չի եղել ոչ միասնական քննությունների, ոչ էլ 9-րդ դասարանի թեստերի մասով: «Չնայած կային ինչ-ինչ ճնշումներ, մարդիկ համառորեն ուզում էին ունենալ թեստերը, բայց կոլեկտիվը երբեք գործարքի չգնաց»,- հավելում է նա:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ շտեմարանների խնդրին, որը, ըստ Գ. Խաչատրյանի, շատ լուրջ է դրված, եւ ԳԹԿ-ն նախատեսել է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ունենալ եւ հայոց լեզվի, եւ մաթեմատիկայի շտեմարանները:
Իսկ ինչո՞ւ հենց այդ երկու առարկաները: Գ.՚Խաչատրյանի խոսքով, դրանք ամենամեծ քննություններն են եւ ավելի շատ են տեղիք տալիս զանազան խոսակցությունների: «Շտեմարանային բազա ձեւավորելու համար պայմանագիր ենք կնքել որոշ խմբերի հետ եւ արդեն թեստերի նախնական քանակ ունենք, բայց դա բավարար չէ, որովհետեւ ենթադրում ենք առնվազն 5000 առաջադրանք ունենալ»,-նշում է ԳԹԿ տնօրենը:
Ինչպե՞ս է կատարվել մասնագետների ընտրությունը: «Ես եւ ԳԹԿ խորհրդի նախագահ Մանուկ Մկրտչյանը մաթեմատիկոս ենք, եւ գոնե մաթեմատիկայի լավագույն մասնագետներին ճանաչում ենք, ի վերջո, նրանց հետ շփվել ենք վերջին 5-6 տարիներին: Ընտրել ենք հատկապես այնպիսի մասնագետների, որոնք բարեխիղճ են, կարող են նուրբ աշխատել եւ կազմակերպչական շնորհք ունեն»,- ասում է մեր զրուցակիցը: Ըստ նրա, մաթեմատիկոսների խումբն ավելի է ընդլայնվել, այնտեղ կան Կրթության ազգային ինստիտուտից մասնագետներ, դպրոցների ուսուցիչներ, մարդիկ, ովքեր արդեն տպագրված թեստեր ունեն: «Հայերենի մասով էլ նույնկերպ ենք վարվել: Մեր աշխատակից, հայերենի մասնագետ Միրցա Հալաջյանի հետ միասին մեծ աշխատանք է կատարվել, շտկվել են արդեն եղած թեստերը, որովհետեւ լավ մասնագետ լինելը մի բան է, թեստաբանությունը՝ մեկ այլ»,- տեղեկացնում է պարոն Խաչատրյանը:
Նա նաեւ հայտնեց, որ ԳԹԿ-ն պատրաստվում է առաջիկայում մասնակցել միջազգային գիտաժողովի, պայմանավորվածություններ կան միջազգային թեստավորում անցկացնող ռուսաստանցի մասնագետների հետ: Հայաստանին հնարավորություն է ընձեռվել առանց վճարի մասնակցել «Թիմսի» (Trends in International Mathematics and Science Study) նման մի նախագծի, որը ունակությունների ստուգման թեստերով է առաջնորդվում: «Շուտով ռուսական դասարաններում կփորձարկենք դրանք, այնուհետեւ հոկտեմբերին՝ հանրապետության բոլոր դպրոցներում: Ռուսական կողմը պատրաստ է նույնիսկ համակարգիչներ տրամադրել այն մարզերի դպրոցներին, որոնք չունեն կոմպյուտերային դասարաններ»,- նշում է Գ. Խաչատրյանը եւ հիշեցնում, որ այս ամենին զուգահեռ՝ ԳԹԿ-ն պիտի ուսումնասիրություն անցկացնի, որպեսզի 3 տարվա կտրվածքով տեսնի դինամիկան՝ ո՞ր դպրոցի ո՞ր դասարանում են լավ աշխատել եւ հակառակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել