Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության «վերաքննությունները»

Սեպտեմբեր 29,2011 00:00

ՀՀ կառավարության որոշումները նախկին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի «լուսավոր ապագայի» մասին՝ հիշեցնում են վատ սովորող աշակերտի վերաքննությունների անվերջանալի շարք: Առաջին որոշումը՝ «2 փետրվարի 2002 թվականի, N 98», միակ հասկանալին է՝ պետական ձեռնարկությունը պետք էր «վերակազմակերպել» եւ ստեղծել ՊՈԱԿ: Ինչպես բոլոր ինստիտուտները: Բայց այդ որոշման մեջ կար մի կետ՝ «կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի մասին», որը ԵրՖԻ-ին շահեկան ձեւով տարբերում էր մնացած ինստիտուտներից: Նման քանակությամբ անշարժ գույք (ինչքան էլ նախկին տնօրենը գույքացուցակը թաքցներ աշխատակիցներից) ոչ մի ուրիշ գիտահետազոտական հիմնարկ չուներ: Իսկ ինչու շահեկան՝ բացատրեմ պարզ օրինակով, չնայած դրա մասին մի քանի անգամ գրել եմ: ԵրՖԻ-ի «քաջերը», որ այսօր աղմկում են, ծախեցին մանկապարտեզի շենքը ու ամենապարզունակ ձեւով ծախսեցին՝ բաժանելով հավելավճարների միջոցով: Կառավարության մնացած որոշումները ԵրՖԻ-ի մասին՝ պարզապես «վերաքննություն» են այս չարաբաստիկ կետի շուրջը: Չէ, իհարկե, բոլոր որոշումները մոտավորապես նույն նախաբանն ունեն. «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության հեռանկարային զարգացումն ապահովելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումները իրականացնելու եւ գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է… Բայց դժվար է գտնել Հայաստանում մեկին, ով հավատում է, որ Ներսես Երիցյանը, իր գործերը թողած, ուզում է միջուկային ֆիզիկան զարգացնել: Ահա որոշումների ցուցակը, որը նաեւ «վերաքննությունների» ժամանակացույցն է՝ «2 փետրվարի 2002 թվականի, N 98, 19 փետրվարի 2009 թվականի, N 310-Ն, 20 մայիսի 2009 թվականի, N 416-Ա,13 մայիսի 2010 թվականի, N 576-Ն, 17 հունիսի 2010 թվականի, N 758-Ն, 21 ապրիլի 2011 թվականի, N 472-Ն»: Եվ վերջապես վերջին որոշումը (1 սեպտեմբերի 2011, 1301 – Ն), որը կարելի է անվանել «էս բոլորը հեչ՝ նորից ենք սկսում»՝ հիմնադրամ (ֆոնդ) ստեղծելու մասին:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախկին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել