Լրահոս
Օրվա լրահոսը

Տոմսերը վաճառում են խնդրելով

Հոկտեմբեր 19,2011 00:00

Հոկտեմբերի 17-ից Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ռուս դրամատուրգ Օլեգ Բոկաեւի «Ճանապարհ դեպի ներքեւ» ստեղծագործությամբ բացվեց նոր թատերաշրջանը: Թատրոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանի ներկայացնելով, թատերաշրջանը բացվել է յուրատեսակ արարողությամբ. ներկայացման հենց սկզբում դերասանները ծաղիկներ են նվիրել հանդիսատեսին: «Հանդիսատեսը զարմացած էր, թե ինչո՞ւ է հենց թատրոնը մեզ ծաղիկներ նվիրում, չէ՞ որ ավանդույթի համաձայն հանդիսատեսն ինքն է ծաղիկներով գնահատում դերասանին, սա մենք արեցինք՝ հույս ունենալով, որ մյուս անգամ հանդիսատեսը կմտածի այդ մասին»,- ասում է թատրոնի տնօրենը: Նրա ասելով. «Այսօր թատրոն հանդիսատես բերելը շատ դժվար է: Եթե անգամ լավագույն ներկայացումն ունենաս, միեւնույն է, առաջնախաղից հետո սկսում ես ստիպված տոմսեր բաժանել ամբողջ քաղաքով մեկ: Մեր դրամարկղից երբեք 5-10 տոմսից ավելի չէր վաճառվում: Փառք Աստծո, վերջին ներկայացման ժամանակ 50 տոմս վաճառվեց, որը մեծ առաջընթաց է Գյումրիի համար, անընդհատ հարկավոր է բերել, իսկ գովազդներ միշտ տալիս ենք, բայց, միեւնույն է, հանդիսատեսը չի վարժվել, որ երեկոյան կնոջը կամ աղջկան ասի՝ երեկոյան գնում ենք թատրոն, անպայման հարկավոր է որեւէ տեղ տանել տոմս հրամցնել, խնդրել, որպեսզի հանդիսատես ապահովես, սա ցավալի է, երբ տոմսի արժեքը 800-1000 դրամ է»,- ներկայացնում է Գեւորգ Խաչատրյանը: Ըստ նրա, թատրոնը որոշակի բարդությունների առջեւ էր կանգնել ՀՀ ԿԳ նախարարի այն հայտարարությունից հետո, որ դրամահավաքը դպրոցներում արգելվում է. «Դրամահավաքն ի՞նչ կապ ունի մեր տոմսերի հետ, հիմա այս պրոբլեմը մի քիչ հարթվել է, բայց իրոք խնդիր էր մեր թատրոնի համար, որովհետեւ այն պատանի հանդիսատեսի համար է. եթե Երեւանում կա Դրամատիկական թատրոն եւ Պատանի հանդիսատեսի թատրոն, Գյումրիում մի թատրոն կա, որը սպասարկում է պատանի հանդիսատեսին, մեր բեմադրություններն էլ թեմատիկ են»,- ասում է տնօրենը: Ըստ նրա, թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը այժմ բեմադրում է Հրանտ Մարգարյանի «Երկնքեն 3 աթոռ ընկավ» մյուզիքլը, իսկ Գյումրիում անհիշելի ժամանակներից երաժշտական բեմադրություն չի դրվել, այս նպատակի համար հրավիրել են վոկալիստ, դաշնակահարուհի, բեմից հնչելու է կենդանի երաժշտություն: Երեկ էլ թատրոնում ներկայացվեց «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Լյուդվիգ Հարությունյանի «Փարիզը վտանգավոր քաղաք է» բեմադրությունը՝ ըստ Կլոդ Մոինիեի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել