«Պետք չէ լինել այդքան անտարբեր, ասելով` մենք չէ, որ պետք է որոշենք: Իսկ ո՞վ պետք է որոշի. թո՞ւրքը, ադրբեջանցի՞ն, ռո՞ւսը: Նա մեր երկիրն է ներկայացնում, մեր մշակույթը…եթե դեռ կարող ենք դրան մշակույթ անվանել». Անժելա Ստեփանյան
Այս տարի Վրաստանում կայացած «Ոսկե տաղանդ 2011 Բաթում» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լիլիթ Հովհաննիսյանը: Նրա կատարմամբ հնչեց նաև Կոմիտասի «Ես սարեն կուգայի» երգը: Կատարումից հետո բուռն քննարկումներ ծավալվեցին: Կատարման ձևին և որակին անդրադաձավ նաև կոմպոզիտոր–երաժշտագետ, բլոգեր, 22-ամյա Անժելա Ստեփանյանը:

Առաջին նյութի հրապարակումից օրեր անց Անժելան դարձյալ անդրադաձավ այս թեմային` «ՄԱՔՐԵՆՔ ԱՐՎԵՍՏԸ (Կոմիտա´ս, ների´ր–2)»: Նյութի մասին առանձին զրույցի ընթացքում հեղինակն ասաց, որ իրեն սպառնացել են. Սոցիալական ցանցում եղել են մարդիկ, որոնք փորձել են սպառնալիքի ուժով ստիպել բլոգերին հեռացնել հոդվածը, իսկ ինքը որոշել է ոչ թե լռել, այլ պայքարել: «Անկեղծ, ես չէի ուզում: Չէի ուզում այն պատճառով, ո ր հարցին անդրադարձել էի միայն մասնագիտական առումով և իմ անձնական կարծիքը, որը ոչ պակաս կարևոր է, դեռ չէի բարձրաձայնել»: Անժելան հայտնեց, որ ինքն էլ հստակ չգիտի, թե ինչ նպատակ են հետապնդում այն քայլերը, որոնք նկատվեցին նախորդ նյութը տեղադրելուց հետո, բայց վստահաբար նշեց, որ իր բլոգից ոչ մի նյութ չի հեռացվելու, ավելին նա շարունակելու է իր պայքարը:
Զրույցից օրեր անց Facebook.com սոցիալական ցանցում հայտնվեցին «ՄԱՔՐԵՆՔ ԱՐՎԵՍՏԸ» անվամբ խումբը և իրադարձությունը, որոնց նպատակն է հավաքագրել արվեստով մտահոգ մարդկանց, ունենալ որոշակի քանակությամբ ստորագրություններ և խնդրով դիմել ՀՀ մշակույթի նախարարին` ստեղծելու հանձնախումբ, որը հետևողականորեն կընտրի միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնող մասնակցին:
Հռիփսիմե Գալստյան
Հ.Գ. Այս թեմայով «Առավոտ երիտասարդականը» փորձեց զրուցել նաև Լիլիթ Հովհաննիսյանի հետ, բայց քանի որ վերջինիս հետ զրույցը չստացվեց վատ հեռախոսակապի պատճառով, զրուցեցինք երգչուհու ամուսնու` երգահան Վահրամ Պետրոսյանի հետ, ով հավաստիացրեց, որ Լիլիթը նույնպես հարցի մասին նույն բանն է մտածում:
Կարդացե´ք Վահրամ Պետրոսյանի հետ զրույցը` վաղը «Առավոտ երիտասարդականի» «Artահերթ» բաժնում:


















































