Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդոլֆը հավասարություն է ուզում

Նոյեմբեր 15,2011 13:03

Նա կոչ է անում հաշմանդամ մարդուն վերաբերվել որպես սովորական մարդու

Հաշմանդամներին առնչվող միջազգային կոնվենցիաներին միացած մեր երկիրը ոչ մի կերպ չի կարողանում լուծել հաշմանդամ մարդու՝ հասարակությանն ինտեգրվելու խնդիրը: 27-ամյա Ռուդոլֆ Զաբրոդինը 19 տարի հաշմադամ է: «Առավոտի» հետ զրույցում նա մեկ առ մեկ թվարկեց այն բոլոր անհարմարությունները, որոնց ամեն օր, ամեն րոպե բախվում է մեր երկրում ապրող սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդը: Եվ եթե մեր երկրում գործող հ/կ-ներն ուշադրություն չհրավիրեն նման մարդկանց խնդիրներին, ապա, ըստ Ռուդոլֆի, հասարակությունն այդպես էլ կշարունակի հաշմանդամին ընկալել որպես ոչ լիարժեք մարդ:

«Հայաստանում իմ պես մարդկանց համար խնդիրները բազմաթիվ են:  Հասարակական տրանսպորտից սկսած: Օրինակ՝ մութն ընկնելուն պես տեսողության խնդիր ունեցող հաշմանդամ մարդու համար տրանսպորտի համարները տեսանելի չեն, դրանք ոչ մի կերպ չեն երեւում, որոնք էլ լուսավորված են, ապա այնպիսի սխալ ձեւով է լույսն ընկնում, որ շփոթություն է առաջացնում: Հաճախ ուղղակի ենթադրաբար եմ նստում: Կամ թեքահարթակներն այնպիսի մեծ թեքությամբ են, որ պարզ երեւում է՝ ձեւի համար է դրված: Սակայն մեր հասարակության մեջ խնդիրները հատկապես հոգեբանական են»: Ռ. Զաբրոդինի խոսքերով, մեր հասարակությունն այդպես էլ չի ընդունում այն, որ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով եւ առողջ մարդիկ հավասար են. «Ես բարձրանում եմ տրանսպորտ, ու 80 տարեկան տատիկն ինձ տեղ է տալիս, ինչո՞ւ, երբ հակառակը պետք է լիներ»: Ըստ նրա, կարծրատիպերը երկկողմանի են. «Հաշմանդամներն էլ կարծում են, որ իրենք ընդունված չեն մարդկանց կողմից, իսկ հասարակությունը՝ որ հաշմանդամը լիարժեք մարդ չէ: Կան մարդիկ, որոնք ստեղծում են այդ կարծրատիպերը ու կան այնպիսիք, որոնք ջարդում են դրանք: Օրինակ, երեխան տեսնում է սայլակին նստած հաշմանդամի, որը մուրացկանությամբ է զբաղվում: Ծնողների համապատասխան մեկնաբանության արդյունքում երեխայի մեջ ձեւավորվում է հաշմանդամի նկատմամբ վերաբերմունքը, սերմանվում է կարծրատիպը: Հաջորդ օրերին երեխան տեսնում է հիմնարկում ղեկավար պաշտոն զբաղեցնող «սայլակավոր մարդուն» ու վերաբերմունքը լրիվ փոխվում է»:

Ռ. Զաբրոդինն այժմ չորրորդ կուրսի ուսանող է եւ պատրաստվում է մագիստրատուրա ընդունվել: Նա ընտրել է հոգեբանի մասնագիտությունը, ինչը, նրա կարծիքով, հնարավորություն կտա աշխատել մարդկանց հետ ու կոտրել հաշմանդամների նկատմամբ կարծրատիպերը: Նա իր օրինակի վրա է սովորել ուժ գտնել եւ ապրել բոլոր սովորական մարդկանց պես. «Մի քանի տարի առաջ մահացավ հայրս, եղբայրս եւ մայրս ՌԴ են մեկնել, բայց ես կարողանում եմ մենակ գլուխ հանել»: Ռուդոլֆը պատմեց, որ իր վերաբերմունքը իր իսկ վիճակին՝ փոխվեց հատկապես այն բանից հետո, երբ հաճախեց «Հույսի կամուրջ» եւ ծանոթացավ այլ երիտասարդների հետ, որոնք ավելի մեծ խնդիրներ ունեցող հաշմանդամ մարդիկ էին: Չնայած Ռուդոլֆը հաշմանդամ էր դարձել 4-րդ դասարանում, երբ ինքնաշեն պայթուցիկը նրա ձեռքում պայթել էր եւ դաստակից կտրել ձեռքը ու վնասել աչքերը, ինչի պատճառով նրա ուսումը դպրոցում կիսատ էր մնացել, նա 18 տարեկանում մի քանի դպրոցներ դիմելուց հետո, ի վերջո հաճախել է գիշերօթիկ դպրոց եւ այն հաջողությամբ ավարտել:

Նշենք, որ տղան այդ ընթացքում մի շարք վիրահատությունների է ենթարկվել եւ դժվար պահեր է ունեցել, այդուհանդերձ՝ Ռուդոլֆն իր կյանքում շատ հաջողությունների է հասել մասնավորապես սպորտի ոլորտում: 2008-2009 թթ.-ին անընդմեջ, նա լողով առաջին տեղ է գրավել, այնուհետեւ Հայաստանի հաշմանդամության ազգային ֆեդերացիայի կազմակերպած գովբոլի մրցույթում հայկական թիմը, Ռուդոլֆի մասնակցությամբ, նույնպես առաջին տեղն է զբաղեցրել: Նա բացատրեց, որ գովբոլ սպորտաձեւը հատուկ կույրերի համար է նախատեսված, խաղի ժամանակ բոլորի աչքերը կապում են, եւ հաղթանակը հնարավոր է միայն համառ ու երկարատեւ պարապելու եւ բացառապես ձայների վրա կենտրոնանալու դեպքում. «Սկզբում տղաներին անհավանական թվաց անգամ մասնակցությունը, բայց կամքն ու հավատը իրենցն արեցին՝ «Աբովյանի առյուծներ» թիմը հաղթեց: Այդ հաղթանակից հետո մեր թիմը մտերմացավ ու ամեն տարի ձմռանը Ծաղկաձոր՝ դահուկ քշելու, իսկ ամռանը Սեւան՝ առագաստանավ վարելու ենք գնում»:

«Հայկական ճամբար» հ/կ-ի կազմակերպած առագաստանավերի մրցույթում էլ այս թիմը գավաթ է վերցնում, իսկ 2010-ին Ռուդոլֆը լողով 3-րդ տեղ է գրավում, այս տարի էլ գովբոլի մրցաշարում կրկին առաջին տեղն է զբաղեցնում:

Այսօր նա յոթ մեդալ ունի:

 ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930