
Կա՞ արդյոք այդպիսի ինքնանվեր ու անձնուրաց սեր, գոյություն ունե՞ն տղաներ, ովքեր մի կողմ կդնեն իրենց եսամոլությունը և հանրության հանդեպ վախն ու թուլությունը ու կպայքանարեն հանուն սիրո:
Սովորում էր ԲՈՒՀ-ում, 3-րդ կուրսի ուսանողուհի էր…
Արտաքին տվյալներն և երկրպագուների անհամար բազմությունը փոքրիշատե վստահություն էին ներարկել իր մեջ: Սիրուն վերաբերում էր իբրև մարդկային ռոմանտիկայի ամենավառ դրսևորման և խիստ վերացական երևույթի, չէր էլ ենթադրում, որ տղաների հանդեպ խիստ արհամարհական վերաբերմունքը մի օր կվերածվի իսկական սիրո:
Ամիսներ առաջ հանդիպեց մի երիտասարդի, ով աղջկա առանձնակի ուշադրությանն արժանացավ իր յուրօրինակությամբ. նա հաճելի արտաքին ուներ, աներևակայելի խելացի ու բարեհաճ էր: Նրանց ընկերությունը տեղափոխվեց սոցիալական ցանց և այնտեղ հասավ մտերմության աստիճանի: Կարճ ժամանակ անց անցան հեռախոսային խոսակցությունների, և քանի որ միևնույն համալսարանում էին ուսանում, հանդիպումներն ևս անխուսափելի դարձան…. Երբեմնի diva-ն` ով չէր նկատում տղաների գոյությունը և նրանց համարում էր միատարր զանգված, հրապուրվեց, ավելին` սիրահարվեց:
Ամեն ինչ հարթ էր ընթանում, աղջիկը զղջում էր, որ թյուր կարծիք է ունեցել սիրո և տղաների մասին: Նա գտել էր իր ասպետին, նրանք երջանիկ էին… Նրա ընտանիքը տղային ընդունեց դրական: «Նա սիրում էր ինձ, ես` իրեն, թեպետ չէի խոստովանում»,- պատմում էր աղջիկը: Անհնազանդ և սկզբունքային աղջիկն մի կողմ էր նետել իր իսկ գծագրած կարծրատիպերի քարտեզն ու ապրում էր իր ասպետով: Դասերից հետո օրվա մեծ մասը միասին էին անցկացնում:
Գարնանային ուժեղ անձրևի տակ կիլոմետրերով քայլում էին, ծիծաղում, գրկում միմիանց: Երբ փարվում էր տղային իրեն ապահով էր զգում, այնքան ջերմ, որ աշխարհում ամեն բանի մասին մոռանում էր տղայի գրկում: Տղան այնքան հոգատար ու նվիրված էր թվում աղջկան, երբ աղջիկը հիվանդ էր, նա խնամում էր նրան, գդալ-գդալ կերակրում և կիսում աղջկա ծանր դրությունը իր ներկայությամբ: Այնքա՜ն քնքշորեն էր սիրում աղջկան, որ նրանց շրջապատում շատերն էին նախանձախնդրորեն մոտենում նրանց հարաբերություններին:
Սկսվեցին կոնֆլիկտներ, փոխադարձ մեղադրանքներ, ամենաաննշան հարցերի մանրախնդիր պարզաբանումներ, որոնք քայքայում էին նրանց հարաբերությունները: Աղջիկը աննկարագրելի կապվածություն էր զգում երիտասարդի նկատմամբ և աչք էր փակում նրա բնավորության անհեթեթ քմահաճությունների վրա` փորձելով պահպանել հարաբերությունները, իսկ տղան ոչինչ չէր անում: Վիրավորանքները, մեղադրալից տոնը աղջկա կոկորդը խեղդում էին, նա հազիվ էր զսպում արցունքները, հիշում էր իր հպարտության մասին, սակայն չէր կարողանում համակերպվել սիրելիից հեռու լինելու մտքի հետ:
Վերջապես մի օր հավաքեց համարձակությունը և հաղորդագրություն ուղարկելով ազդարարեց հարաբերությունների ավարտը… Տղան լռեց… Կարծես շատ հարմար իրավիճակ էր, նա չփորձեց որևէ կերպ դեմ գնալ այդ որոշմանը: Աղջիկը մտածում էր, որ շուտով կմոռանա տղային… Անքուն գիշերներ, թաց աչքեր, երաժշտություն, որոնք եռապատկում էին թախիծն ու դառնությունը` հիշեցնելով միասին անցկացրած լավ օրերը:
Սոցիալական ցանցում աղջիկն իր ընկերների միջից հեռացրեց թե՛ տղային, թե՛ նրանց ընդհանուր ընկերներին` հուսալով, որ առավել շուտ կմոռանա տղային, եթե նրա մասին հիշեցնող որևէ մեկը կամ որևէ բան չլինի իր շրջապատում:
Սակայն տղան շատ շուտ վերականգնվեց. ընկերացավ բազմաթիվ աղջիկների հետ, սկսեց երկխոսություններ ծավալել` ծաղրելով աղջկա զգացմունքները և ինքնասիրությունը: Լուսանկարներում նույնիսկ թեթևակի տխրություն չէր նկատվում նրա աչքերում, նա երջանիկ էր, կարծես ազատվել էր ծանր բեռից: Աղջկա հիասթափությունը օրըստօրե խորանում էր, խաբված լինելու զգացումը գումարվում: Ցաված սիրտը այլևս կորցրեց իր հավատը… Տղայի ցինիզմը անցավ հնարավոր և ենթադրելի բոլոր սահմանները` անարգելով աղջկան: Նա «նոր» աղջիկներին նույն երգերն էր նվիրում, որ այն աղջկա համար կենսական կարևորություն ունեին: Երբեմնի գեղեցիկ և հուզիչ տողերն այժմ երիտասարդը նվիրում էր ուրիշներին` անթաքույց պահելով իր ստորությունը:
Ստորացված ինքնասիրությամբ առաջ գնալն այնքան էլ դյուրին չէ, հատկապես երբ անմնացորդ նվիրել ես էությունդ ու դրա դիմաց գեթ սեր ակնկալել: Աղջիկը հուսալքվեց, նա իրավացիորեն կարծում էր, որ եղել է ուղղակի հաճելի ժամանցի առարկա, թվացյալ երջանկությունը երկար չտևեց, սակայն խորապես դրոշմ թողեց աղջկա կյանքում` թերարժեքության ինչ-որ զգացման սկիզբ հանդիսանալով: Բոլորին էլ հայտնի է, որ անհասանելի աղջիկներն առավել գրավիչ ու ցանկալի են: Երևի տղայի համար ուղղակի գերնպատակ էր աղջկան հասնելը և «իրենով անելը»: Ամիսներ շարունակ նա անվրեպ խաղում էր իր դերը, հույսեր ներշնչելով աղջկան, որպեսզի հետո հասցնի ջախջախիչ հարվածը: Նա աղջկան բարձրացրեց երկինք, ստիպեց սավառնել երկնային անհոգության մեջ և երազել, որ հետո հանկարծակի նետի վար` վիրավոր ու մենակ թողնելով «սիրելիին»…
Նորա Երզնկյան
Հայ բանասիրության ֆակուլտետ, 2-րդ կուրս
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»


















































