
2012-ի բյուջեի մասին ֆինանսների նախարարի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթները նախկին վարչապետը գնահատեց որպես առեւտրային բանկի վարկային բաժնի շարքային աշխատողի ելույթ. «Վարչապետն ասում է՝ թոշակները կբարձրանան 10 %, բայց չէ՞ որ պարենային գները կբարձրանան 15 %-ով»: Իսկ թոշակառուներին վերաբերող գնաճը, ինչպես Հ. Բագրատյանն ասաց, հենց պարենային գներն են ու կոմունալ ծախսերը, այլ ոչ թե ինտերնետի էժանացումը: «Կոչ եմ անում աշխատանքից վտարել վարչապետին, ԿԲ նախագահին եւ ֆինանսների նախարարին: Ֆինանսների նախարարն իր ելույթում ասում է. եթե Եվրոպայում լավ լինի, եղանակն էլ լավ լինի՝ բյուջեն կկատարեմ: Ես որեւէ անգամ չեմ վկայակոչել, թե սովետ է քանդվել կամ Եվրոպայում ճգնաժամ է: 1994 թվականին ԱՊՀ-ում առաջինը Հայաստանը աճ գրանցեց: Իսկ էս մարդիկ ասում են, որ Պորտուգալիայի գյուղերի բերքը վատ լինի՝ բյուջեն չի կատարվի: Սա արդեն հանրությանը ձեռ առնել է կամ ինքն է ձեռ առնված: Բացարձակապես չունենալով պատկերացում տնտեսության մասին, մտածելով միայն իր հետույքն ապահովագրելու մասին, որպեսզի հանկարծ իրեն աթոռից չզրկեն»:
Հրանտ Բագրատյանը, դատելով վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունից եւ օրերս ԱԺ-ում բյուջեի մասին ելույթից, վստահ է, որ Տիգրան Սարգսյանը մեր երկիրը կործանելու է. «էլի եմ զգուշացնում. ես լավ գիտեմ վարչապետին., նա մինչեւ չկործանի՝ չի գնա: ՀՀԿ-ն թող հետեւություններ անի: Գուցե ֆռռացրել է այդ կուսակցությանը: Չի կարելի գնալ ընտրությունների գոնե չնչին բան չխոստանալով ժողովրդին, հակառակը, ասում են՝ կվատանա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































