
Մեզ հետ զրույցում ուսանողներից մի քանիսը դժգոհեցին անցկացվող մրցանակաբաշխությունից՝ ակնարկելով՝ անարդար է ու անհասկանալի. «Համալսարանում սովորող ուսանողը չգիտի նման միջացառման մասին, չգիտի ինչ չափանիշներով են ընտրվում այդ լավագույն ուսանողները: Դուք դա համարու՞մ եք օբյեկտիվ: Ես էլ եմ ուզում ե մասնակցել, ընդգրկվել…»,- ասում է ուսանողներից մեկը: Մի ուրիշն էլ գիտի՝ ըստ մրցանակաբաշխության ժյուրիի լավագույնները նրանք են, ովքեր ընդգրկված են ուսանողական կառույցներում, որոշել է իր թեկնածությունն առաջադրի մյուս տարի, այն դեպքում, երբ համոզված լինի, որ թեկնածուների մեջ ուսանաղական կառույցներից «մարդ չի լինելու»: «Այսպես, կարծես, իրենք իրենց ընտրեն»,- ասում նա:
Ինչպես տեղեկացրեց ԵՊՀ ՈւԽ նախագահության անդամ Գայանե Դալլաքյանը, այսօր երրորդ անգամ կանցկացվելու էր «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, որը ոչ մի կապ չունի գարնանն անցկացվող մրցանակաբաշխության հետ: Այնտեղ կարևորվում է ուսանողի առաջադիմությունը` առաջին կուրսից սկսած, իսկ ՈւԽ-ի կողմից անցկացվող մրցանակաբաշխության ժամանակ հաշվի է առնվում ուսանողի արտալսարանական ակտիվությունը` մասնակցությունը` ֆակուլտետի և համալսարանի ուսանողական կյանքին, ՈՒԳԸ և ՈՒԽ անդամակցությունը, ինչպես նաև առկա տպագրված նյութերը: Մրցույթի անցկացման կարգին անդրադառնալով` Գայանեն հայտնում է. «Մրցանակաբաշխությանը կարող է մասնակցել 1-ին կուրսն ավարտած ցանկացած ուսանող: Սկզբում լրացվում են հարցաթերթիկները, հետո գնահատման սահմանված չափորոշիչներով ընտրվում են 5-ը, որնցից էլ հարցազրույցի միջոցով ընտրվում է մեկը: Մրցանակաբաշխությունը հենց այնպես չի արվում, ու աշխատում ենք հետաքրքրությունը միշտ պահել. 2-րդ փուլն անցնում է հարցազրույցի տեսքով, որի ժամանակ հանձնաժողովի անդամները, այդ թվում մասնակիցները, կատարում են փակ քվեարկություն` ընտրելով 1 մասնակցի: Քվեարկության արդյունքները չեն հրապարակվում մինչև նոյեմբերի 17-ը, և մենք տեղեկանում ենք արդյունքների մասին անմիջապես մրցանակաբաշխության ժամանակ»: Իսկ արդեն սովորական դարձած դժգոհություններին և դժգոհողներին անդրադառնալով՝ Գայանեն ասաց, որ դա բնական է, կարևորն այն է, որ իրենք հնարավորինս օբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում մրցույթին:
Հռիփսիմե Գալստյան


















































