
Եկեղեցին էլ պայքարում է երիտասարդներին ճիշտ ուղու վրա պահելու համար: Ինչպես նշում է Տեր Եսային, իրենց եկեղեցին ամեն ժամանակակից տեխնոլոգիա ունի, լինի դա համացանց, հատուկ ծրագրեր, համակարգիչ, պրոյեկտր, քսերոքս և այլն: Բացի այդ` այնտեղ ուսուցանվում են անգլերեն, ռուսերեն լեզուներ, ինչպես նաև` ժեստիկուլացիա: Շուտով այդ ծրագրի մեջ է մտնելու նաև գերմաներենը: Տարբեր մարզերում և մայրաքաղաքում գործում են երիտասարդական թեմեր, որոնք մշտապես կազմակերպում են ուխտագանացություններ, արշավներ, ֆիլմերի դիտումներ ու քննարկումներ: Սակայն, ըստ քահանայի, սրանք քիչ են, արդյունքն ակնհայտ է. օրեցօր են աճում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների թվերը:
Մշտապես մեր տներն են այցելում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամները, փողոցում իրենց գրքերն են առաջարկում այլ կազմակերպության ներկայացուցիչները: Շատերին է հետաքրքրում, թե ինչու եկեղեցին էլ չի դիմում նման քայլերի: Այս մասին Տեր Եսային ասում է, որ իրենք էլ են այցելում տներ, սակայն ի տարբերություն մյուսների` իրենք պատահական մարդկանց տներ չեն գնում, այլ իրենց ծխական անդամների: Բայց այստեղ ևս ուշագրավ խնդիր կա. «Մենք, երբ որ ընդունվում էինք ճեմարան, մեկ տեղի համար պայքարում էին 4-5 հոգի, այսօր երիտասարդների հետաքրքրությունն ու գրագիտությունը փոխվել են: Երիտասարդները չեն ուզում հոգևորական դառնալ, մտածում են` ինչի՞ գնան ճեմարան, 6 տարի տառապեն…»,- ասում է քահանան: Եզրափակում է` ամեն տարի ճեմարանն ավարտում են մոտովորապես 20 երիտասարդ, սակայն նրանցից էլ միայն մի մասն է դառնում քահանա. քահանաները քիչ են, իսկ աղանդավորները հազարներով են…
Սերինե Գաբրիելյան


















































