Երբ որեւէ քաղաքական ուժ հանկարծ հայտարարություն է տարածում, որ իրեն նախկինում անթաքույց սատարած լրատվամիջոցն իր հետ որեւէ կապ չունի, ակնհայտ է առնվազն երկու իրողություն։ Նախ՝ որ կան այլ լրատվամիջոցներ, որոնց այդ ուժը համարում է իր սեփականությունը, կամ, ավելի շուտ բոստանը։ Երկրորդ՝ տվյալ ուժի համար, ցենզուրայի «բարի» ավանդույթների համաձայն, ընդունելի են միայն սեփական որեւէ դատողություն չպարունակող, իրենց «վերջին ատյանի ճշմարտություն» համարող «պատի թերթերը»։ Եվ եթե որեւէ լրատվամիջոց, որին այդ ուժը իրենն էր համարում, «հանդգնում» է հանդես գալ սեփական դատողությամբ, ապա վերջ, լրատվամիջոցը դասվում է թշնամիների ու դավաճանների շարքը։ Երեւույթը զարմանալի չէր լինի, եթե այս գործելակերպը չդրսեւորեր ՀԱԿ-ը, որն օր ու գիշեր կուրծք է ծեծում, թե ինքը պայքարում է երկրում ժողովրդավարության, խոսքի ազատության «վերահաստատման» համար։
Երեկ «Ժամանակ» օրաթերթի մասին տարածած իր հայտարարությամբ ակնհայտ դարձավ, որ որքան էլ Կոնգրեսը փորձի չնույնանալ հհշականության հետ, այս ամենից հենց 90-ականների գարշահոտ է փչում եւ պարզ է դառնում, որ գործ ունենք այն նույն «ժողովրդավարների» հետ, որոնք ժամանակին իսկական ջարդ իրականացրեցին բոլոր այլախոհ լրատվամիջոցների, քաղաքական ուժերի եւ անհատների նկատմամբ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: