Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

«Չեմ պատասխանում ոչ մի հարցի»․ Գյումրու գլխավոր ճարտարապետը՝ Վարդան Ղուկասյանի դատական նիստին

Մարտ 24,2026 19:00 Share

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Վարդան Ղուկասյանի այսպես ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը։ Դատարանը փորձեց հարցաքննել մեղադրյալ Հենրիկ Գասպարյանին՝ Գյումրու գլխավոր ճարտարապետին, որը մեղադրվում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները օգտագործելով՝ գործարար Սևակ Գոմցյանին պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու նպատակով խոշոր չափերով՝ 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք գումար ստանալու մեջ։

Նա հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում։

Դատախազը ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքները։ Նախ տեղեկացրեց, որ 71-ամյա ճարտարապետը վատառողջ է, ըստ փաստաթղթերի՝ սիրտը ստենտավորված է, ինֆարկտ է տարել։ Վարդան Ղուկասյանը նստած տեղից հուշում էր, թե քննիչը չընթերցեց նրա հիվանդություններից մեկը։

Գլխավոր ճարտարապետը հարցաքննվել է մի քանի անգամ, ու ամեն անգամ հրաժարվել ցուցմունք տալ։

Առաջին անգամ հարցաքննվել է հոկտեմբերի 20-ին, երբ ոստիկանական ուժեր բերեցին Գյումրի՝ ողջ քաղաքի աչքի առաջ ցուցադրաբար ձերբակալելով Վարդան Ղուկասյանին, նաև Հենրիկ Գասպարյանին։

Հենրիկ Գասպարյանն այդ օրը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պատճառաբանելով․ «Հուզված եմ, չեմ կարող ցուցմունք տալ ինձ առաջադրված մեղադրանքի մասին»։

Քննիչը նրանից հետաքրքրվել է՝ ինչ հարաբերությունների մեջ է գտնվում Վարդան Ղուկասյանի հետ, որին պատասխանել է․ «Մեր հարաբերություններն աշխատանքային բնույթ են կրում»։

Նոյեմբերին տեղի է ունեցել երկրորդ հարցաքննությունը։

Հենրիկ Գասպարյանը դարձյալ հրաժարվել է ցուցմունք տալուց՝ այդ անգամ պատճառաբանելով․ «Ծանոթացել եմ մեղադրանքին, Սևակ Գոմցյանին առնչվող դրվագին չեմ կարող անդրադառնալ, դեռ չեմ մարսել ամբողջությամբ, դրանց կանդրադառնամ հետագայում»։

Նոյեմբերի 10-ին նորից է հարցաքննվել։

Գյումրու գլխավոր ճարտարապետը պատճառաբանել է, որ հիմնականում չի մարսել փաստաթղթաշրջանառությունը Սևակ Գոմցյանին վերաբերող փաստական տվյալների մասին, և դրանք նայելու, հիշելու, ամփոփելու հանգամանքներ կան։

«Երբ տիրապետեմ, կտամ ցուցմունք»,- ասել է նա։

Վարդան Ղուկասյանի տեղից արձագանքեց՝ «ճիշտն ասել է մարդը»։

Կատարվել է նաև առերեսում գործարար Սևակ Գոմցյանի և Հենրիկ Գասպարյանի միջև։

Հենրիկ Գասպարյանն ասել է․ «Մի քանի տարի է՝ ճանաչում եմ, թշնամանք, բարեկամություն չունեմ նրա հետ։ Ես ոչինչ չեմ ուզում պատասխանել Սևակ Գոմցյանի ասածներին»։

Այսօր դատարանը փորձեց նրան հարցաքննել, սակայն նա կտրականապես հրաժարվեց՝ մի քանի անգամ կրկնելով՝ «Չեմ պատասխանում ոչ մի հարցի, ցուցմունք չեմ տալու»։

Դատարանը նրանից հետո լսեց գործարար Սևակ Գոմցյանին, որ ըստ քրեական վարույթի, գլխավոր ճարտարապետը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները օգտագործելով՝ գործարար Սևակ Գոմցյանին պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու նպատակով խոշոր չափերով՝ 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք գումար են ստացել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031