Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ ենք մենք այսօր

Դեկտեմբեր 07,2011 13:38

Կամ ո՞վ ենք մենք, ի՞նչ իրական տեղ ենք գրավում այսօրվա աշխարհում:

Վերջերս մոսկովյան հեռուստատեսությամբ երկու հաղորդում դիտեցի «Թուրքական քայլերգ» վերնագրով: Առաջինը նվիրված էր Թուրքիայի անցյալին, երկրորդը` այսօրվա Թուրքիային ¨ ռուս-թուրքական հարաբերություններին: Հետաքրքրական հաղորդումներ էին, մասնակցում էին իսկական պրոֆեսիոնալներ, որոնք լավ գիտեին Օսմանյան կայսրության ¨ հանրապետական Թուրքիայի պատմությունը: Այդ հաղորդումների, մասնավորապես առաջինի մեջ ինձ զարմացրեց մի բան` ռուս գիտնականներն ու լրագրողները ոչ մի խոսք չասացին հին ու նոր Թուրքիայում հայերի հետապնդումների ¨ Ցեղասպանության մասին: Ընդ որում, վարողը` Վիտալի Տրետյակովը, հայտնի է իբր¨ հայերի նկատմամբ օբյեկտիվ վերաբերմունք ունեցող մարդ, նույնիսկ իբր¨ հայասեր. 2005-ի ապրիլին հատուկ հաղորդում է նվիրել հայոց ցեղասպանությանը: Այս փաստը նա հիշեցրեց առաջին հաղորդումից հետո  իմ գրած  ռեպլիկի առիթով, որի մեջ հասկանալի զայրույթ կար այդ վերաբերմունքի դեմ: Բայց իրենք` հաղորդման մասնակիցները, եր¨ի այնպես էլ ինձ չհասկացան («Մեզ չի հասկանա օտարերկրացին, մեզ չի հասկանա սառն օտարուհին…»): Նրանք խոսում էին իրենց պետության ¨ թուրքական պետության հարաբերությունների մասին, հարգանքով էին խոսում այսօրվա Թուրքիայի հաջողությունների մասին, տարբեր տեսանկյուններից նայում ռուս-թուրքական հարաբերություններին, ¨ այդ համատեքստում հայկական խնդիրը նրանց համար տասներորդական բան էր: Նրանք խոսում էին միջազգային կյանքի իրական համատեքստում երկու պետությունների գրաված տեղի մասին, իսկ այդ համատեքստում ՀՀ-ն դժվար թե լուրջ գործոն է: Իմ ¨ ցանկացած հայի զայրութը կամ վիրավորանքը այդ համատեքստում լուրջ արժեք չունի: Կյանքը առնվազն մեկ ու կես դար մեզ սովորեցնում է դա, բայց մենք համառորեն պահանջում ենք գնահատել մեզ ու դատապարտել Թուրքիային մեզ հետ այդքան վատ վարվելու համար… Վիտալի Տրետյակովը, կարծում եմ, իսկապես հարգում է հայերին ու նրանց պատմությունը, բայց նրա գիտակցության մեջ այդ նույն հայերն ու իրենց ¨ պատմությունը, ¨ ներկան միջազգային հարաբերությունների լուրջ գործոն չեն…

Ինձ թվում է, սա մեզ պետք է մտածել տա:  Ո՞վ ենք մենք, ի՞նչ իրական տեղ ենք գրավում այսօրվա աշխարհում: Եղիշե Չարենցը իր ողջ ստեղծագործությամբ ցանկանում էր մեզ ստիպել, որ հստակ, սթափ պատասխաններ գտնենք այս հարցերին: Բայց ոչ պատմության դասերը, ոչ էլ Չարենցի ստեղծագործությունը կարծես թե խրատ չեն մեզ: «Հ1» – ը մի հաղորդաշար ունի «Տեսանկյուն» վերնագրով, որի երիտասարդ հեղինակը  գնահատականներ է տալիս օրվա դեպքերին ու դեմքերին: Լավ է անում: Բայց ահա խոսում է Ադրբեջանի նախագահի մասին այսպես` «պուճուր խանը»: Եր¨ի երկար է մտածել ¨ շատ գոհ է իր գտած բնորոշումից: Իսկ ինձ վրա դա անլուրջ տպավորություն է թողնում: Ոչ թե այն պատճառով, որ Ալի¨ը արժանի չէ ամենախիստ գնահատականների: Բայց այդ «պուճուր խանը» ղեկավարում է մի երկիր, որ մեր թշնամին է այսօր, ¨ մենք պետք է այդ երկիրը ճիշտ գնահատենք: Երբ մենք ասում ենք «պուճուր խան» ¨ մեզ լավ ենք զգում այդ «պուճուրից», սա շատ վտանգավոր է: Այդ երկրի տնտեսությունը, միջազգային փորձագետների գնահատմամբ, կազմում է Հարավային Կովկասի  տնտեսության երկու երրորդը: Այսինքն, մեզ ¨ Վրաստանին բաժին է ընկնում մնացած մեկ երրորդը: Ա՛յս մասին պետք է մտածել: Մենք ինչքան ասես կարող ենք զանազան ածականներ տալ այդ երկրի նախագահին: Բայց, նախ, դա այլ¨ս մարդկանց չի համոզում, որովհետ¨ նրանք ոչ միայն «Հ1» են դիտում, այլ¨ փորփրում են ինտերնետը: Երկրորդը, դա շատ վնասակար պատրանք է ստեղծում հակառակորդի «պուճուրության»  ¨ մեր ուժի հարաբերակցության մասին: Այո, մենք գիտենք, որ այսօրվա Ադրբեջանի հարստությունը իրենց շնորհքը չէ, այլ նավթի ու գազի, որ թալանն ու կոռուպցիան Ադրբեջանում շատ ավելի մեծ չափերի են հասել, քան մեզ մոտ: Բայց ինչքան էլ գողանան` պետությունը հարստանում է: Եվ, վերջապես, հենց Ադրբեջանն ընտրվեց Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ (դարձյալ նավթի ու գազի շնորհիվ):

Թշնամուց չպետք է վախենալ, բայց պետք է իրականությունը ճիշտ գնահատել` ամեն վտանգի պատրաստ լինելու ¨ սեփական առաջընթացի ուղիները ճշտելու համար: Ու որ շատ ավելի կար¨որ է` մեզ,  մեր երկրի այսօրվա վիճակը պետք է կարողանանք ճիշտ գնահատել: Չպետք է թուլության բարդույթ ստեղծենք, բայց պետք է ճշմարտությունը գիտակցենք:

Ինձ համար շատ տարօրինակ էր մեր երկրի ղեկավարության, մտավորականության, լրագրողների վերաբերմունքը Շառլ Ազնավուրի հայտնի հարցազրույցի նկատմամբ: Մեծ երգիչ, որին մենք ոչ միայն սիրում ու գնահատում ենք Հայաստանի հանդեպ նրա անկեղծ զգացմունքների ու նվիրվածության համար, այլ¨ դիվանագիտական կար¨որ առաքելություն ենք վստահում: Եվ մենք ոչ մի հիմք չունեինք այդքան թեթ¨ նայելու նրա դառը խոսքերին այսօրվա մեր իրականության մասին: Դա այն դառնությունն է, որը նստած է մեր բոլորի մեջ:

Ի՞նչ է կատարվում այսօր մեր երկրում: Մենք ստեղծե՞լ ենք կամ ստեղծու՞մ ենք այն երկիրը, որն իսկական հայրենիք լինի մեր` նրա քաղաքացիների ¨ բոլոր հայերի համար: Երբ մենք անկախանում էինք, շատ էինք խոսում մեր հնարավորությունների մասին: Բայց ի՞նչ չափով իրականացրինք այդ հնարավորությունները:

Առաջին ¨ ամենավտանգավոր բացը` նոր պետության ղեկավարությունը հենց սկզբից որդեգրեց անհարգալից վերաբերմունք իր ժողովրդի հանդեպ: Ես գործածում եմ ամենամեղմ բառերը: Մեծ ու փոքր ղեկավարները կարծում էին, որ եթե իրենք մի քանի բան էին անգիր արել մասնավոր սեփականության ¨ կապիտալիզմի առավելությունների մասին, ապա իրավունք ունեին մի ամբողջ ժողովուրդ առաջնորդելու: Եվ առաջնորդեցին դեպի տնտեսության քայքայում ¨ ընտրությունների արդյունքների կեղծում: Ու չփորձեցին լսել ժողովրդին, խորհրդակցել մտավորականության  ¨ հասարակ մարդկանց հետ: Ղեկավարներից ամեն մեկը սպասում էր, որ իրեն փառաբանեն: Այդ երիտասարդ հեղափոխականների մեջ զարմանալիորեն չխոսեց պարտքը այն ժողովրդի հանդեպ, որին իրենք այնքան խոստումներ էին տվել ¨ որի ճակատագրի պատասխանատվությունը վերցրել իրենց ուսերին: Եվ դրա արդյունքը ի՞նչը եղավ: Մեկ միլիոն մարդ, ինչպես լսում ենք, հեռացավ երկրից: Դժբախտաբար, արտագաղթը չի դադարում:

Վերջերս ձեռքս ընկավ երկրորդ նախագահի մասին պատմող  հինգհատորյա (!) աշխատության մի հատորը, որի մեջ նրան համեմատում են Արտաշես Երկրորդի ¨ Տիգրան Մեծի հետ: Ոչ ավել, ոչ պակաս: Ես մտածում եմ, այդ ինչ վստահություն է իր անսխալականության հանդեպ, որ մարդուն (որին, անկախ իմ ընդհանուր վերաբերմունքից իր գործունեության հանդեպ, ես  խելոք մարդ եմ համարել) ստիպում է թույլ տալ, գուցե ¨ խրախուսել այդ զարմանալիորեն անգրագետ հայերենով գրված փառաբանության ասպարեզ գալը: Բայց սա միայն երկրորդ նախագահի խնդիրը չէ: Սա մեր ընդհանուր քաղաքական մշակույթի ¨ մթնոլորտի խնդիրն է… Չարժե՞ր այստեղ հիշել Մովսես Խորենացու հռչակավոր ¨ խորին դառնությամբ համակված խոհերը…

Երկրորդը մեր ավերված տնտեսությունն է: Այո, մենք բնական հարստություններ չունենք, բայց ունենք ժողովուրդ, որը ընդունակ է աշխատելու ¨ ստեղծելու, եթե հնարավորություն ունենա: Ինչո՞ւ է ստացվում այնպես, որ հայ մարդը իր պետությունից պիտի փախչի, որպեսզի կարողանա տանելի պայմաններ ստեղծել իր ընտանիքի համար: Ինչո՞ւ Հայաստանում այնպես էլ միջին խավը չի ստեղծվում, ինչո՞ւ է երկիրը բաժանված մի խումբ մեծահարուստների ¨ ժողովրդի գերակշռող զանգվածին, որն ապրում է աղքատության ¨ ծայրահեղ աղքատության մեջ: Քսան տարի է անցել անկախությունից, բայց կայունության ¨ ապահովության զգացում ՀՀ քաղաքացու մեջ այնպես էլ չի ստեղծվում: Մարդը` խելոք, գործունյա հայ մարդը, չի կարողանում իր տեղը գտնել մեր երկրում: Ինչքան էլ մենք հպարտանանք ՄԱԿ-ի առջ¨ ծածանվող մեր դրոշով, մեր պետականության խորհրդանիշներով, անվերջ տոնախմբություններ սարքենք ու հոբելյաններ նշենք (սրա կիրքը վերջերս շատ է ուժեղացել), ժապավեններ կտրենք, բռերով պատվավոր կոչումներ բաժանենք` արժանավորին ու անարժանին իրար խառնելով, այդ ամենը չեն փոխարինի այն ապահովությանն ու նվազագույն բարեկեցությանը, առանց որի երկիրը երկիր չէ, հայրենիք չէ…

Սրան գումարեք ամենաթողության այն մթնոլորտը, որի մեջ ապրում են մեծահարուստներն ու բարձրաստիճան պետական պաշտոնյաները, շքեղ առանձնատները ¨ մեքենաները, որոնք ճչում են տերերի գողության, թալանի, կոռուպցիայի մասին: Այդ պայմաններում շքեղության հարկը, որը կառավարության կողմից այնքան թմբկահարվում է, միայն ժպիտ է հարուցում: Մենք բոլորս ապրում ենք այդ մթնոլորտում ¨ տեսնում ենք, որ այդ մարդիկ բարձր են մեր բոլոր օրենքներից, որ նրանք խորին արհամարհանքով են նայում սովորական քաղաքացուն, որ ահա մի հազար դոլարի կաշառքի համար շարքային ծառայողին կարող են բռնել ¨ ցույց տալ հեռուստատեսությամբ, բայց միլիոնավոր դոլարների արժողությամբ առանձնատները ¨ մեքենաները միայն բարձրացնում են պաշտոնյայի կամ գեներալի պատիվը… Եվ դեռ որ¨է մեկը այդ մարդկանցից չի պատժվել (պատիժ ասածը ամեն¨ին բանտ ու գնդակահարություն չպետք է հասկանալ: Հասարակության համար ամենակար¨որը անպատժելիության վերացումն է ¨ հարկերի մուծումը բոլորի կողմից` համաձայն գոնե գործող օրենքների):

Վերջապես, մտավոր ներուժի մասին, որի վերաբերյալ այնքան շատ ենք խոսում: Ունենք այդ ներուժը: Հենց դա է, որ պետք է հակադրվի հար¨անների նավթին ու գազին: Բայց այդ ներուժը դանդաղ արտահոսում է Հայաստանից, սկսած պարզապես եռանդուն երիտասարդ մարդկանցից, որոնք չեն կարող իրենց եռանդը օգտագործել Հայաստանի տնտեսության մեջ, վերջացրած մտավորականներով, որոնք միայն արտասահմանում են գտնում մտավոր կարողությունները կիրառելու հնարավորությունը: Թող որ¨է մեկը հաշվի, թե քսան տարում քանի գիտնական ու արվեստագետ է հեռացել Հայաստանից, ¨ եթե նրանք մնային, ինչքան գործ կարող էին անել երկրի համար… Ազգային ակադեմիայում մի քանի հազար գիտաշխատող կա, որոնց մեջ շատ են իսկապես ընդունակ, տաղանդավոր մարդիկ: Քսան տարի իշխանությունները չեն կարողանում կամ չեն ուզում նրանց համար աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծել: Այդ քսան տարում ակադեմիայի գիտնականների աշխատավարձը եղել է ¨ մնում է ամենացածրերից մեկը հանրապետությունում: Մարդ մտածում է, որ իշխանությունները ակադեմիայի հարցում ուզում են աչքից էլ ազատվել, աչքացավից էլ: Բայց դա հենց այն մոտեցումն է, որ մեր ժողովրդի մտավոր ներուժը մեռցնում է: Եթե պետք է ակադեմիան արմատականորեն բարեփոխել, բարեփոխեք, բայց մի դատապարտեք այն դանդաղ մահվան…

Ուրախանանք, որ մեր երկիրը բարձր մրցանակներ է տալիս համաշխարհային հռչակ ունեցող գիտնականներին: Բայց ինտելեկտուալ աշխատանքը հարգող երկրի համբավ մենք պետք է նվաճենք առաջին հերթին  մե՛ր  գիտնականների աշխատանքով, մեր երկրի բարոյական ողջ մթնոլորտով:

Պարոն նախագահ.

Հներից մեկն ասում էր, որ վատ կառավարիչ է այն կառավարիչը, որի իշխանության ժամանակ իր ժողովուրդը պակասում է: Այնպես արեք, որ Ձեր իշխանության մնացած տարիներին ՀՀ բնակչությունը այլ¨ս չպակասի, այլ միայն ավելանա` ոչ միայն բնական աճի, այլ¨ հեռացածների վերադարձի շնորհիվ:

Դուք լավ բան արիք` նախաձեռնելով երիտասարդ մասնագետների համար բնակելի տների կառուցումը: Բայց սկսած լավ գործը պետք է շարունակել ¨ ընդլայնել:

Այս օրերին Ձեզ համար իրական հնարավորություն է ստեղծվում նոր էջ բացել ՀՀ պատմության մեջ: Խորհրդարանական ¨ նախագահական ընտրությունները հենց այն կետն են, որտեղից կարող է շրջադարձ սկսվել: Ցավալիորեն, նախընտրական բանավեճերում առայժմ չենք տեսնում  երկրի իրական վիճակի վերլուծություն, կոնկրետ ¨ իրատեսական ծրագրեր երկիրը ներկա վիճակից դուրս բերելու համար: Այս կլանային կռիվները անօգուտ ու անիմաստ են մեզ համար: Ստեղծեք մի իշխանություն, որին բոլորս վստահենք, այնպես արեք, որ Հայաստանը իսկական հայրենիք լինի իր քաղաքացիների ¨ ամբողջ հայության համար:

 

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031