Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր այդ երկաթբետոնե համառությամբ շատ ավելի մեծ վնաս եք հասցնում հեղափոխությանը, քան բոլոր հին ու նոր ընդդիմադիրները միասին». Ազատ Եղիազարյան

Սեպտեմբեր 22,2020 22:45

Նախարարը պետք է համագործակցության և հանգիստ, լուրջ գիտական բանավեճի դաշտ ստեղծի, և ոչ թե նոր պատնեշներ բարձրացնի կրթության ասպարեզում, գտնում է Ազատ Եղիազարյանը

Բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարար պ. Արայիկ Հարությունյանին

Պ. Հարությունյան

Ինձ Ձեր հրաժարականի խնդիրը չի հետաքրքրում: Ի վերջո, դա Ձեր քաղաքական ուժի և հրաժարական պահանջող ուժերի խնդիրն է: Ինձ /և ենթադրում եմ, բոլոր մտածող հայ մարդկանց/ ուրիշ բան է մտահոգում – ի՞նչ է լինելու հայ մշակույթի, կրթության, գիտության, այսինքն` ամբողջ հոգևոր ոլորտի ճակատագիրը, եթե այն բոլորը, ինչ-որ դուք ասում և նախագծում եք, իրականություն դառնա: Ենթադրում եմ, որ դա միայն Ձեր մտքի արդյունքը չէ, Դուք ունեք գաղափարակիցներ և պաշտպաններ, որոնք շատ բարձր դիրքեր են գրավում այսօրվա մեր պետության մեջ:

Այսինքն, Դուք ներկայացնում եք մի ամբողջ գաղափարախոսություն, որը, իմ տպավորությամբ, կարող է ավերիչ լինել մեր մշակույթի և կրթության համար: Այնպես, որ խնդիրը Ձեր անհատականության մեջ չէ: Բաց Դուք այդ գաղափարախոսության ամենաակտիվ պաշտպանն եք և իրականացնողը, ուստի իմ հասցեատերը Դուք պետք է լինեք: Ընդ որում, միանգամից ասեմ, ես չեմ սիրում մարդկանց մեղադրել դավաճանության, իր երկիրը չսիրելու մեջ, և այս տիպի բոլոր խոսակցությունները դուրս են իմ այս նամակի սահմաններից:

Ինձ շատ վախեցնում է Ձեր վճռականությունը՝ իրականացնելու կրթության արմատական վերակառուցումը, որը Դուք համարում եք Ձեր առաքելությունը: Լավ, թող լինի առաքելություն: Բայց Դուք գործում եք ոչ թե ինչ-որ վերացական տարածքում, ինչ-որ վերացական ժողովրդի մեջ, որը Ձեզ համար սպիտակ թուղթ է, և որի վրա Դուք կարող եք գրել Ձեր բոլոր հեղափոխական գաղափարները:

Դուք գործում եք մի ժողովրդի մեջ, որը ունի կրթության առնվազն 1500 տարվա պատմություն /եթե սկսենք հայ գրերի ստեղծումից/ և այդ ընթացքում ստեղծել է կրթության մասին իր պատկերացումները, իր ավանդույթները: Շատ ու շատ բան դրանցից հնացել է և մոռացվել, բայց ինչ-որ էական բաներ մնացել են, փոփոխվել են, հասել են մեր օրերը: Դուք շատ լավ գիտեք, որ բարեփոխումներին ոչ ոք դեմ չէ, բայց ի՞նչն եք բարեփոխում և ինչու:

Դուք մասնագետների հետ երբևէ խորհրդակցե՞լ եք, նախքան Ձեր առաքելությունն իրականացնելն սկսելը: Որտե՞ղ են Ձեր հեղափոխական բարեփոխումների արմատները, հայկական մտքի ո՞ր խտացման մեջ:

Այստեղ պետք է հիշեմ Ձեր կուսակցական ընկերներից մեկի ելույթը Ազգային ժողովի նիստում: Իմաստն այն էր, որ մենք արդեն սուվերեն պետություն ենք, և ազգայինի գաղափարը մեզ համար հրատապ չէ: Այսինքն, այդ գաղափարով մենք պայքարում էինք օտար տիրողների դեմ, իսկ հիմա դրա կարիքը չկա: Այս տիպի մոտեցումներում արտահայտվում է բուն կրթության էության խոր անըմբռնողություն: Կրթությունը չի կարող ազգային չլինել, դա արհեստական, անհող, անհեթեթ գաղափար է: Ազգային կրթությունը որևէ մեկին դիմադրելու համար չէ. դա նրա ժամանակավոր հատկանիշներից մեկն է: Ազգային դպրոցը տվյալ ժողովրդի զարգացման անհրաժեշտ պայմաններից մեկն է: Քանի դեռ ազգը կա, ժողովուրդը կա, նրա դպրոցը չի կարող ազգային չլինել: Իսկ ազգերը վերանալու՞ են: Դուք Ձեր առաքելությունը իրականացնելուց առաջ փորձե՞լ եք պատասխանել այս հարցերին:

Ոչ ոք չի ասում, որ այդ ընթացքում չպետք է դիմել ուրիշ երկրների փորձին: Պե՛տք է դիմել, վերցնել ամեն լավը, առանց ափսոսանքի հրաժարվելով հայկական հնացած և խանգարող ավանդույթներից: Բայց երբեք չմոռանալով, որ դուք աշխատում եք հին մի ժողովրդի համար, որը այդքան հեշտությամբ չի ընդունի Ձեր գուցե և հանճարեղ գաղափարները, որոնք խորթ են իրեն, ինչքան ուզում եք խոսեք Ձեր առաքելության և ձեր վճռականության մասին:

Վերջապես, եթե Դուք հավատացած եք, որ առաքելություն եք իրականացնում, Դուք պետք է շատ ավելի լրջորեն պատրաստվեիք դրան, քան հիմա մենք տեսնում ենք: Մենք ուշադրությամբ կարդում ենք Ձեր հանձնարարությամբ ստեղծված չափորոշիչները և տեսնում, որ դրանք հաճախ առանց որևէ քննական մոտեցման՝ վերցված են օտար աղբյուրներից, առանց հայկական իրողությունների մասին մտածելու: Ես արդեն մի քանի հրապարակումներում /Առավոտ, 1. 09, 2020, Գրական թերթ, 11. 09. 2020, ֆեյսբուք/ խոսել եմ մի քանի կոնկրետ հարցերի՝ չափորոշիչների և ծրագրերի մասին, այստեղ դրանց չեմ անդրադառնա.

Եվ ինչո՞ւ եք այդքան վստահ, որ Դուք ճիշտ եք. ես արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ բոլոր ժամանակների հեղափոխականներին հատուկ այդ հավատը կործանարար կարող է լինել և՛ մեզ բոլորիս, և՛ Ձեր ու Ձեր քաղաքական ուժի համար: Մյուս կողմից, իզուր եք Դուք Ձեզ նույնացնում հեղափոխության հետ, հայտարարելով, որ Դուք հեղափոխության առաջնորդներից եք եղել և եք: Շատ լավ: Բայց Դուք մի՞թե չեք հասկանում, որ Ձեր ձախողումների մեղքը նախապես արդեն դնում եք Ձեր քաղաքական ուժի ուսերին:

Դուք Ձեր կրթությամբ և դասախոսական աշխատանքի փորձով պետք է շատ ուշադիր լինեք հրապարակային ելույթների լեզվի նկատմամբ. բայց ահա վերը բերված խոսքերին հետևում է Ձեր մյուս հայտարարությունը, և ստացվում է, որ քանի որ Դուք հեղափոխության առաջնորդներից եք, Դուք հրաժարական չեք տա: Այսինքն, քանի որ Դուք Ձեզ համարում եք հեղափոխության առաջնորդներից մեկը, ուրեմն Դուք համարում եք, որ կրթության բնագավառում ինչ ուզեք, կարող եք անել, առանց խորհրդակցելու, առանց քննարկելու, առանց խնդիրների մեջ խորանալու: Շատ վատ տպավորություն եք ստեղծում հեղափոխության առաջնորդների մասին:

Որտեղի՞ց է Ձեր այդ թշնամանքը գիտնականների հանդեպ, այդ ի՞նչ լեզու եք գործածում մարդկանց նկատմամբ, որոնք վաստակ ունեն (մեծ կամ փոքր) հայագիտության ասպարեզում: Այդ լեզուն ոչ միայն խորապես անարդար է այդ մարդկանց հանդեպ, այլև վայել չէ մտավորականին՝ է՛լ խավարամիտներ, է՛լ կերակրատաշտից օգտվողներ /և այլն, և այլն/:

Մի՞թե Դուք, այս հայհոյանքներից բացի, ուրիշ փաստարկներ չունեք Ձեր դիրքերը պաշտպանելու համար: Մտավորականները, ես էլ նրանց մեջ, կարող են սխալվել (ինչպես բոլորը, այդ թվում և Դուք): Բայց նրանք մասնագետներ են, որոնց ասածների մեջ կրթության բարեփոխման համար շատ կարևոր բաներ կան: Այդ ի՞նչ բարդույթ է Ձեր և Ձեր աշխատակիցների մեջ, որը թույլ չի տալիս հանգիստ խոսել մտավորականների մասին, էլ չեմ ասում նրանց հետ: Եթե Դուք, իբրև նախարար, դժգոհ եք (գուցե և արդար) գիտական կազմակերպությունների աշխատանքից, Ձեր դժգոհությունը չպետք է տեղափոխեք գիտության և գիտնականների վրա: Եթե Դուք պիտի ասեք, որ մտավորականները երբեմն Ձեր նկատմամբ շատ խիստ լեզու են բանեցնում, ես կհամաձայնեմ:

Բայց Դուք մոռանում եք, որ նախարարը Դուք եք, ոչ թե նրանք, Դուք պետք է ի սկզբանե բանավեճին քաղաքակիրթ բնույթ տայիք: Բայց Դուք Ձեզ պահում եք այն մարդու պես, որը մտածում է ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ հակառակորդին ավելի սուր պատասխանելու մասին: Դուք երևի երբեմն պետք է մոռանաք, որ Դուք հեղափոխության առաջնորդներից մեկն եք, պետք է ավելի հաճախ Ձեզ զգաք իբրև նախարար, իբրև կառուցող:

Դուք կարո՞ղ եք հիշել մի հայ մտավորականի, որը դրական կարծիք արտահայտի Ձեր վերափոխումների և ծրագրերի մասին: Սա ձեզ շատ պետք է մտահոգի: Նախարարից սպասում են, որ նա պետք է համագործակցության և հանգիստ, լուրջ գիտական բանավեճի դաշտ ստեղծի, և ոչ թե նոր պատնեշներ (բարիկադներ) բարձրացնի կրթության ասպարեզում:

Թույլ տվեք նաև նկատել, որ Դուք Ձեր պահվածքով, Ձեր այդ երկաթբետոնե համառությամբ շատ ավելի մեծ վնաս եք հասցնում հեղափոխությանը, քան բոլոր հին ու նոր ընդդիմադիրները միասին: Ես դրա համար շատ ափսոսում եմ: Ես այն մարդկանց թվում եմ, որոնք հավատում են, որ 2018 թ. մայիսը Հայաստանի համար նոր ուղիներ բացեց: Ինչո՞ւ եք այդքան դժվարացնում այդ ճանապարհը:

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930