Լրահոս
Օրվա լրահոսը

Հապճեպ օրենքների ու որոշումների հետեւանքները

Դեկտեմբեր 22,2011 13:49

Երեւանցիների համար մանկապարտեզներն անխտիր անվճար դարձնելու մասին ավագանու որոշումը պետք է վերանայվի:

2008թ. մարտի 31-ին վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարության կողմից հավանության արժանացած Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի դրույթներում գրված է՝ նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի եւ մատչելիության բարելավումն է, իսկ ծառայությունների որակի բարելավման երաշխիքն առնվազն 2005 թվականին ընդունված օրենքով սահմանված աշխատավարձերի վճարումն է՝ տվյալ տարում պետբյուջեով սահմանված ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը:

Օրենքի ընդունումից անցել է 6 տարի, սակայն մինչ օրս օրենքի պահանջը չի կատարվում:

Հասարակությունը զարմացած կհարցնի, էդ ո՞վ է համարձակվել չկատարել օրենքը, երբ պետությանս երկրորդ նախագահի օրոք ամբողջ օրը «Հայլուրը» երկնիշ վագրային ցատկերով տնտեսական աճի մասին էր թմբկահարում, այսինքն փող կար, իսկ գործող նախագահն ու վարչապետն այսօր բոլորիս համոզում են, թե երկիրը դառնում է իրավական, այսինքն՝ օրենքի իշխանության երկիր: Իսկ հասարակ մահկանացուներս օրենքը խախտելու իրավունք չունենք, այդ իրավունքը վերապահված է միայն իշխանությանը, այս դեպքում՝ տարածքային կառավարման նախարարությանը, որը իշխանության տեղական մարմինների լիազոր պետական մարմինն է: Ինչպես հայտնի է հասարակությանը, մանկապարտեզները գտնվում են համայնքային իշխանությունների հովանավորության տակ, որոնք պետք է ապահովեն մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը: Տարածքային նախարարին, իմա՝ փոխվարչապետին, մարզպետներին բազմաթիվ հարցումներ եմ արել սույն անօրինականության մասին, ովքեր ոչ թե հերքել, այլ հիմնավորել են օրենքը չկատարելու փաստը եւ փորձել են արդարանալ՝ համայնքները փող չունեն: Ես էլ հենց այդ եմ ասում, եթե ՀՀ կառավարությունն օրենքն առաջարկում էր, ուրեմն փող ուներ, կամ եթե գիտեին, որ փող չունեն համայնքները, ինչո՞ւ էին օրենքն ընդունում:

Իրավական պետության մեջ Օրենքի պահանջի կատարումը իշխանության սուրբ պարտականությունն է, որն արդեն 6 տարի է՝ պահանջում են նախադպրոցական հիմնարկների աշխատակիցները, սակայն «ձայն բարբառո հանապատի»: Այժմ այն մասին, թե ինչ եղավ, երբ երեւանցիների համար նախադպրոցական հիմնարկներն անվճար դարձնելու մասին քաղաքապետարանը կայացրեց որոշում՝ առանց նախապես քննարկելու եւ ուսումնասիրելու որոշման հետեւանքները: Իհարկե պետք էր բոլոր երեխաների համար մատչելի դարձնել նախադպրոցական կրթությունը, սակայն, իմ կարծիքով, ոչ թե այդ, այլ սոցիալապես անապահով ընտանիքների համար անհատական ծրագիր իրականացնելու ճանապարհով: Այսօր Երեւանում գործող մանկապարտեզների խմբերում աշխատող մանկավարժներն ու դայակներն աշխատում են անթույլատրելի գերծանրաբեռնված՝ 50-ի հասնող երեխաների հետ եւ քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունը շատ լավ տեղյակ լինելով այս փաստին, չի պահանջում խմբերը կիսել, որվհետեւ լրացուցիչ ֆինանսավորում կպահանջվի: Արդյունքում տուժում է երեխան, նրա կրթությունը, այդ պայմաններում անհնար է յուրաքանչյուր երեխայի նկատմամբ պատշաճ, համբերատար ուշադրություն դարձնելը: Մանկավարժներն ու դայակները, որոնք մանկավարժներից շատ ավելի քիչ են վարձատրվում, աշխատում են իրենց խաբված զգալով եւ վիրավորանքը սրտում: Անհնարին է, որ նման պայմաններում չծաղկի կոռուպցիան: Քանի որ անվճար է, կարող են հարկի ու անհարկի գումարներ հավաքել ծնողներից՝ հիմնավորելով ծանրաբեռնված խմբերում այս կամ այն իրի պակասությունը՝ մահճակալից ու աթոռից սկսած: Անհրաժեշտ է համատեղել համայնքի եւ ծնողի օրինական ներդրումը: Միայն համայնքի բյուջեն ի զորու չէ ապահովել նախադպրոցական կրթությանն անհրաժեշտ ծախսերը: Վերջապես, ինչո՞ւ ես եւ սոցիալապես անապահով ընտանիքը նույն պայմանով պետք է օգտվենք այդ ծառայությունից, սա նույնիսկ ամոթ է ապահովված ընտանիքի պարագայում:

Մանկապարտեզներում առկա այս եւ այլ փաստերի մասին բարձրաձայնեցին դեկտեմբերի 9-ին «Վորլդ Վիժնի» կազմակերպած «Ներառական կրթությունը որքանով է ներառական» քննարկման ժամանակ ներկա մանկապարտեզների տնօրեններ, տարբեր կազմակերպությունների եւ հ/կ-ների ներկայացուցիչներ: Խոսեցին հատկապես այն մասին, որ նման ծանրաբեռնվածության դեպքում չի կարող իրականացվել լիարժեք ներառական կրթություն, որի ներդրումն անհրաժեշտ է սկսել նախադպրոցական հասակից: Իսկ քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչը ներկայացրեց, թե Երեւանի որ մանկապարտեզներն են դառնալու ներառական, այսինքն՝ քաղաքապետարանը այդ մի քանի մանկապարտեզներում հատուկ մանկավարժ, հոգեբան ու սոցիալական աշխատող պահելու համար պետք է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնի, որը չլինելու դեպքում կտապալի ներառական կրթության ծրագիրը: Իսկ այն կրթության ոլորտում արդեն հայտարարված է որպես պետական քաղաքականություն, եւ երկիրն աստիճանաբար գնում է դեպի համընդհանուր ներառական կրթության կազմակերպման՝ նախադպրոցական տարիքից սկսած: Քաղաքապետարանը պետք է նաեւ նկատի ունենա, որ յուրաքանչյուր վարչական տարածքում ներառական մեկ մանկապարտեզի գոյությունը նախ կենթադրի այդտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կուտակում, երկրորդ՝ շատ երեխաներ հեռավորության պատճառով կզրկվեն նախադպրոցական կրթությունից, որը կհակասի ՀՀ 2011-2016թթ. կրթության զարգացման ծրագրով պետության ստանձնած պարտավորությանը:

Առաջարկում եմ Երեւանի քաղաքապետ պարոն Մարգարյանին ուսումնասիրել քաղաքի ենթակայության մանկապարտեզներում խմբերի ծանրաբեռնվածությունն ու համապատասխանաբար վերանայել երեւանցիների համար մանկապարտեզներն անխտիր անվճար դարձնելու մասին ավագանու որոշումը:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031