Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կցանկանայինք, որ այդ օրը մեզ հետ լինեին եւ հոբելյանական համերգային ծրագրին մասնակցեին մեր բոլոր նախկին սաները եւս»

Մարտ 06,2024 12:30

Սա Ալվարդ Նալբանդյանի ցանկությունն է իրենց՝ Երեւանի քաղաքապետարանի Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի հոբելյանին նվիրված գլխավոր միջոցառման առիթով:

Երեւանի քաղաքապետարանի Յու. Բախշյանի անվան Մանկական ֆիլհարմոնիան այս տարի կնշի հիմնադրման հոբելյանական՝ 30-ամյակը։ Ի դեպ, տարին հոբելյանական է նաեւ «Առավոտ» օրաթերթի համար, որը ֆիլհարմոնիայի հասակակիցն է եւ իր գործունեության ողջ ընթացքում հետեւել ու անդրադարձել է այդ մշակութային օջախի գործունեությանը։

Յուրի Բախշյանը՝ ֆիլհարմոնիայի ստեղծման մեկամյա հանդիսավոր երեկոյին (1995թ.)։

Հիմնադրումից մինչ օրս Մանկական ֆիլհարմոնիան (հիմանդիր տնօրեն Սարգիս Մարգարյան) հագեցած ստեղծագործական ուղի է անցել։ Այստեղ գործում են ժողգործիքների նվագախումբ (ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հայկ Գրիգորյան), էստրադային նվագախումբ (ղեկավար՝ Ստեփան Գեւորգյան, խորհրդատու՝ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյան), կամերային նվագախումբ (ղեկավար՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աիդա Նալբանդյան), փողային նվագախումբ (ղեկավար՝ Մուրադ Գեւորգյան), երգչախումբը (ղեկավար՝ Նաիրա Մելիքյան), պարի խումբ (ղեկավար՝ Հայկազ Ավագյան), «Սթայլ» պարի խումբը (ղեկավար՝ Նոննա Բաբաջանյան), դասական պարի խումբ (ղեկավար՝ Հրաչյա Հովհաննիսյան), ազգային երգի դասարան (ղեկավար՝ Անուշ Ալավերդյան) եւ վոկալի դասարան (ղեկավար՝ Տաթեւ Քոլոզյան)։

Տիկին Բախշյանը սաների հետ:

Հանդիպեցինք Մանկական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալվարդ Նալբանդյանին, որին խնդրեցինք հակիրճ ներկայացնել երեք տասնամյակների գործունեության հիշարժան փաստերը։ Մեր զրուցակիցը ժպտալով հայտնեց, թե իրենց խմբերի յուրաքանչյուր ելույթ՝ լինի Երեւանում, մարզերում կամ արտասահմանում, հիշարժան է, այնուամենայնիվ սեղմ ներկայացրեց. «Ֆիլհարմոնիայի հիմնադրումից ընդամենը մեկ տարի անց՝ 1995թ., ժողգործիքների նվագախումբը հայ համայնքի հրավերով ելույթներ է ունեցել Ստավրոպոլում, հաջորդ տարի հայաստանյան «Իմ ազատ եւ անկախ հանրապետությունը 5 տարեկան է» մրցույթում արժանացել է «Լավագույն կազմակերպություն» կոչմանը եւ որպես մրցանակ ստացել «Weinbach» դաշնամուր։ Հենց այդ տարի էստրադային նվագախումբը մասնակցել է Դնեպրոպետրովսկում անցկացվող հայկական մշակույթի օրերին։ 1997-ին, դարձյալ հայ համայնքի հրավերով, ժողգործիքների նվագախումբը համերգներ է ունեցել Սոչիում եւ մասնակցել է հայկական  մշակույթի օրերին։ Ընդ որում, 2001թ., երբ ֆիլհարմոնիան անվանակոչվեց Յուրի Բախշյանի անունով, մեր էստրադային եւ կամերային նվագախմբերը մասնակցեցին քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված մրցույթ-փառատոնին եւ արժանացան գրան պրիի ու «Ոսկե արծիվ» մրցանակի։


Մեր սաներն առաջին մրցանակների են արժանացել նաեւ միջազգային մրցույթներում։ Նշեմ 2002թ. Սոչիում անցկացված «Բարեկամների երիտասարդ ձայներ» եւ 2003-ին «Փոխենք աշխարհը դեպի լավը» փառատոները։ Մեր սաները քանիցս եղել են «Արտեկ» մանկական միջազգային կենտրոնում, մասնակցել «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Հետագա տարիներին մասնակցություն ենք ունեցել նաեւ Սիրիայում, Հունգարիայում, Հունաստանում, Վրաստանում անցկացված միջազգային փառատոներին եւ այլն, եւ այլն»։

Մանկական ֆիլհարմոնիայի ստեղծագործական խմբերը

Տնօրենը հաստատելով մեր տեղեկությունը, թե այս օրերին իրենք պատրաստվում են անցկացնել «Ոսկե սրինգ» մրցույթ-փառատոնը (ի դեպ, այս փառատոնն անցկացվում է 2002թ., տարբեր անվանակարգերում- Ս. Դ.), առանց փակագծեր բացելու ընդամենն ասաց, որ միջոցառումը կայանալու է մարտի 17-ին, ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն մեր ճանաչված գործիչները, իսկ մրցույթ-փառատոնը այս տարի անցկացվելու է երեք անվանակարգում՝ ակադեմիական, էստրադային եւ ժողովրդական երգեցողություն։ Հավելեց նաեւ, որ այս ձմռանը իրենք կազմակերպել են «Ձմեռային Ծաղկաձոր» փառատոնը, որին մասնակցել են նաեւ մարզերից ներկայացուցիչներ։ Հիշեցնելով, որ ֆիլհարմոնիայի 25-ամյա հոբելյանին ականատեսը եղանք իրենց կոլեկտիվների ելույթներին, որոնց մասնակցում էին նաեւ նախկին սաները, հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է  հնչելու ֆիլհարմոնիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների գլխավոր ակորդը։ «Հոբելյանը կտոնենք մեծ գալա համերգով, երեւանյան որեւէ դահլիճում եւ շատ կցանկանայինք, որ այդ օրը մեզ հետ լինեին եւ մեծ համերգային ծրագրին մասնակցեին մեր բոլոր նախկին սաները եւս»,- ասաց տնօրենը։

Զրույցի ընթացքում Ալվարդ Նալբանդյանը քանիցս նշեց, որ տարբեր տարիների իրենց սաները համալրում են հայաստանյան պետական կոլեկտիվները, այդ թվում՝ ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ, Ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբերը, ջազ բենդը եւ այլն, բարձրաձայնելով նաեւ իրենց նկատմամբ Երեւանի քաղաքապետի ու քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի, ինչպես նաեւ Յուրի Բախշյանի տիկնոջ՝ Անահիտ Բախշյանի մեծ ուշադրության ու ջերմ վերաբերմունքի մասին։

Վերջում մի ցանկություն. Երեւանում 2023թ. բացառիկ երեւույթ դարձան Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ Թումանյանի անվան զբոսայգում անցկացված «ամառային» բալետային երեք եւ «աշնանային» բացօթյա ներկայացումները։ Ընդհանուր հաշվով ներկա գտնվեց գրեթե 50 հազար հանդիսատես։ Վստահ ենք, որ Մանկական ֆիլհարմոնիայի համար այս հոբելյանական տարում վերջինիս կոլեկտիվների, խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ, օրինակ, հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, նման ձեւաչափով անցկացվող միջոցառումը ոչ միայն այդ օրվա հիանալի եզրափակիչ ակորդը կլինի, այլեւ հրաշալի նվեր մեր մանուկներին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031