Լրահոս
Օրվա լրահոսը

Մեջ-մեջ մի արեք ավելցուկը

Հունվար 13,2012 13:17

ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը՝ Հայաստանի ԱԺ ընտրության եւ Ադրբեջանի նախագահի պահվածքի մասին

2011-ի ավարտին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն, նախաձեռնեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու գործընթաց: Դրան միացավ գրեթե ողջ ընդդիմադիր դաշտը՝ իբրեւ հիմնական փաստարկ նշելով, թե սա լավ հնարավորություն է իշխանության համար՝ քայլ կատարելու դեպի ազատ եւ արդար ընտրություններ: Մի բան, ինչի անհրաժեշտության մասին ավելի շատ հենց իշխանության տարբեր մակարդակի ներկայացուցիչներն են խոսում: Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը ներկայացվել է ԱԺ քննարկմանը: Բավականին հետաքրքիր է իշխող կոալիցիայի ներկայացուցիչների արձագանքը: Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը երեկ հայտարարել է, թե խորհրդարանական ընդդիմության՝ մեծամասնական ընտրակարգը վերացնելու մասին առաջարկը կմտնի ԱԺ օրակարգ, բայց չի ընդունվի, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը քաղաքական որոշում ունի ընտրություններից առաջ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ չիրականացնելու: Նա նաեւ ժամկետային առումով էր անհնար համարել ընդդիմության առաջարկի իրականություն դառնալը:

Երեկ «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս տեսակետին՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը նկատեց. «Այդ տղան մի ուրիշ տարօրինակ բան էլ է հայտարարել, որ իբր Ռուսաստանում ընտրությունները ցույց տվեցին, որ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելն անհրաժեշտություն է: Ես չեմ կարողանում հանրապետականների տրամաբանությունը հասկանալ: Թողնենք դա: Բայց ես կարծում եմ, որ եթե դրա անհրաժեշտությունը կա՝ պետք է անել, եւ կապ չունի, թե առաջարկությունը երբ է եղել»: Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ որոշ կուսակցություններ, որոնց մեջ նաեւ ՀԴԿ-ն է, այլ փոփոխությունների տեքստ են համաձայնեցնում, որն օրերս վերջնական տեսքով կհրամցվի հանրությանը: Առաջարկություններից մեկն էլ այն է, որ կուսակցություններին հնարավորություն տրվի ոչ միայն ընտրագրավ վճարելով, այլ նաեւ ստորագրահավաքով մասնակցել ընտրություններին՝ 50 հազար ստորագրություն՝ կուսակցությունների դեպքում, 75 հազար՝ դաշինքների. «Նրանք, ովքեր շատ են ուզում փող մուծել, թող գնան ու մուծեն, մենք դեմ չենք: Բայց մենք իրավունք պետք է ունենանք նաեւ ժողովրդի համապատասխան աջակցությունն ունենալով՝ մասնակցել ընտրություններին»: Կա նաեւ մեկ այլ առաջարկ՝ հստակեցնել մեկ մանդատին համարժեք ձայների քանակը. «1995-ից սկսած՝ միշտ ավելցուկ է լինում. 1999-ին՝ 20 տոկոս, 2003-ին՝ 24 տոկոս, 2007-ին՝ 25 տոկոս: Այդ ձայներն ուղղակի բաշխվեցին 5 տոկոսն անցած կուսակցություններին, նրանք այդքան նվեր ստացան: Բայց զավեշտն այն է, որ լիբերալ կուսակցությունները սոցիալիստական գաղափարախոսություն կրող կուսակցությունների ձայներն են իրար մեջ բաշխում: Այս պարագայում մենք գտնում ենք, որ պետք է մեկ մանդատի թիվը որոշվի, պարզ թվաբանություն է, եւ իր մեկ-երկու տեղը ստանա այն կուսակցությունը, որը վաստակել է իր ձայները: Դա կլինի արդարացի»:

Հայաստանյան իրողություններից անցնելով տարածաշրջանային զարգացումներին՝ Արամ Սարգսյանը մտահոգություններ հայտնեց, որ առաջիկայում հնարավոր է ավելանան հարեւանների հետ ՀՀ-ի լարվածությունները: Իրան-ԱՄՆ պայթյունավտանգ հարաբերությունները, մեր զրուցակցի կարծիքով, անմիջական անդրադարձ կունենան Հայաստանի վրա՝ «նկատի ունենալով այն հանգամանքը, որ պարոն Ալիեւը քնում-արթնանում՝ սպասում է, թե երբ են Իրանի, ԱՄՆ-ի կամ Արեւմուտքի, Իսրայելի միջեւ հակասություններն այնքան խորանալու, որ վերածվեն պատերազմական գործողությունների, որպեսզի Ադրբեջանն էլ հարձակում կազմակերպի ԼՂՀ-ի վրա»: Ըստ մեր զրուցակցի ունեցած տեղեկությունների՝ Ալիեւն արդեն «առեւտուր» է անում եւ ռուսների, եւ ամերիկացիների հետ, որոշ խնդիրներ է նրանց առջեւ դնում, որպեսզի Ադրբեջանի հնարավոր գործողությունների նկատմամբ լոյալ վերաբերմունք դրսեւորեն: «Ոչինչ բացառել հնարավոր չէ: Զարգացումները տանում են նրան, որ օր օրի լարվածությունը մեծանում է, ոչ մի կողմը չի ցանկանում զիջել, եւ եթե իսկապես հունվարի 30-ին Եվրամիության երկրները որոշում կայացնեն, որ Իրանի նավթի էքսպորտը պետք է արգելվի, այդ դեպքում շատ հավանական է, որ Իրանը համապատասխան քայլեր անի, ինչի մասին արդեն հայտարարել է: Այստեղ արդեն իրադարձությունների կանխատեսումը շատ բարդ է: Ես այդ մտահոգությունն ունեմ, որովհետեւ 2008 թվականին, երբ վրաց-օսական հակամարտությունը սկսվեց, Ադրբեջանն անպայման ցանկանում էր օգտվել այդ իրավիճակից եւ իր հերթին հարձակվել ԼՂՀ-ի վրա: Ես այդ ծրագիրը բացահայտել եմ այն ժամանակ, հրապարակավ ելույթ եմ ունեցել նաեւ Ստեփանակերտում կայացած լսումների ժամանակ, եւ ադրբեջանական կողմից որեւէ հերքում չի եղել: Այդպես էլ կար: Նույնը կարող է լինել նաեւ այս պարագայում, երբ Իրանի հետ կապված իրադարձությունները զարգանան»,- ասում է Արամ Սարգսյանը: Հետաքրքրվեցինք՝ հունվարի 23-24-ին Սոչիում կայանալիք Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան հնարավոր հանդիպումը, ինչը պաշտոնական աղբյուրները չեն հաստատում, բայցեւ չեն էլ հերքում, մեր զրուցակցի արտահայտած մտահոգությունների շրջանակո՞ւմ է: Ըստ Արամ Սարգսյանի՝ այդ հանդիպումը կայանալու է, տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, եւ այն առնչվում է նաեւ իր մտահոգությունների հետ. «Բայց կան նաեւ անուղղակի փաստեր, որ Ադրբեջանն այնքան ոգեւորված է զինտեխնիկայի իր կուտակումից, որ, իսկապես, ինչ-որ տեղ դա պետք է օգտագործի: Կան տվյալներ, որ իրենք վարձկաններով են համալրում իրենց բանակը՝ այդ տեխնիկան գործի դնելու համար, ու արդեն, կարծես, օրինաչափություն է դառնում, որ ամեն նման մի հանդիպումից հետո Ալիեւն ինչ-որ ավանտյուրա է անում: Նա կարող է գնալ հանդիպման ու հետո անկանխատեսելի քայլեր անել, իսկ մենք պետք է պատրաստ լինենք»: Իսկ ո՞րն է այդ հանդիպման նպատակը, քանի որ օրակարգի մասին ոչինչ չի խոսվում՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ օրակարգը չի փոխվել, նույնն է, որովհետեւ ԼՂՀ հարցի բանակցային գործընթացը փակուղում է. «Ես կարծում եմ, որ ճիշտ կանեին, եթե բանակցային գործընթացի փոփոխություն նախատեսեին՝ հրաժարվեին մադրիդյան տխրահռչակ սկզբունքներից եւ նոր օրակարգ ձեւավորեին, բայց ցավոք, ուղղակի չեմ հավատում, որ Ադրբեջանը պատրաստ է հարցի խաղաղ լուծմանը: Թերեւս պատահական չեն այն լուրերը, որ ժամանակին պարոն Ալիեւը ԱՄՆ ներկայացուցչին հայտարարել է, որ ինքն, այո, պատերազմ չի նախատեսում, բայց այսպիսի լարվածության մեջ պահելով հայկական կողմին՝ փորձելու է սնանկացնել հայկական պետությունները, որովհետեւ մենք չենք դիմանա սպառազինությունների մրցավազքին, եւ նա առանց մեծ ջանքերի կիրականացնի իր նպատակը: Հավանաբար, նրա այդ ծրագիրը մոտ ապագայում իրականանալի չէ, հետեւաբար չի բացառվում, որ նա նոր ավանտյուրայի գնա»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031