Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանասյան. Քաղաքական փաստարկների հայկական փաթեթն աղքատ է

Հունվար 19,2012 16:43

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Ադրբեջանն անօրինականություն է թույլ տվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Շուշի» հիմնադրամի նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանը եւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, միջազգայնագետ Ալեքսանդր Մանասյանը ներկայացրին անօրինականությունը պարզաբանող բաց նամակը` ուղղված Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին: Բանախոսների ներկայացմամբ ` խնդիրը դուրս է մնացել հայ դիվանագետների ուշադրությունից:

Նամակում մասնավորապես գրված է. «1991թ. ստեղծված ադրբեջանական հանրապետության ներկայիս առաջնորդները հայտարարում են, որ իրենց այսօրվա պետությունը Օսմանյան Թուրքիայի բանակի կողմից 1918-20 թթ. Գյանջա քաղաքում հայտարարված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության օրինական ժառանգորդն է : Բայց 1918-20 թթ. Օսմանյան բանակի զավակ ԱԴՀ-ն միջազգային հանրության կողմից , այսինքն` «դե-յուրե» ճանաչված չէր: Այն չէր ճանաչել ոչ Անգլիան, որը 1919թ-ից զորք էր մտցրել այդ ինքնահռչակ երկիր, ոչ նրա հիմնադիր Թուրքիան, ոչ էլ միջազգային այլ սուբյեկտ: Հետեւաբար` ԱԴՀ-ի ցանկացած ներքին օգտագործման փաստաթուղթ, որում նկարագրված են այդ պետության ենթադրյալ սահմանները, չեն կարող ունենալ միջազգային իրավունքի նորմատիվային հատկանիշ: Իսկ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն չճանաչված սահմաններով երկրին բռնակցումը միջազգային օրենքների խախտում է»:

Բ. Կարապետյանը հավելեց, որ Ադրբեջանի քարոզչությունը թմբկահարում է տարածքային ամբողջականության իրավունքն այն պարագայում, երբ իր սահմաններն անօրինական են. «Եթե իրենք փորձում են կեղծիքով իրենցն առաջ տանել, ապա մենք պետք է ժամանակին օգտագործենք մեր հնարավորությունը»:

Ալեքսանդր Մանասյանը չբացառեց այն հանգամանքը, թե Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները տեղյակ են վերոհիշյալ անօրինականությունից, իսկ այն, ինչ արվում է ԼՂ-ի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, հաճախ կախված է միջազգային հանրության կարծիքից. «Մեր խնդիրն է` ցույց տալ ներքաղաքական փաստարկները, բայց, ցավոք, քաղաքական փաստարկների հայկական փաթեթն աղքատ է»:

Բանախոսը նշեց, որ տվյալ խնդրի «կերպարի» փոփոխման հարցում մենք ետ ենք մնում. «Մեր երեք նախագահների կատարած շտկումները բավարար չէին: 2012-ը պետք է հռչակել հակամարտության կերպարի փոփոխման տարի, ինչը հնարավոր է»:

Բ. Կարապետյանն ընդգծեց այն հանգամանքը, որ Հայաստանը չունի իրավագետ-միջազգայնագետներ, ովքեր կկարողանան ժամանակին օգնություն ցույց տալ:

Նամակից հրապարակախոսն առայժմ ակնկալում է միջազգային հանրության կարծիքի վրա ազդեցություն, իսկ Ա. Մանասյանի խոսքերով` նամակն առայժմ բանակցային գործընթացի վրա վճռական ազդեցություն չի ունենա:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031