Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Մարտ 14,2024 12:30

Սկիզբը՝ այստեղ:

20. Հոլիվուդյան ունիվերսալ սինեման

Եդուարդ Բադունցը Գլենդելում հայտնաբերելով ինձ, տարբեր վայրեր այցելելու առաջարկություններ է անում, որոնցից գայթակղիչ էր «Ունիվերսալ սինեմա» զբոսաշրջային ծրագիրը: Չնայած երկուշաբթի է, կինոֆիլմեր սիրողների հոսքը դեպի Հոլիվուդի զբոսաշրջային տարածք չէր դադարում: Տոմսերը, յուրաքանչյուրիս համար $140-ական, Բադունցը ձեռք էր բերել նախապես օնլայն կապի միջոցով:

Առաջինը զբոսաշրջիկներին դիմավորում է հարթակի վրա կինոնկարահանման խմբի աշխատանքային պահը պատկերող քանդակների խումբը: Ռեժիսորը ինչ-որ բան է բացատրում դերասանին, երեւի իր դժգոհությունն է հայտնում էպիզոդից ու նոր կադր նշանակում: Օպերատորը ամբարձիչի վրա տեղադրված կինոխցիկով նկարահանում է, իսկ աղջիկը ձողի վրա ամրացված միկրոֆոնով ձայնագրում է:

Զբոսաշրջիկները սիրում են նկարահանվել այդ քանդակների մոտ:

Էդուարդ Բադունցի հետ հերթի կանգնեցինք, ստանալով եռաչափ ակնոցները, տեղավորվեցինք ավտոբուսում եւ ընթացանք դեպի կինոհրաշքների աշխարհը: Ամենուր տարբեր ժամանակներ ու ոճեր պատկերող քաղաքային մթնոլորտ պատկերող դեկորացիաներ են: Ահա այս մեկը կովբոյական հայտնի ֆիլմերի «Վայրի արեւմուտք» պատկերող դեկորացիաներ են, կամ թե՝ հին ռազմական տեխնիկա:

Մի տեղ հավաքել են ֆիլմերում նկարահանած հին ավտոմեքենաները: Տպավորիչ էր ավիավթար պատկերող տարածքը: Ներկայության տպավորություն ստեղծելու համար բոցավառվեց ինքնաթիռի մի հատվածը: Կիսվել-բացվել էր հսկա ինքնաթիռը, անիվները դուրս էին ցցվել: Ինքնաթիռը շարունակում էր այրվել: Ծուխը փչում են մեր դեմքին, որ մասնակից դառնանք աղետալի տեսարանին:

Ավտոբուսը կանգ առավ մեքսիկական գյուղում: Սկսեց հորդ անձրեւ տեղալ: Գետակը լցվեց փոթորկուն ջրերով: Սկսվեց ջրհեղեղը: Ավտոբուսն արագ դուրս եկավ վտանգավոր գոտուց:

Լճակի ափին տները խաղաղ կյանքի առհավատչյան են: Սակայն դա կարծեցյալ հանգիստ էր: Սկսվեցին որոտալ պայթյուններն ու հրդեհը: Ավտոբուսը կանգ առավ մեկ այլ տեղում: Տան դուռը բացվեց, հայտնվեց տղամարդը, բացեց ավտոմեքենայի հետեւի պահոցը, ետ տուն մտավ, հայտնվեց կնոջ դին ձեռքերում, խոթեց պահոցը, փակեց դուռը, նկատեց իրեն հետեւող զբոսաշրջիկներին, հանեց մեծ դաշյունը եւ սպառնալից քայլեց դեպի մեզ: Ավտոբուսը սարսափահար ուղեւորներով պոկվեց տեղից: Սրանք պահեր էին հայտնի ֆիլմերից:

Ավտոբուսը հայտնվեց հսկա թունելում: Հայտնի ֆիլմի կադրեր են ցուցադրում: Դրանք եռաչափ տեսարաններ են, ու ուղեւորն իրեն մասնակից է զգում ցուցադրվող դրվագին: Ավտոբուսը հայտնվեց մեկ այլ խորշում, ու ականատես եղանք դինոզավրերի կատաղի կռիվներին: Դինոզավրը երախը բաց սլանում է դեպի մեզ, ուր որ է կխժռի մեզ, վերջին պահին վեր է սահում… Կինգ Կոնգը մենամարտի է բռնվում դինոզավրերի հետ:

Մի տեղ հայտնվեց դեկորացիային հետեւի մասում հենած փայտամածը, ու լուսանկարեցի այն:

Ֆիլմերի համար օգտագործված դեկորացիաները ոչ միայն դեն չեն նետել, այլեւ 1915 թ. սկսած` օգտագործել են զբոսաշրջիկներին ցուցադրելու եւ կրկին աշխատեցնելու, գումար վաստակելու համար:

Տարածքում երեք մետրանոց ռոբոտներ աշխուժորեն առնչվում են երեխաների հետ: Էդուարդն առաջարկեց Եգիպտական մումիաների բաժին մտնել՝ հրաժարվեցի: Մեկ այլ տեղ փարիզյան փողոց էր, որտեղից հնչում էր ֆրանսիական երաժշտություն, ավելի շուտ՝ երգում էր Էդիթ Պիաֆը:

Ինձ համար առավել տպավորիչ էին միջնադարյան եվրոպական քաղաքային պատկերները՝ սուր տանիքներով, ծխնելույզներով, սրագագաթ վեղարներով տաճարներ: Այն ինձ հարազատ է, քանի որ ես մեկ տարի աշխատելով գերմանական Լայպցիգ քաղաքում, սիրում էի լուսանկարել ուշ միջնադարյան Սաքսոնիայի տանիքները: Վերջերս ես գերմանական կազմակերպություններին առաջարկեցի 50 տարվա վաղեմության որսած պահերի ցուցադրություն կազմակերպել: Ոչ մի պատկերասրահ կամ կազմակերպություն չհետաքրքրվեց առաջարկով: Ես հազարավոր լուսանկարներ ունեմ: Դրանք պահեր են մեր անցյալի կյանքից: Թողնեմ արխիվների՞ն:

Քանի որ նախապես վճարված էր, Էդուարդն առաջարկում էր այլ շոուների մասնակցել, իսկ ես համառորեն հրաժարվում էի: Վերջապես, մի տեղ մտնելու համար հերթի կանգնեցինք, որը օձի պես գալարվելով դանդաղ առաջ էր գնում: Մեկ ժամ հետո հերթից դուրս եկանք:

Ետ ճանապարհին Էդուարդն առաջարկեց ամերիկյան բուրգեր համտեսել «IN-N-OUT» բիստրոյում: Մայրուղիներում ընթացող վարորդները բջջային կապով պատվիրում են, տասնհինգ րոպե հետո հասնելով այս վայրը, առանց մեքենայից դուրս գալու ստանում են իրենց պատվիրած բուրգերը: Մենք տեղում պատվիրեցինք եւ 15 րոպե հետո ստացանք եւ ճաշակեցինք սնունդը: Իրոք համեղ էր, ու ինձ համար ավելի հասկանալի դարձավ, թե ինչու են ամերիկացի տղամարդիկ, մանավանդ կանայք, արագ գիրանում, ու դրա դեմ անհնար էր պայքարել, որվհետեւ այդ սննդատեսակը բավականին համեղ էր, հեշտ մատուցվող ու գայթակղիչ:

Ինքս որոշեցի այլեւս նման սնունդ չընդունել:

Որոշումը որոշում է առանց պայմանագրի: Ահա իմ վաղեմի ընկերոջ՝ վաղամեռիկ գրականագետ Սեւակ Արզումանյանի կինը՝ Մարոն եւ որդին՝ Սոկրատը, հրավիրեցին ճապոնական ռեստորան, որը Արցախ փողոցի վրա էր: Դստերս՝ Սոնայի հետ գնացի: Սոկրատը ավելի առատաձեռն էր, քան դրա կարիքը կար: Սեղանին անընդհատ ծովային ճաշատեսակներ էին բերում: Սոկրատը իմ դժգոհությունը լուրջ չէր ընդունում, մտածելով, թե ձեւեր եմ թափում: Ես ուղղակի սովոր չեմ ծովային սննդամթերքին:

Տուն հասա, ու Սոնան առաջարկեց Բեւեռլի Հիլս գնալ:

-Ուշ չի՞…

-Ընդհակառակը, հեքիաթը Բեւեռլի Հիլսում գիշերն է սկսվում:

Ճանապարհին նկարեցի մայրամուտը, որը նման էր Մարգուշավանի տափաստանային մայրամուտին: Կարոտեցի մանկությանս վայրերը… Հիշում եմ, արցախցին ասում էր. «Օրեն մեշկը կոտրեց…»:

Բեւեռլի Հիլսն ասես հատուկ տոնական տեսք էր ստացել:

-Տոն օ՞ր է Բեւեռլիում:

-Չէ, միշտ այսպես է այստեղ,-պատասխանեց դուստրս:

Ծառերն ասես տոնական զգեստ են հագել, քանի որ բազմաթիվ լամպերով, զարդարանքներով են պճնվել: Ասես երեկոյան քաղաքը նոր է արթնանում, ու մի նոր կյանք է սկսվում: Ամենուր աշխուժություն է: Երկու տղաներ, որոնցից մեկի գլխին հրեական թասակ էր, շուրթերով իրար են կպել: Չէի պատկերացնում, որ տղաներն էլ են այստեղ սիրահարների նման շուրթերով իրար կպչել… Քիչ այն կողմ պսպղուն հրեշտակն էր ծավալել թեւերը:

Մենք դժվարությամբ գտանք մեքենան: Ետ ճանապարհին մի տան մուտքին գեյ-ական դրոշներ էին ծածանվում: Մայթեզրին կիսամերկ մի տղա, երեւի 20 տարեկան, կուլտուրիստի իր համաչափ աճեցրած մկանները խաղացնելով, ուշադրությամբ հետեւում էր անցնող մեքենաներին: Նրա մոտ սպասում ու հիասթափություն էր նկատվում:

-Հոմոսեքսուալիստ է, սպասում է, որ որեւէ մեկը իրեն մեքենայի մեջ կհրավիրի ու կտանի…

Ետ ճանապարհին Սոնան շփոթեց ճանապարհը, ու հայտվեցինք Լոս Անջելեսի Դաուն Թաում կենտրոնական թաղամասում: Դուրս գալու համար դեպի աջ Լիթլ Արմենիան է, ձախ՝ Նորդ Հոլիվուդը: Թեքվեցինք աջ, եւ դա ճիշտ էր: Անցնում էինք գերեզմանոցի կողքով: Իրար նման սպիտակ խաչեր են շարված: Սկզբում ինձ թվաց, թե ինչ-որ ինձ անհայտ բուսատեսակ են աճեցնում այդտեղ: Սակայն այս գերեզմանոցը հուշում է, որ միեւնույն է, ի վերջո մարդիկ հավասարվում են, որ ունեցվածքը, դիրքը պատրանք են այս կյանքում:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՄՆ, Լոս Անջելես, Հոլիվուդ, Բեւեռլի, Գլենդել

«Առավոտ» օրաթերթ
13.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031