
Առաջին հայացքից սե՞ր թե՞ սիրահարվածություն: Այս հարցի շուրջ կարծիքները տարբեր են: Ոմանք խիստ կասկածներ ունեն նաև սիրո գոյության հարցում, ինչպես օրինակ Սուրենը, ով իմ հարցին պատասխանեց այսպես` «Ախր սեր պիտի լինի, որ մի հատ էլ առաջին հայացքից լինի»: Իսկ 19 – ամյա Նինան ասում է, որ իր ընկերն իրեն սիրել է հենց առաջին հայացքից: «Դասի ժամանակ մեր լսարանի դուռը բացել է ու պատահաբար ինձ տեսնելու առաջին իսկ վայրկյանից սիրել», – պատմում է նա, ու հիշում այդ օրը երբ նրան չէր էլ նկատել:
Գիտնականներն ապացուցել են, որ սեր առաջին հայացքից չի լինում, սիրո համար շատ կարեւոր է իմանալ դիմացինի սովորությունները, նախասիրությունները և բնավորությունը: Այն, ինչ հաճախ անվանվում է սեր առաջին հայացքից ոչ այլ ինչ է, քան ֆիզիոլոգիական բնազդ:
Ըստ հոգեբան Մարիամ Մեհրաբյանի՝ առաջին հայացքից սեր չի կարող լինել. «Դա փոքր ինչ հում վիճակ է, – ասում է նա,- Այն բնորոշ է դեռահասներին, քանի որ այդ տարիքում անձը դեռ չունի կեսնափորձ»: Հոգեբանի խոսքով՝ դա լինում է այն տարիքում, երբ անձը սկսում է ճանաչել հակառակ սեռին: Հասուն տարիքում նման դեպքեր գրեթե չեն լինում: «Առաջին հայացքից կարող է հրապուրանք կամ համակրանք լինել, երբ օրինակ՝ նայում ես մի աղջկա ու չես էլ հասկանում ինչպես է նա սկսում քեզ դուր գալ: Քեզ թվում է՝ թե վերջ, սիրում ես նրան,այնինչ դա դեռևս սեր չէ: Այն իր հետ բերում է անհանգստություն, տագնապ, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի զգացում է, որը հնարավոր է հետագայում հանգեցնի նաև հիասթափության», – ասում է հոգեբանն ու մեջբերում Սևակյան հայտնի տողերը. «Առաջին սերը ինչ էլ որ անես միշտ կուտ է գնում»:
Տիգրանուհի Թասլակյան


















































