
21-ամյա պատմաբան Հայկ Կարապետյանը կարծում է, որ սա լավ խաղադրույք էր Ֆրանսիայի նախագահի համար. «Առաջիկայում նախագահական ընտրություններ են եւ ամբողջ հայ համայնքը միանշանակ իր ձայնը կտա Սարկոզիին: Իհարկե ուրախ եմ ծրագիրը վերջնականապես հաստատվելու համար, բայց մեծ տուրք տալ եւ առավել եւս հետագայում հույս դնել Ֆրանսիայի վրա, պետք չէ»:
Երիտասարդների կողմից ակտիվությունը նկատվում էր դեռ կեսգիշերից: Համացանցը ողողված էր կարծիքներով եւ շնորհավորական խոսքերով: Այստեղ ամեն բան կարծես թե իրար էր խառնվել. «Ես հասկանւոմ եմ, թե որքան կարևոր է այդ օրինագծի ընդունումը մեզ համար, ես ինքս էլ ուրախ ու շնորհակալ եմ, բայց նաև հասկանում եմ, որ այդ ամենը իրենք բարոյական արժեքներից ելնելով չեն արել, շնորհակալություն պետք է հայտնել, բայց ոչ այս աստիճան՝ երկրպագելու չափ, ցույցեր, կոչեր, նկարներ: Պետք է մենք մի փոքր էլ ազգային արժանապատվություն ունենանք, հպարտություն»,- ֆեյսբուքյան գրառումներից մեկում այսպես է արտահայտվել 20-ամյա Անուշ Եղիազարյանը:
26-ամյա թուրքագետ Իսկուհի Մինասյանը գտնում է, որ Թուրքիան ինչ որ առումով անակնկալի եկավ. «Իհարկե կարելի է ասել, որ սա խոսքի ազատության խախտում է, բայց դրա հետ մեկտեղ, մի՞թե հանցանք չէ նման հրեշավոր արարքը չդատապարտելը: Սա տեսակետներից մեկն է, բայց կա արդյոք այլ մոտեցում: Երբեք հասարակության լայն զանգվածները չեն իմանա իրական ու խոր նպատակները»,-ասում է նա:
Քրիստինա Միրզոյան

















































