Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. Դավաճանություն կլինի Սուրբ Սարգսին դուրս մղելը

Փետրվար 03,2012 17:22

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսեց Սուրբ  Սարգսի տոնից: Ներկայացնելով տոնի պատմությունը ՝ ազգագրագետը նշեց, որ  Սուրբ Սարգիսը հայ առաքելական եկեղեցու սիրելի, բայց միաժամանակ՝ բարդ կերպարներից է: Բանն այն է , որ ընդհանուր քրիստոնեական աշխարհում ընդունված չէ տոնին նախորդող պահքը, որը միայն Առաքելական եկեղեցում է ընդունված: Այս պատճառով Առաքելական եկեղեցուն դարեր շարունակ մեղադրել են ընդհանուր եկեղեցուց դուրս սուրբ ունենալու մեջ, մինչդեռ հայ մատենագիրները բազմաթիվ տեղեկություններ են տվել կեսարացի զինվոր Սարգսի մասին, որը Պարսկաստանում զոհվեց հանուն քրիստոնեության.  «Սրան զուգահեռ ձեւավորվել է նաեւ Սուրբ Սարգսի ժողովրդական կերպարը, որի բնորոշումները կապված են թե Հայաստանի եւ թե ժողովրդի անձնական հարաբերությունների հետ»:

Ազգագրագետը ներկայացրեց մի ավանդազրույց՝ կապված Առաջնորդաց պահքը պահելու դեմ ընդվզումների հետ: «Մի քաղկեդոնացի հրաժարվում է պահք պահել, եւ թագավորը հրամայում է փակել նրան նկուղում, որպեսզի ոչինչ չուտի: Օրեր հետո, բացելով նկուղը, թագավորն ասում է՝  «տեսա՞ր, որ պահք պահեցիր» մինչդեռ քաղկեդոնացին պատասխաում է «աչքիդ է երեւում, հապա մի տրեխներիս նայիր»:

Հ. Խառատյանը նշեց, որ Սուրբ Սարգսի կերպարը կապված է նաեւ տիեզերական երևույթների հետ՝ քամի, ամպրոպ է խորհրդանշում:  Զորավարին է վերագրված նաեւ սիրահարներին օգնելու եւ օժանդակելու կարողությունը. ՙԺողովրդական ընկալումներում նա միակն էր, որ երիտասարդների իղձերն էր կատարում՝ հանդիսանալով սիրո բարեխոս՚:

Անդրադառնալով Սուրբ Վալենտինին՝ Հ. Խառատյանը պարզաբանեց, որ վերջինս սիրված կերպար է ընդհանուր քրիստոնեական տոների մեջ, որը ժամանակի ընթացքում դուրս է մղել Սուրբ Սարգսի հեղինակությունը՝ շնորհիվ ժամանակակից ընկալման եւ ծիսակարգերի. «Սուրբ  Սարգսի կերպարը, մոռացված լինելով, կարծես չի դիմանում մրցակցությանը, բայց եթե 1500 տարի պայքարելով նրա կերպարը մեր ժողովուրդը հասցրել է մեզ, ուրեմն մեր կողմից դավաճանություն կլինի նրան դուրս մղելը՚:

Խոսելով աղի բլիթ ուտելու ավանդությունից՝ ազգագրագետը նշեց, որ դրանք պատրաստողները տարբեր ժամանակներում եղել են թե այրիներ, թե ամուսնացած կանայք, եւ թե կույսեր. ՙԱյդ բազմազանությունը շարունակական է, եւ յուրաքանչյուրն ունի պատրաստողների հադեպ սեփական ընկալումները՚:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829